Մայիսի 14-ին կայանալու են Երեւանի աւագանու 3-րդ ընտրութիւնները։ Յայտ են ներկայացրել երեք կուսակցութիւններ.
1. «Ելք» դաշինքը, որը միաւորում է «Լուսաւոր Հայաստան», «Հանրապետութիւն» եւ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնները։
2. «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը
3. «Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն»-ը
Քաղաքապետի թեկնածուները երեքն են. Նիկոլ Փաշինեանը, Զարուհի Փոստանճեանը եւ Տարօն Մարգարեանը, այսինքն 2011-ի Նոյեմբերի 15-ին ընտրուած ներկայիս քաղաքապետը։ Այդ երեք թեկնածուների միջեւ դժուար է ընտրութիւն կատարել, քանզի Նիկոլ Փաշինեանն ու Զարուհի Փոստանճեանը դեռեւս իրենց չեն դրսեւորել քաղաքը հոգալու գործում, իսկ գործող քաղաքապետը այնպէս է դրսեւորել, որ երեւանի բնակիչը ամէն վայրկեան եւ ամէն քայլափոխին սրտի կաթուած կարող է ստանալ եւ եթէ չի ստանում, ապա պատճառը վատ կեանքի վարժութեան մէջ է, յիշենք նորվեգացի բեւեռախոյզ, գիտնական, հայերի մեծագոյն բարեկամ Ֆրիթէօֆ Նանսենի կարծիքը հայերի մասին. «Հայ ժողովրդի պատմութիւնը դա համատարած փորձարարութիւն է, ողջ մնալու փորձարարութիւն»։ Եւ դա վերաբերւում է ո՛չ միայն ջարդին, եղեռնին եւ ջարդի մշտական վտանգին։ Խաղաղ պայմաններում քաղաքական պայքարի հետեւանքով բոլոր բարձր պաշտօններում յայտնւում են իշխող կուսակցութեան ներկայացուցիչները, իսկ ի՞նչ կապ ունի քաղաքասիրութիւնը եւ ազգասիրութիւնը իշխանութեան հետ։ Թէ ինչպէ՛ս ոչնչացուեց մեր Հին Երեւանը շէնք առ շէնք, քար առ քար, այդ մասին շարունակ գրում եմ եւ լուսանկարում, որովհետեւ այն մնում է միայն լուսանկարներում։ Իսկ թէ ի՛նչ պիտի զգայ շարքային երեւանցին, երբ տնից դուրս է գալիս եւ գնում աշխատանքի, ապա այդ ճանապարհի վերջը կարող է լինել միայն հոգեբուժարանը։ Արդէն շքամուտքին դու վարժւում ես աղբին, թէպէտ շէնքերը ունեն համատիրութիւն, որը պիտի ապահովի մաքրութիւնը։ Սակայն բնակչի յարաբերութիւնները համատիրութեան հետ սահմանափակւում են մուծումներով, այսինքն բնակիչը մուծում է իր բնակարանի համար ըստ քառակուսի մեթրի, մուծում է վերելակի համար, մաքրութեան եւ այլն, սակայն յետադարձ կապ չկայ, այսինքն համատիրութիւնը հաշուետու չէ բնակչի առաջ։ Փաստացի ողջ գումարը գնում է համատիրութեան տնօրէնի գրպանը եւ միայն չնչին մասը՝ համատիրութեան աշխատակազմին։ Անցանք առաջ. կանգառները այնպէս են արուած, որ ձեր առջեւ թաքսիներ են կանգնած եւ մարշրուտկա կոչուածը կանգ է առնում հէնց ճանապարհի մէջտեղը, խոչընդոտելով ողջ երթեւեկութեան, այսինքն ետեւից եկող ինքնաշարժները նոյնպէս կանգ են առնում, որպէսզի ինչ-որ մի ուղեւոր վճարի վարորդին եւ դուրս գայ մարշրուտկայից կամ… մտնի։ Ի դէպ նոր ուղեւորը մտնում է առանց այդ էլ գերբեռնուած տարածք եւ Երեւանի ամենատարածուած պատկերներից մէկը դա մարշրուտկաների պատուհանից դուրս նայող ուղեւորների յետոյքներն են։ Ներկայիս քաղաքապետի խոստումների մէջ է մտնում այդ մարշրուտկաների վերացումը, ավտոբուսների ներկրումը եւ այս նուաստացուցիչ վիճակի շտկումը։ Կարծում եմ, եթէ նա երթեւեկէր բոլոր երեւանցիների նման, այլ ոչ թէ ինքնաշարժի պատուհանից նայէր քաղաքին եւ դուրս գար փողոց միայն թիկնապահների ուղեկցութեամբ, ապա միայն այս դէպքում կը մտնէր շարքային քաղաքացու վիճակի մէջ։ Այժմ նայէ՛ք մարշրուտկայի պատուհանից դուրս, եթէ ձեզ յաջողուի. դուք կը տեսնէք գեղեցիկ շէնքերի տանիքներին կառուցած ապօրինի շինութիւններ, այսինքն բնակարաններ… մի՞ թէ դա հարիր է քաղաքակիրթ համարուող քաղաքում։ Կամ կը տեսնէք քանդակներ, որոնցից կը ցանկանաք երեսներդ թեքել, այնքան անճաշակ են դրանք։ Պարզւում է, որ ողջ նախկին Սովետական Միութեան տարածքում կատարւում է նոյնը եւ արուեստագէտ-քանդակագործները նոյնպէս երես են թեքում անճաշակութիւն չտեսնելու համար։ Անճաշակութեան մէջ է դրսեւորւում ազատութիւնը, թէպէտ քաղաքապետարանում արուեստագէտներ են աշխատում, որոնք ճաշակ ունեն, բայց երեւի անզօր են իշխանութեամբ օժտուած անճաշակների առջեւ։
Երեւանը դա միայն Երեւանում ապրող երեւանցիները չեն, այլ Երեւան այցելող հիւրերը, որոնցից շատերը նախկին երեւանցիներ են կամ սփիւռքահայեր, որոնց համար Երեւանը դա համայն հայութեան մայրաքաղաքն է։ Հիւրընկալուելով կարճ ժամանակով Երեւանում, նրանք չեն հասցնում խորանալ քաղաքի խնդիրների մէջ, նրանք միայն անյագ կարօտն են առնում եւ ագահօրէն շնչում հայրենիքի օդը։ Տարիներ առաջ, կրկին քաղաքապետի ընտրութեան առիթով, նրանց նուիրեցի այս մանրապատումը, որը ներկայացնում եմ ստորեւ։
Հեռաւոր սիրուհին
Դուք սիրում էք ձեր կնոջը, այնպէս չէ՞։ Երբ յոգնած եւ անօթի մութ երեկոները վերադառնում էք տուն, նա անհամբեր դիմաւորում է ձեզ՝ տաք ճաշը սեղանին դրած։ Նա ժպտուն եւ հոգատար է, եւ դուք երբեք չէք փոխի նրան ո՛չ մի ուրիշ կնոջ հետ։ Սակայն հեռու հեռուներում, այնտեղ, ուր հայեացքը միշտ դպում է հրաշք սարին, որն իր հպարտ տեսքով հաւատք եւ ոյժ է ներշնչում, այնտեղ թաքնուած է ձեր սիրուհին. Նրա ոտքի տակի հողն էք դուք համբուրում, տրւում նրան խելակորոյս եւ արցունքները սրտում երդւում էք կարճ ժամանակում վերադառնալ կրկին եւ աւելի երկար յանձնել ձեզ անձնուէր սիրոյն, սակայն անցնում են տարիներ եւ դուք յաճախում էք սիրուհուն միայն ձեզ վարդագոյն անուրջներում, հաւատարիմ մնալով ձեր օրինաւոր կնոջը… Կնոջ անունն է Լոնտոն, Փարիզ եւ Նիւ Եորք, Լոս Անճէլըս, Իսթանպուլ եւ Պէյրութ, իսկ սիրուհին միակն է՝ Երեւան։