ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ
թատերական քննադատ
Աննախադէպ էր թրքական թատերախմբի այցելութիւնը Հայաստան։ Աշխարհը գիտէ հայի մէկ դարեայ չսպիացող վէրքի, անասելի վշտի մասին ու, այնուհանդերձ, նախաձեռնւում է երկխօսութիւն՝ մշակութային։ «Աջակցութիւն Հայաստան-Թուրքիա կարգաւորման Գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Նիլիւֆերի քաղաքապետարանի թատերախումբը ժամանում է Հայաստան եւ մեր հանրապետութեան Կիւմրի, Երեւան քաղաքներում թուրքերէն լեզուով, հայերէն ենթագրերով խաղում Յակոբ Պարոնեանի «Ատամնաբոյժն Արեւելեան» ներկայացումը։
Լսելով այս մասին մեզ համար բազում հարցեր ծնուեցին, որոնց պատասխանը ստանալու համար դիմեցինք պոլսահայ լրագրող, թատրոնի եւ կինոյի գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսին։ Նա սիրալիր բացատրեց, որ Յակոբ Պարոնեանի այս պիէսը Թուրքիայում առաջին անգամ բեմ է բարձրացել 2011 թուականին։ Զրոյցի ընթացքում նա նշեց, որ թուրքերը ընդունում են, որ թրքական թատրոնը արեւմտեան իմաստով հիմնուած է հայերի ջանքերով։ Թրքական կոնսերվատորիայի եւ թատրոնի դասագրքերում դա գրուած է որպէս անուրանալի ճշմարտութիւն։ Րաֆֆի Արաքսի հետ զրոյցից մենք իմացանք, որ այս ներկայացումը խաղացանկային է Պուրսայի արուարձան Նիլիւֆերի քաղաքապետարանի թատրոնում։ Նա նշեց նաեւ, որ մինչ այդ Տրապիզոնում պարոնեանական ստեղծագործութեան բեմեր եւս եղել է։ Ինչպէս ասաց պոլսահայ լրագրողը այս պիէսի բեմադրութիւնը իւրայատուկ յարգանքի տուրք էր այդ տարիների հայ թատերական անուանի գործիչներին։
Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնի դահլիճը լի է։ Մտավախութիւն կայ, ինչ որ կասկած։ Կը կարողանան արդեօ՞ք թուրք բեմադրիչն ու դերասանները հայ հանդիսատեսին համոզիչ ներկայանալ սիրուած հեղինակի ստեղծագործութեամբ, ի՞նչ կերպ կը կոտրուի ազգային ու լեզուական պատնէշը։ Սպասումը շարունակւում է։ Եւ ահա մեկնարկ։ Բեմ եկողը Վարողն է՝ Չաղտաշ Թեքին, ով արտիստիկ կեցուածքով բարեւում է հայերէն, ապա թուրքերէնով համառօտ ներկայացնում է «Արեւելեան թատրոնի» գործունէութիւնը, նրա անիւներով շրջագայելու ժամանակահատուածը (այդ պահին մեր ուշադրութիւնը բեւեռւում է բեմի կեդրոնում առկայ անիւներով, ձեւաւոր կառքի վրայ, որը գրութեամբ է՝ Արեւելեան թատրոն, բեմանկարիչ՝ Ճեմ Եըլմազէր)։ Շարունակելով իր մեկնարկի խօսքը վարողը թրքական թատրոնի ձեւաւորման գործում անմոռանալի ներդրումի համար յատուկ շնորհակալութիւն է յայտնում հայ անուանի դերասաններ Մ. Մնակեանին, Վ. Փափազեանին եւ այլոց։ Այնուհետեւ բեմ են գալիս միւս դերակատարները եւ երգում կռիւների վերջանալու, բարեկամութեան հաստատման, երկրագունդը սիրով լցնելու մասին։ Եւ ահա առաջին քայլն արուած է։ Հայ հանդիսատեսը պատրաստ է դիտել իրեն քաջատեղեակ պիէսի թրքական բեմադրութիւնը։
