Փառատօնը հինգ օր տեւաց՝ Ապրիլի 29 -Մայիսի 3։ Արդէն 15 տարի է, ինչ Երեւանում մոնօներկայացումների փառատօն է անցկացւում եւ արտասահմանեան ներկայացումներին միանում են տեղական ուժերի յայտերը, իսկ հանդիսատեսը ջանում է դիտել ողջ ծրագիրը… Այս տարուայ 28 ներկայացումներից առնուազն 6-ը այնպիսի վիթխարի ազդեցութիւն թողեցին, որ ուզում ես պարզապէս խոնարհուել կազմակերպիչների առջեւ, սկսած Հայաստանի Թատերական Գործիչների Միութիւնից…։
Մոնօներկայացումը դա մի դերասանի թատրոն է եւ ամէն դերասան ի վիճակի չէ ինքնուրոյն ստեղծել թատրոն, այսինքն միայնակ տալ այն, ինչ տալիս է լիակատար թատերական ներկայացումը։ Բայց գայթակղութիւնը շատ- շատերին է ստիպում հանդգնել գնալ այդ քայլին, ուստի ծրագրում ներգրաւուած են լինում նաեւ դերասանամոլները։ Ի՞նչ է դա նշանակում։ Դերասանները լինում են երկու տեսակի։ Տուողներ եւ վերցնողներ։ Երկրորդ տեսակը ոչինչ չտալով քեզ՝ խլում է քո ժամանակը, քանզի ստիպում է քեզ հետեւել իր դերասանութեանը։ Բուն նիւթը արդէն կորցնում է կարեւորութիւնը եւ կարեւոր Է դառնում է պարզապէս իր յայտնուելը բեմի վրայ։ Դա ներելի եւ ողջունելի է սիրողական բեմի համար, սակայն պրոֆէօսիոնալ բեմը դերասանութիւն անելու համար չէ։ Հանդիսատեսը պիտի մի բան տանի իր հետ այստեղից։ Այս անգամ յաջողուեց աշխարհներ շալկել ու տանել…
Անցեալում մեզ յայտնի էր սովետական թատրոնը, որտեղ սերնդափոխութիւն կար։ Դերասանը կամաց-կամաց էր աճում, սկսած անխօս դերերից եւ եթէ մենք տեսնում էինք թատրոնում մեծ անհատականութիւններ, ապա նրանք մեծ էին, որովհետեւ նրանցից առաջ նոյնպէս մեծեր էին խաղում։ Սա էր թատրոնի օրինաչափութիւնը։ Դարը փոխուեց եւ այսօր ոչ թէ թատրոնն է ստեղծում մեծերին, այլ հզօր անհատականութիւնը կարող է բեմական յայտ ներկայացնել եւ հանդգնել բեմ դուրս գալ միայնակ։
Եթէ փորձենք բնութագրել «Արմմոնօ» -2017-ի ընդհանուր միտումը, ապա փառատօնում ձեւաւորուեց մի գաղափար, որն էր «Ինչպէս տեղաւորել մարդկանց տարբերութիւնները միասնական մարդկային ընտանիքի մէջ»։ Ինչո՞ւ են մարդիկ ընդունում միայն իրենց նմաններին։ Նարինէ Գրիգորեանը ինքը գրեց (Սառա Նալբանդեանի հետ մէկտեղ), բեմադրեց եւ խաղաց իր մանկութեան պատմութիւնը «Իմ Ընտանիքը Իմ Ճամպրուկում» ներկայացման մէջ։ Դեռահաս աղջնակը Ղարաբաղից տեղափոխւում է Հրազդան եւ ընդունւում է տեղւոյն դպրոց։ Չգիտեմ, թէ ինչպէս դա կյաջողուէր խաղալ մէկ ուրիշ դերասանուհուն, բայց այն, ինչ անում է բեմում Նարինէն, ի զօրու է միայն նրան, որովհետեւ նա անսովոր եւ միայն իրեն յատուկ ձեւով է խաղացնում իրողութիւնը, որի արդիւնքում ծանրը թեթեւ է դառնում եւ ողբերգութիւնը դիտւում է զաւեշտի լոյսի ներքոյ։
Բոլորովին անսպասելի էր Մոլդովայից Ալեքսեյ Շտիրբուլի մենախաղը, բեմադրուած Իուրի Խարմելինի կողմից ըստ Դանիէլ Կիզի «Ծաղիկներ Էլջերնոնի Համար» վէպի։ Սկզբից Կիզը գրեց պատմուածք, այնուհետեւ վէպ։ Երիտասարդ Շտիրբուլը Կիշինեւի «Թատրոն Վարդերի Փողոցից» դերասան է։ Բաւ է մի անգամ դիտել Շտիրբուլի խաղը եւ կը հասկանաս, թէ ինչու են նրան ամենուր հրաւիրում այդ խաղով, որովհետեւ ցնցւում ես, ուղղակի քարանում։ Ինքը դերասանը գիրքը կարդալուց յետոյ 3 օր չկարողացաւ ոչ ոքու հետ խօսել։ Ի հարկէ իմ առաջին քայլն էր՝ բացել վէպը եւ ընթերցել։ Ի՞նչ կը լինի, երբ յայտնութեանը գաք։ Գրական աղբիւրը մոռացնել տուեց ինձ մինչ այդ ապրած կեանքիս բոլո՚ր զգացմունքները։ Պարզւում է, որ այդ գիրքը մտնում է ամերիկեան դպրոցների պարտադիր ընթերցման ծրագրի մէջ։ Ե՛ւ պատմուածքի, ե՛ւ վէպի համար Դանիէլ Կիզին (1927-2014) մրցանակ շնորհեցին, այնուհետեւ այդ գիտաֆանթաստիկ վէպի հիման վրայ ֆիլմեր ու ներկայացումներ ստեղծեցին։ Հերոսը տկարամիտ Չարլի Հարդոնն է, որն ուզում է խելացի դառնալ եւ նրան վիրահատութեան միջոցով դարձնում են խելացի, դեռ աւելին՝ նա դառնում է հանճար, մի քանի ամսում 20 լեզուներ է սովորում, անսահման գիտելիքներ ձեռք բերում, ստեղծագործում… Նա սկսում է հասկանալ, թէ որքա՛ն յիմար էր, այնքան յիմար, որ չէր հասկանում իր յիմար լինելը։ Իսկ մարդիկ յիմարի կողքին իրենց խելացի էին զգում եւ զուարճանում նրա յիմարութեամբ։ Սակայն հանճարի կողքին սկսում էին յիմարանալ եւ հանճարը նոյնպէս միայնակ էր դառնում։ Չարլին այցելում է թերամիտների հիւանդանոցը, որովհետեւ… վիրահատութիւնը նրան դարձրեց հանճար միայն ժամանակաւոր եւ շուտով նա կրկին կը կորցնի խելքը եւ կը տեղափոխուի հիւանդանոց։ Վէպը հնարաւորութիւն է տալիս նայել աշխարհին տկարամիտի աչքերով, որոնց թիւը ԱՄՆ-ում 5 միլիոն է կազմում եւ հնչում է մի հանճարեղ միտք. «Աստուած քեզ այնքան քիչ տուեց, բայց դու շատ աւելին ես անում, քան ուղեղով մարդիկ, որոնք չգիտեն ոնց ուղեղն օգտագործեն»։
Շրջանցելով միւս ներկայացումները պիտի անդրադառնամ Ուքրանիայից ժամանած Լարիսա Կադիրովայի խաղին։ Նա խաղաց Մարիս Մատիոս «Լաց Մի՛ Եղէք Իմ Ետեւից Երբեք…» մենաներկայացումը, բեմադրած Սերկէյ Պավլիւկի կողմից։ Բեմի մէջտեղում… մի մեծ դագաղ է։ Տարեց կինը անցել է իր երկրային ճամբան եւ պիտի բարձրանայ երկինք։ Ասում է, եթէ կարողանայի, ինքս դագաղս կը տանէի։ Այս անսպասելի խաղի մէջ Լարիսա Կադիրովան ներդնում էր ոչ միայն իր անսահման տաղանդը, խօսքն ու երգը, այլ նաեւ իր անբիծ եւ իմաստուն աշխարհը, ողջ Ուքրանիան իր արտաքին եւ ներքին հնչեղութեամբ։ Նրա խաղը արդէն դուրս էր քամերային մոնօներկայացման չափսերից, այլ ցնցում էր իր էպիկական մասշտաբով։ Կադիրովան բազմաթիւ դերեր է խաղացել Լվովի եւ Կիեւի դրամատիկական թատրոններում, միջազգային «Մարիա» մոնօներկայացումների գեղարուեստական ղեկավարն է։ Երանի՜ նրանց, ովքեր տեսել են Լարիսա Կադիրովայի խաղերից գոնէ Ստեփան Ցուայգի «Անծանօթուհու Նամակը»։