dzovinarlok@gmail.com
Նախորդ թիւի մէջ խօսում էի ընտրութիւնների արդիւնքների մասին, որոնք այնպէս հիասթափեցրին հայաստանցիներին, որ դա նման էր հոգեկան սպաննութեան։ Ինչպէ՞ս փոխել այս երկիրը, ունենալով նման ստրկամիտ ընտրազանգուած, այլ ոչ՝ գիտակից քաղաքացի։ Սակայն դիտելով համացանցում «Իրազեկ Քաղաքացիների Միաւորում» հասարակական կազմակերպութեան ձայնագրութիւնները, որոնք բացայայտեցին թիւով 114 կրթական հաստատութիւնների «գործունէութիւնը»՝ իշխող հանրապետական կուսակցութեան օգտին, երբ ուսուցիչները աշխատանքը կորցնելու սպառնալիքի ներքոյ ձայներ էին հաւաքագրում այդ կուսակցութեան համար կամ ձայնագութիւնները, արուած ՍԱՍ սուպերմարքետի մէջ, որտեղ աշխատողներին նոյնպէս պարտադրում էին ձայներ բերել ռեյթինքային ցուցակում ընդգրկուած ՍԱՍ –ի սեփականատիրոջ Արտակ Սարգսեանի օգտին, ակամայ հանգում ես այն եզրակացութեան, որ մենք ունենք ոչ այնքան ստրկամիտ զանգուած, այլ՝ պարզապէս օրէնքով չպաշտպանուած աշխատաւորների բանակ։ Մարդիկ օրուայ հացի կարօտ՝ ոչ թէ աշխատում, այլ ծառայում են. աշխատանք տուողը կարող է ստիպել նրանց աշխատել առանց հանգստեան օրերի եւ մինչեւ 12-13 ժամ եւ աշխատողը չի կարող պաշտպանել իր իրաւունքները, որովհետեւ դեռեւս չկայ, չի ձեւաւորուել այդ մշակոյթը, ուրեմն անելիքներ ունենք իրաւական ճակատում... Սակայն ինչ վերաբերւում է առաջնագծում կրուող մարտիկներին, ապա այստեղ այլեւս զոհ չենք գտնի եւ այսօր՝ 24 Ապրիլի առթիւ մենք կարող ենք արձանագրել այն փաստը, որ անշիրիմ մնացած սուրբ նահատակների հոգիները տեղ են գտել մեր ոգու մէջ եւ դարձրել մեզ անզիջող եւ անվախ նոյնիսկ ամենադաժան վտանգի առջեւ։
Յիշենք կրկին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի՝ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին 2015-ին երախտիքի խօսքի մէջ հնչեցրած միտքը.
«Ինչպէս 2-րդ դարու եկեղեցւոյ Հայրը Տերտուղեանոսը ըսած է՝ նահատակներու արիւնը աւիշը դարձաւ եկեղեցւոյ կեանքին եւ վկայութեան, այնպէս ալ մեր 1,5 միլիոն նահատակներու արիւնը աւիշը դարձաւ մեր եկեղեցւոյ եւ ժողովրդի կեանքին, մեզի տալով հաւատքին եւ հայրենիքին համար ապրելու, գործելու եւ պայքարելու ու նոյնիսկ իմացեալ մահով նահատակուելու սրբազան քաջութիւնը…»։
Իսկ ահա ինչ նկատառում է արել յոյն գիտնական Նիկոս Լիգերոսը մէկ տարի առաջ հայ երիտասարդների աննկարագրելի հերոսութեան դրսեւորման առթիւ. «հայ ժողովուրը չի նոյնականացնում իրեն սկսած ցեղասպանութիւնից, որին ենթարկուեց։ Նա չէր ծնուել որպէս ժողովուրդ-զոհ։ Նրա մշակոյթի, լեզուի եւ աւանդների արմատները գալիս են դարերի խորքերից։ Ցեղասպանութեան ենթարկուածները ամենեւին էլ մեռած հոգիներ չեն։ Բոլոր զոհերը դառնում են հայութեան մաս։ Հայերը հակառակ, իսկ գուցէ հէնց ցեղասպանութեան շնորհիւ դառնում են մարտիկներ, եւ այդ պատճառով հակառակորդի յարձակման դէմ ցուցադրած հայ մարտիկների դիմադրութիւնը պէտք է դիտել ո՛չ միայն որպէս սովորական արիութեան օրինակ, այլ այն, որ ցեղասպանութեան ենթարկուած այս ժողովուրդը չի ուզում լինել զոհ, չի ուզում, որ իրեն խղճան»։
Օրերս Երեւանում բացուեց հազուագիւտ մի թանգարան՝ Հայ Բժշկութեան Թանգարան։ Հազուագիւտ է, որովհետեւ ստեղծուել է անհատի կողմից՝ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանի. 1999-ից այն զբաղեցնում էր նրա աշխատած «Նոր Արաբկիր» Առողջութեան կեդրոնի մի սենեակը, որտեղ բժիշկը ցուցադրում էր 30,000 նմոյշներից ընդամէնը 5,000-ը։ Իսկ այժմ թանգարանը տեղափոխուեց Մինասեանի բնակարանի վերին յարկ, այսինքն երեք սենեականոց բնակարան։ Առաջիկայում կը պատմեմ Յարութիւն Մինասեանի տպաւորիչ հաւաքածուի մասին, իսկ այժմ պիտի անդրադառնամ նրա ստեղծած Կենսագիրների Ակումբի մասին, ուր ներգրաւուած են գիտնականներ, պատմաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, գրողներ եւ երգիծաբաններ… Ի՞նչ են անում կենսագիրները։ Հաւաքում են մարդկանց կենսագրութիւններն ու նրանց թողած մշակութային ժառանգութիւնը։ Ահաւասիկ Յարութիւն Մինասեանի 5 տպագիր եւ 15 անտիպ գրքերը, որոնցից մէկը ներկայացնում է իրենից «Օսմանեան Կայսրութիւնում եւ Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ անուամբ համառոտ կենսագրական բառարան»։ Շուրջ 470 բժիշկների մասին է աշխատութիւնը։ Շատերը բժիշկ լինելուց բացի եղել էին նաեւ գրող, բանասէր, հրապարակախօս եւ արժանացան բանտարկութեան, խոշտանգումների, հրկիզման, սրախողխող արուեցին կամ սուիններով պատառոտուեցին… Նրանց չապրածն ու կեանքի եղեռական ընդհատումը… մեզի օրեր։ Ձեզի օրեր...