dzovinarlok@gmail.com
Ապրիլի 1-ն էր, շաբաթ օր. Ծիծաղի օր էր, նաեւ խաբելու օր։ Հայաստանի երգիծանկարիչների միութիւնը հրաւիրել էր ապրիլմէկեան ամենամեայ աւանդական ցուցահանդէսի առաւօտեան ժամը 11-ին։ Ցուցահանդէսի բացմանը ես ուշացայ եւ եկայ ժամը 13-ին։ Դուռն արդէն գոց էր եւ ինձ ասացին, որ վերեւը մարդ չկայ եւ նայելու բան էլ չկայ, որովհետեւ նկարները դատարկ են։ Խաբելու օր է, դէ նկարիչներն էլ խաբեցին։ Ես չգիտեմ, ինչպէս իրենք մեկնաբանեցին իրենց մտայղացումը, սակայն երբ ես բարձրացայ եւ տեսայ 15 նկարիչների կողմից ստորագրած 45 դատարկ պաստառներ, ապա ամէն ինչ հասկացայ։ Անցեալ տարի Ապրիլի 1-ին բացուեց երգիծանկարիչների ցուցահանդէսը «Մամուլ» թեմայով, որն ընդհատուեց Ապրիլի 2-ի ողբերգութեամբ։ Եւ այժմ նկարիչները յարգեցին մեր հերոս զինուորների մահը լռութեան ցուցահանդէսով։ Աւելի ուշ կարդացի Երգիծանկարիչների միութեան նախագահ Սուքիաս Թորոսեանի մեկնաբանութիւնը. «Քանի որ Ապրիլի 1-ը համընկնել էր լռութեան օրուայ հետ, մենք՝ յարգելով ՀՀ օրէնսդրութիւնը, սպիտակ պաստառներով ցուցադրուեցինք, իսկ ապագայ մեր օրէնսդիրները խախտեցին օրէնքը եւ չհանեցին փողոցներում տեղադրած նախընտրական գովազդները»։
Ապրիլի 2-ն էր։ Լրացել էր քառօրեայ պատերազմի 1 տարին եւ այն, որ հէնց այդ օրն էին նշանակուել խորհրդարանական ընտրութիւնները, չափազանց խոցել էր ո՛չ միայն որդեկորոյս ընտանիքներին, այլ՝ ողջ հայ ազգին, որովհետեւ դա նշանակում էր ուրանալ հերոսների թափուած արիւնը։
Ապրիլի 3։ Այսօր յայտնի դարձան ընտրութիւնների արդիւնքները։ Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններին մասնակցեցին 1 միլիոն 547 հազար 947 քաղաքացի, այսինքն բնակչութեան 60.86%-ը։ Խորհրդարան մտնելու համար կուսակցութիւնը պիտի յաղթահարէր 5% շեմը, իսկ դաշինքը՝ 7%։ Ահաւասիկ քուէարկութեան արդիւնքները.
«Ելք» դաշինք՝ 7.78%
«Ազատ դեմոկրատներ»՝ 0.94%
«ՀՎԿ» (Հայկական Վերածնունդ կուսակցութիւն)՝ 3.72%
«Ծառուկեան» դաշինք՝ 27.37%
«Կոնգրէս-ՀԺԿ» դաշինք (Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ)՝ 1.65%
ՀՀԿ (իշխող կուսակցութիւն)՝ 49.15%
ՀԿԿ (կոմունիստական կուսակցութիւն)՝ 0.75%
ՕՐՕ (Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան) դաշինք՝ 2.07%
ՀՅԴ՝ 6.578%
Այսպիսով խորհրդարան անցան 4 քաղաքական ուժեր. 2 կուսակցութիւն եւ 2 դաշինք։
Անսպասելի էր Լեւոն Տէր-Պետրոսեանի պարտութիւնը եւ միաժամանակ անսպասելի չէր, քանզի Կոնգրէսը դուրս եկաւ ընտրարշաւի պարտուողական գաղափարով, քարոզելով խաղաղութիւն, որին կարելի էր հասնել միայն ու միայն Ղարաբաղի շուրջ ընկած 7 շրջանների զիջումով։
Ըստ Լեւոն Տէր-Պետրոսեանի բանակցութիւնները Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանում են, ճիշդ է ոչ միմեանց հետ, այլ 2 երկրների նախագահները առանձին են բանակցում.
