dzovinarlok@gmail.com
Խորհրդարանական ընտրութիւնները մի շատ կարեւոր բան բացայայտեցին. ով ենք մենք պատմական այս հանգրուանին, երբ ճակատագիրը մեզ հազուագիւտ հնարաւորութիւն տուեց պետականութիւն կերտել։ Նշուեց անկախութեան 25 տարին եւ ի՞նչ։ Չեմ պատրաստւում պատմել, թէ ի՚նչ կեղծիքների նոր տեսակներ կիրառեց իշխող քաղաքական ուժը, ի՚նչ վախի մթնոլորտ էր տիրում մարզերում, որտեղ տեսախցիկները անջատած մարդկանց բերում էին քուէարկելու, ձեռքը տալով 9 քուէաթերթիկից միայն Հանրապետական կուսակցութեան քուէաթերթիկը։ Պետական ոլորտում աշխատողը պարտաւոր էր ոչ միայն իշխող կուսակցութեանը ձայն տալ, այլ նաեւ ապահովել 10-15 լրացուցիչ ձայներ, հակառակ դէպքում սպառնում էին աշխատանքից հեռացնել։ Եւ հասարակութեանը պատեց մեծագոյն հիասթափութիւն, որը երբեւէ եղել էր հայոց պատմութեան մէջ։ Առաջին անգամն է, որ ժողովուրդը դուրս չեկաւ հրապարակ՝ առարկելու ընտրութիւնների արդիւնքները, որովհետեւ ժողովուրդ ասուածից այլեւս ոչինչ է մնացել։ Տարիների թալանը, կեղծիքը, անօրինականութիւնն ու անհեռանկարութիւնը տուեցին իրենց պտուղները։ Ժողովուրդը վերացաւ եւ դրա փոխարէն մենք ունենք պարզապէս հլու-հնազանդ մի նախիր, որին նստեցնում են ինքնաշարժ, եւ տանում տեղամաս քուէարկութեան, նախապէս վերցնելով անձնագրերի տուեալները։ Առաջին անգամն էր, որ ընտրողների ցուցակները պատերին փակցուած էին եւ մարդիկ ցուցակներում գտնում էին Հայաստանից վաղուց արտագաղթած եւ հաշուառումից դուրս գրուած հարազատներին եւ հարեւաններին։ Այնպէս որ քուէարկողների պաշտօնական թիւը, որ ես տուել էի նախորդ Ակօս-ի մէջ, այսինքն 1 մլն. 547,947 մարդ,- կեղծ թիւ էր։
Ըստ Եւրոմիութեան դիտորդների եզրակացութեան՝
«Ընտրութիւնները լաւ էին կազմակերպուել եւ ընդհանուր առմամբ առկայ էր յարգանք հիմնարար ազատութիւնների նկատմամբ։ Այդուհանդերձ ընտրութիւնների վրայ ստուեր է գցել արժանահաւատ տեղեկութիւն առ այն, որ եղել են քուէներ գնելու դէպքեր, պետական ծառայողների եւ մասնաւոր հատուածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրութիւնների նկատմամբ հանրային վստահութեան պակասի խորացմանը։ Այնուամենայնիւ ընտրութիւնների արդիւնքները արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»։
Սխալ է, որ «եղել են դէպքեր», որովհետեւ համատարած ընտրակաշառք է բաժանուել։ Խօսւում է 100 միլիոն տոլարի մասին, որը ներդրուել է ձայներ գնելու գործում։ Ճիշդ է, որ դա եղել է ժողովրդի կամքը։ Ժողովուրդը ընտրել է 10,000 դրամանոցը։ Չեմ հաւատում, որ աղքատութիւնն է պատճառը, որովհետեւ այդ գումարով դու քո կեանքը չես բարելաւի, միայն մի անգամ կը գնաս շուկայ։ Պատճառը քաղաքացիական գիտակցութեան ի սպառ բացակայութիւնն է. քաղաքացին ինքն իրեն հարց չի տալիս, ինչու են իմ ձայնի համար գումար տալիս։ Ուրեմն այդ ձայնը ինչ-որ արժէք ունի։ Սովետական Միութեան պայմաններում, կաշառք չկար, որովհետեւ ընտրութիւն էլ չկար. թեկնածուն մէկն էր, որին եթէ քուէ չտայիր, քեզ կը տանէին հոգեբուժարան։ Իսկ հիմա քաղաքացի չկայ։ Գիտակցում չկայ։ Մտածում են հետեալ կերպ. «Առանց ինձ էլ ամէն ինչ որոշուած է, ուրեմն վերցնեմ այս գումարը եւ ծախսեմ»։ Եւ այդ անգիտակից զանգուածը այնքան մեծ թիւ է կազմում, որ Հայաստանը հնարաւորութիւն չունի ընտրութիւններով երկիրը փոխել։ Զուր չէ, որ մի քաղաքացի քուէարկելուց յետոյ վերադարձել է եւ ծրարի վրայ 20,000-ոց դրամ դնելով՝ ասել է. «Ազգը չի վաճառւում»։ Խիստ հիասթափութիւն ապրեցին նաեւ այս ամենին ականատես եղած սփիւռքահայերը։ Դիտորդական առաքելութիւն իրականացրած Արսինէ Խանճեանը շուարել էր. «Եթէ իսկապէս ուզում ենք այս երկիրը յեղափոխութիւն ունենայ, մարդկային, քաղաքական յեղափոխութիւն, մեծ գործ ունեն անելու ընդդիմադիր կուսակցութիւնները… Կարիք կայ քաղաքացիական իրաւունքների եւ պարտականութիւնների գիտակցութիւն ստեղծելու։ Հարցերից մէկը ոչ թէ խախտումներն են, այլ այն, որ իրենք այդ պարտաւորութիւնը չեն զգում։ Չեն գիտակցում, որ իրենց ձայնով փոփոխութիւն բերել երկրում»։ Բայց ի՞նչ անի ընդդիմութիւնը, եթէ ստրկութիւնը մտել է գիտակցութեան մէջ եւ դարձել միս ու արիւն։ Ահա թէ ինչպէս է նկարագրում ընտրազանգուածին ՀԱԿ-ի վարչութեան անդամ Վարդան Մալխասեանը.