Այս երգիծանքի հիմքում Յ. Պարոնեանի անուանի պիէսն է, որը ծիծաղի միջոցով անողոքաբար ծաղրի է ենթարկում ժամանակի վարքն ու բարքը, յարաբերութիւնները, շահամոլութիւնը, մարդկային դիմագծի կորուստը։ Սակայն նշենք, որ ներկայացման մէջ ներմուծուած են էպիզոդիկ կերպարներ, երգեր, արտայայտութիւններ՝ թատրոնի քուլիսային կեանքը ներկայացնող, պարային համարներ։ Նշենք, որ այս ներմուծումները միայն ու միայն գունեղացնում են ներկայացումը եւ չեն խաթարում պարոնեանական պատկերացումները։
Աւելին՝ շատ սիրուած հեղինակի նոյն ստեղծագործութիւնը բազմիցս հայ բեմերում տեսած հանդիսատեսը մեծ հետաքրքրութեամբ է ներգրաւում թրքերէն մեկնաբանուող իրադարձութիւնների մէջ եւ համակւում անզուսպ ծիծաղով։
Այս երաժշտական քոմեդիայի բեմադրական մտածողութիւնը, որքանով որ ակնյայտ էր, բխում էր մեծն գերմանացու տեսութիւնից։ Դերասանները աշխատում էին օտարման էֆեկտով, ազատ «դուրս գալիս» կերպարից եւ ներկայանում իրենց մասնագիտական մտահոգութիւններով, խնդիրներով, քուլիսում աշխատող կազմի հետ բանակցութիւններ վարում, տեսարան ուշացնում, մի խօսքով, ամէն ինչ վերածում հանդիսութեան։ Նշենք, որ ինչ-ինչ դէպքերում դերասանները դիմել են իմպրովիզի, որը, ցաւօք, լեզուական խնդրից ելնելով հնարաւոր չէ եղել ուշադրութեան առնել։ Ներկայացման ընթացքում ի յայտ են գալիս գրութիւններ ինչպէս եւ Պրեխթեան թատրոնում է՝ գրուում է «հիւանդների Ընդունարան», «Տղամարդ Փարիզից», «Սրտի Պատկեր ու Սէր» բառը։
Առանձնայատուկ ցանկանում ենք անդրադառնալ ներկայացման առանցքային լուծումներից մէկին՝ զգեստներին (հագուստի ձեւաւորումը՝ Թոմրիս Քուզու)։ Տեսնել է պէտք, թէ դրանք որքան կերպարային են, իմաստաւորուած, գրոտեսկային։ Մարտան (Պետիա Էներ) ներկայանում է սխտորի հանդերձանքով՝ գլխին մեծ սպիտակ սխտորակերպ կեղծամ է, ինքն էլ կրում է սպիտակ-կանաչաւուն զգեստ, դէմքին սպիտակ գրիմ։ Ընկալւում է բեմադրիչի եւ հագուստը ձեւաւորողի ընդհանուր մտայղացումը՝ այս տարիքն առած կինը սխտորի պէս կծու է, վանող, անցանկալի։ Նրա դուստր Երանեակը (Տէնիզ Կիւրսուճու) ասես լուսնի լոյսի տակ ծաղկող իմպոմիյա է։ Եւ այս հանդերձանքը, վարսայարդարումը պատահական չէ։ Մի՞թէ Երանեակը ծածուկ եւ լուսնային գիշերներին չէ հանդիպում իր սիրելի, ֆրանսիական արդ ու զարդով Լեւոնին (Մերթ Թիրեաքի) եւ բացւում նրա գրկում։ Իմաստաւորուած հանդերձանքով, կերպարանքով են ներկայանում նաեւ կանացի միւս կերպարները՝ թրքական մեխակ, պնդուկ կամ այլ ծաղիկ։