«Նրանց առջեւ դրուած է 2 կէտ։ Այս օճախը պիտի հանգցուի։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համաձայնուել են եւ Ռուսաստանի վրայ են դրել խնդրի լուծումը։ Ժողովրդի աղքատութեան, թշուառութեան պատճառը կոնֆլիկտի չլուծուածութիւնն է։ Տասնեակ հազարաւոր երախաներ ծառայում են բանակում։ Ինչպէ՞ս կարող է ժողովուրդը չհասկանալ խաղաղութեան արժէքը։ Հէնց թալանի պատճառն էլ է Ղարաբաղի խնդիրը։ Այն տարածքները, որ մենք կոչում ենք ազատագրուած, միջազգային օրէնքը, ՄԱԿ-ի փաստաթղթերը, որի տակ մենք էլ ենք ստորագրել, կոչում են գրաւեալ։ Թէեւ ՄԱԿ-ը ընդունել էր 4 բանաձեւ գրաւեալ տարածքների մասին, բայց պատժամիջոցներ չկիրառեց, հասկանալով, որ այդ տարածքները անվտանգութիւն են ապահուում։ Թւում է, թէ վտանգը մեծանում է, եթէ զիջենք այդ 7 շրջանները Ղարաբաղի շուրջ, բայց զինադադարի պայմանագիրը դառնում է հաշտութեան պայմանագիր, որն ունի բոլորովին ուրիշ երաշխիքներ։ Ստեղծւում է բուֆերային գօտի, ապառազմականացուած գօտի, եւ այնտեղ կանգնում են խաղաղապահ զօրքեր»։
Այսպիսով անվտանգութեան գօտին փոխարինւում է միջազգային կառոյցների երաշխիքով եւ խաղաղապահ զօրքերով։ Լրագրողի այն հարցին, թէ Հայաստանը չի վստահում Ատրպէյճանին, որին պիտի ճնշի միջազգային օրէնքը, առաջին նախագահը պատասխանում է.
«Ես ի՞նչ անեմ։ Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հաւատում։ Իշխանութիւնը նրա համար է, որ որոշումներ կայացնի։ Մինչեւ հիմա մեզ հետ բանակցում են, կը գայ մի պահ, որ մեզ կը պարտադրեն։ Կը դառնայ Պոսնիա, Քոսովոյ։ Տարածքների վերադարձի հարցը ո՛չ մեզանից է կախուած, ո՛չ Ատրպէյճանի։ Եթէ մենք կամաւոր չյանձնենք, ապա մեզ կը պարտադրեն։ Չենք կարող պահել այդ տարածքները։ Աշխարհը մեզ թոյլ չի տայ։ Այս հարցում մենք սատարում ենք Սերժ Սարգսեանին։ Բայց միայն այս հարցում։ Մենք Սերժ Սարգսեանի իշխանութեան ամենախիստ քննադատն ենք…»։
Ինչ վերաբերւում է ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած խորհրդարանին, ապա այն խիստ հիասթափեցրեց մտային կարողութիւն ունեցող ընտրազանգուածին, քանզի այլեւս յոյս չկայ, որ ընտրակաշառքով քուէարկող մեծամասնութեան գիտակցութիւնը երբեւէ կ՚արթնանայ։
Մարքսն ասում էր «Կեցութիւնն է որոշում գիտակցութիւնը»։
Սխալ է. գիտակցութիւնն է որոշում կեցութիւնը։ Այնպէս որ մեր խորհրդարանը հանդէս կը գայ նոյն «դատարկ պաստառներով», ինչ ցուցադրեցին մեր երգիծանկարիչները, քանզի Հանրապետական կուսակցութեան ռեյթինկային ցուցակով ընտրուած փողատէր պատգամաւորները ինչպէս միշտ հանդէս են գալու ընդամէնը որպէս կոճակ սեղմողներ։