«Նայում էի տեղամասերում, մեղքս գալիս էր ժողովուրդը. վախեցած, անարգած… Այնպիսի տպաւորութիւն էր, կարծես թէ թուրքը գրաւել է այս երկիրն ու ժողովրդին գերի է վերցրել, երախաներին պատանդ է վերցրել եւ ուղարկել տեղամաս՝ պայմանով. «Եթէ ինձ չքուէարկես, երախաներիդ կ՚ոչնչացնեմ»։ Շատ մտերիմ մարդիկ վախենում էին մեզ հետ շփուել, մեզ հետ խօսել։ Ժողովուրդը վերածուել էր մի կատարեալ արածող նախիրի, որին ուր ուզես՝ կը քշես։ Տեսէ՛ք, հիմա արտասահմանից եկածները ինչ կարծիք են կազմում մեր մասին, ասում են՝ ժողովուրդը խորքային կերպով փչացած է, փողով կարելի է ժողովրդին ուր ուզել՝ քշել։ Հանրապետական կուսակցութիւնը Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ պէտք է վերջնականապէս մի բան հասկանայ. հիւանդ, կեղեքուած, կաշառուած ժողովրդով հայրենիք պահելն ուղղակի անհնար է, երկրում առաջընթաց ունենալն անհնար է, այսիպի ժողովրդով երկիրը դատապարտուած է»։
Սրա պատճառը ռեժիսոր Հրանդ Վարդանեանը բացատրում է հետեւեալ կերպ. «Բոլորը խօսում են՝ թէ ինչ անկիրթ, ստրկացող, թշուառ ժողովուրդ է։ Բայց չեն ասում՝ երեսուն տարի ինչպէ՞ս կրթուեց, ի՞նչ կինօ եւ թատրոն տեսաւ, ի՞նչ հեռուստատեսութիւն, երգ-երաժշտութիւն հնչեց նրա անաղարտ ականջներում։ Երեսուն տարի արտաքին թշնամիներից բացի երկիրը ունի նաեւ բարեկամ թշնամի, որը կրկնակի վտանգաւոր է։ Ազգի 90%-ը ապրում է երկրից դուրս, իսկ տանը մնացածին էլ՝ 30 տարի է ղեկավարում են գեղցիք ու քաղքենի ռուսավախ ստերը։ Թքել եմ բոլորիդ երեսին, եթէ ձեր գերխնդիրը սա էր, եթէ դուք պիտի հարստանայիք զինուորի արեան, գիւղացու չքաւորութեան եւ վատ ուսուցում ստացող սերնդի հաշուին, իսկ անսասանները պիտի ժամանակ առ ժամանակ ճառեր արտասանէին»։
Իսկ գուցէ դա աւելի խորքային է, որի մասին գրում էր դեռեւ 90-ականներին մի մոսկուացի պոէտ. «Մենք 70 տարի ստորացման ենք ենթարկուել, վայրենացել ենք։ Մենք ոչ թէ սովորական ստրուկներ ենք, որոնք տառապում են զրկանքներից, մենք՝ մասնագիտացած ստրուկներ ենք, որոնք հպարտանում են իրենց ստրկութեամբ…»։
Եթէ մինչեւ հիմա դեռեւս յոյսի նշոյլ կար, որ ընտրութիւնների միջոցով կարելի փոխել անդունդ գահավիժող երկիրը, ապա այս ընտրութիւնները փաստեցին, որ մեծամասնութեանը չես փոխի. ծախուող, անգիտակից զանգուածին, որը կառավարւում է կեղծիքների գործիք դարձած իշխանաւորների կողմից։ Որքա՚ն ջանք, եռանդ եւ գումարներ են ներդրւում կուսակցաշինութեան եւ իր վերարտադրութեան մէջ, որպէսզի այն ապահովի իշխանութիւնը կեղծիքներով զաւթած եւ իր շահերին յարմարեցրած փողատէրերին։ Այդ ամենով իրօք որ պետութիւն կարելի էր կառուցել։ Զուր չէր ասում Հաց Բերող Արթուր Սարգսեանը. Մեր ազգը ծածկագրել են. «Մարդ բառը եթէ հակառակ կողմից կարդաք, ստացւում է դրամ»։