Պակաս նշանակալի չեն տղամարդկանց հանդերձ-յարդարումները՝ կրկին իմաստաւորուած, կրկին ասելիք փոխանցող։
Ահա դիմաւորէք Թափառնիգոսին (Էնկին Ալքան՝ գլխաւոր դերակատար եւ ռեժիսոր) սիրամարգի փետուրներով զարդարուած, պերճաշուք եւ վեհապանծ պարոնին։ Տեսնել է պէտք, թէ նա ինչպիսի հանդիսաւոր քայլքով է, ձեռքերի ինչպիսի ընդգծուն շարժումներով։
Կերպարներից Վարողը (Չ. Թեքին) թատերական արուեստի հովանաւորի՝ Դիոնիսոսի խորհրդանիշ վագրի հանդերձով եւ յարդարանքով է։ Դերասանը հմտօրէն կերպաւորում է այս կենդանուն՝ էներգիայով լի, ճկուն, պլաստիկ, աշխոյժ, մտորող։
Մեր հիացումին է արժանացել նաեւ Զեբպրի հանդերձանքով Մարգոսը (Եիւճէ Արմաղան Էրքեք)։ Ներկայացնելով աղքատ գործաւորի՝ դերասանը այս կենդանուն բնորոշ զգուշաւորութեամբ է, բայց եւ ընդվզող։ Կեանքը փոխելու եւ նոր պայմաններում հեշտօրէն յարմարուելու խորհուրդով է նա եկել։
Եթէ Թովմասը (Մեսութ Էօզսոյ) կոտոշաւոր է, երկար եղջիւրներով եւ անճոռնի քթով, ապա ծառայ Նիգոն (Կէօքհան Քում) ծաղրածուի ակնարկ պարունակող հանդերձանքով է։
Կերպարային է նաեւ բոլոր դերակատարների սպիտակ գրիմը (դիմայարդարումը՝ Էնկին Ալքան), որը գալիս էր ամբողջացնելու կերպարների ընդհանուր նկարագիրը։
Ռեժիսորը մեծ հմտութեամբ է միզանսցեն կառուցում։ Ստեղծում անսահման հումորով լի իրավիճակներ։ Թափառնիգոսի եւ հիւանդի հանդիպման տեսարանում հիւանդների ընդունարանի կահաւորումը ներս են բերում ծառան եւ սպասարկող կազմը՝ մէկի վզից պահարան է կախ, միւսի ձեռքին թաս է, մէկի էլ՝ գործիքներ եւ այլն։ Այդ միջավայրում ատամի ցաւից գետնին է գալարւում աղքատ հիւանդը, ով աղէկտուր հայցում է վերջինիս միջամտութիւնը։ Սակայն այդ աղերսանքին անհաղորդ Թափառնիգոսը Նիգոին յանձնարարում է իր առաւօտեան սուրճը բերել։ Բայց արի ու տես, որ մի պահ լսելով հիւանդի վաճառական լինելու մասին այս պարոնը իսկոյն եւեթ փոխում է իր վերաբերմունքը եւ յարգալից առաջարկում սկսել ատամի հեռացումը։ Այստեղից ծայր է առնում կատակերգական իրավիճակների շղթան։ Հանդիսատեսը մէկ տեսնում է հիւանդին՝ պարանով կապկպուած եւ Թափառնիգոսին՝ սուրճ խմելիս, մէկ՝ մէջքի վրայ պառկած հիւանդի, որի փորին ատամնաբոյժի ոտքն է, մէկ էլ Նիգոյին՝ ատրճանակը հիւանդի քունքին՝ որպէս ցաւազրկող միջոց պահած։
Հայ հանդիսատեսին ներկայացման մէջ առաւել ներգրաւող տեսարան է մերժումով, վշտով լի տեսարանը, որտեղ Մարգարը միայնակ նստած սգում է Երանեակի անպատասխան սէրը։ Խաւարով լի բեմում լուսաշրջանը Մարգարին իր մէջ է առել, իսկ նա սիրատոչոր հայերէն երգ է երգում՝ անգութ յարի կողմից կոտրուած թեւերի, պանդխտութեան մասին։
Մէկ այլ՝ դիմակահանդէսի տեսարանում իրենց ազգային պարով (քարէոկրաֆիա՝ Տիճլէ Տողան) ներկայացող կերպարները անցում են կատարում հայկական քոչարի յիշեցնող շարժումների եւ բեմից պարելով կտրուկ իջնում հանդիսասրահ՝ պարը շարունակում արդէն մեզ մօտ։
Հարկ ենք համարում նաեւ անդրադառնալ Մարթայի երիտասարդ տեսքի փառաբանման տեսարանին, որտեղ ներկայ կանայք նրան համեմատում են «չանախ պանրի», «մատնաքաշ հացի» եւ «Հոկտեմբերեանի խնձորի» հետ։ Ներկայացման ընթացքում կիրառւում են «ախ ու վախ», «ճան» արտայայտութիւնները, որոնք կրկին մեր բառապաշարին է բնորոշ։
Այս ամէնը ասես միտուած է հայ հանդիսատեսի հոգուն աւելի մերձենալուն, նրան յարգանք ու սէր փոխանցելուն։
Ներկայացման աւարտին ռեժիսոր Էնկին Ալքան զրուցեց մեզ հետ։ Դրանք հոգուց բխած խօսքեր էին, որոնք թարգմանչի միջոցով ընկալում էինք մենք։ Նա ասում էր, որ մեր երկիր են եկել, քանի որ դա իրենց երազանքն է եղել, քաղաքականութիւնից դուրս են եկել, յանուն խաղաղութեան եւ յանուն ազատ ապագայի են եկել։ «Մեր ձեռքն ենք պարզել եւ խնդրում ենք, որ դուք էլ ձեր ձեռքը պարզէք եւ միասին օրինակ ծառայենք քաղաքականութեամբ զբաղուողներին»,-դիմեց թուրք ռեժիսորը։ Իր այս խօսքում նա ասաց, որ ի դէմս իրեն հայ հանդիսատեսը տեսնում է թատերական աշխատողի, կարեւոր չէ թէ ինչ է նրա անունը՝ Հրանդ թէ Ալի։ Միեւնոյնն է, չէ՞ որ նոյն սնունդն են ուտում եւ նոյն զէնքից վիրաւորւում։ Շարունակելով Է. Ալքանը խօսեց այն մասին, թէ որքան տառապանքների միջով են անցել իրենք անցեալում, գաղթ ու սուր տեսել։
Պարոնեանական կոլորիտով, ինքնատիպ մտածողութեամբ, ընդգծուած ճաշակով եւ հումորի զգացումով է առանձնանում այս ներկայացումը։ Ծանօթանալով ռեժիսորի մասնագիտական գործունէութեանը, մենք տեսնում ենք, որ նա աշխատել է տարբեր ժանրերում, իսկ այս ներկայացման համար էլ «տարուայ լաւագոյն ռեժիսոր» անուանակարգերում արժանացել բազմաթիւ մրցանակների։
Ներկայացում, որտեղ գունեղ վրձինահարուածներով «պատկերւում» է ծիծաղը։ Ծիծաղ, որը ներկայանում է իր բոլոր՝ տասնչորս երանգներով։ Ծիծաղ, որը սթափեցնող է, ծիծաղ, որը «մթութեան դէմ զէնք է», ծիծաղ, որը «լաւ օրերի ու արդարութեան յոյս է»։
Այս թատերախմբի ներկայութիւնը Հայաստանում աննախադէպ էր եւ մշակութային երկխօսութեան առումով նշանակալի։ Արուեստներից այս ամենահանրայինի ու անմիջականի միջոցով շփուեցին երկու ազգերի ներկայացուցիչներ։ Մի պահ ասես կանգ առաւ ժամանակը, վերացաւ տարածութիւնը։ Մի պահ տիրեց ծիծաղը։ Մի պահ ամէն ինչ այնքա՜ն ուրիշ դարձաւ։ Բայց ցաւօք, մի պահ…