ՌՈՒԲԷՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
Հայաստանի անկախացումէն կարճ ժամանակ անց Թուրքիա ցամաքային սահմանները փակեց նորանկախ հարեւանին դէմ, կիրարկելով տնտեսական շրջափակում։ Մինչդեռ նախքան այդ զարգացումըն, Հայաստանի Հանրապետութեան Թուրքիոյ հետ առաջին շփումը կայացած էր շուրջ 250 քոփերաթորներու վրացական «Շոթա Ռուստաւելի» անուն նաւով Իսթանպուլ այցելութեամբ։ Շրջափակման տարիներուն երկու երկիրներու միջեւ յարաբերութիւնը առեւտրական դաշտէն փոխանցուեցաւ դէպի մշակոյթի եւ գեղարուեստի ոլորտներուն։ Հայաստանի անուանի երգիչներ կամ խումբեր այցելեցին Թուրքիա եւ իրենց բարձր արուեստը ներկայացուցին մեծ յաջողութեամբ։ Միւս կողմէ ուսանողներու փոխանակում կամ ակադեմական մակարդակով շփումներն ալ յարատեւ կերպով շարունակուեցան երկու երկիրներու միջեւ։ Այս անգամ Հայաստանի երիտասարդ գործարարներն են որ աշխարհի հետ շփուելու իրենց հեռանկարին մէջ զանց չեն առներ նաեւ Թուրքիան։ Ստորեւ կը ներկայացնենք Ռուբէն Վարժապետեանի Երիտասարդ Գործատուներու Միութեան նախագահ Միքայէլ Միքայէլեանի հետ կատարած հարցազրոյցը։
Ռուբէն Վարժապետեան- Ձեր կազմակերպութիւնը, հասարակակա՞ն կազմակերպութիւն մըն է։ Պետական աջակցութիւն կը ստանա՞ք։
Միքայէլ Միքայէլեան- Երիտասարդ Գործատուների Միութիւնը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է (non-profit organisation)։ Հիմնադրուել է 2012 թուականին։ Միութեան հիմնական նպատակը Հայաստանում գործարարութեան զարգացումն է։ 2014 թ-ից միութիւնը հանդիսանում է Երիտասարդ Ձեռներէցների Եւրոպական Կոնֆեդերացիայի (YES for Europe) անդամ։
Միութիւնը պետական աջակցութիւն չի ստանում, այն ինքնաֆինանսաւորուող է։
Ռ.Վ.- Ի՞նչ է ֆորումի կազմակերպման ակնկալութիւնները։
Մ.Մ.- Երիտասարդ Գործարարների Համահայկական Ֆորումի (Panarmenian Forum of Young Businessmen) նպատակն է նպաստել Հայաստան-Արցախ-սփիւռք գործարար կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ամէն տարի Հայաստան հրաւիրելով աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդ գործարարների ու նրանց հետ համախմբելով Հայաստանի եւ Արցախի երիտասարդ գործարարներին՝ ֆորումը ձգտում է ստեղծել համագործակցութեան այնպիսի հարթակներ, որի միջոցով նրանք կը կարողանան իրականացնել համատեղ պիզնես ծրագրեր։
Ռ.Վ.- Առաջին փորձէն ի՞նչ արդիւնք ստացաք։
Մ.Մ.- Երիտասարդ Գործարարների Համահայկական Առաջին Ֆորումը տեղի ունեցաւ 2016 թ-ի Յուլիսի 15-17-ը Երեւանում։ Ֆորումին մասնակցեցին շուրջ 100 երիտասարդ գործարարներ, որից մօտ 30-ը սփիւռքի տասը տարբեր երկրներից։ Ֆորումի արդիւնքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գործնական կապեր, ծանօթացան ՀՀ պիզնես դաշտին, առկայ առաւելութիւններին ու արտօնութիւններին,կնքուեցին համագործակցութեան յուշագրեր, ձեռք բերուեցին պայմանաւորուածութիւններ։ Մասնակիցները հանդիպեցին ՀՀ կառավարութեան տարբեր ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկեցին գործարարութեան զարգացման հեռանկարները։
Ռ.Վ.- Սփիւռքի ո՞ր կեդրոններէ մասնակցեցան ձեր ֆորումին։
Մ.Մ.- ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Ուկրանիա, Լիթուա, Թուրքիա, ԱՄԷ, Չինաստան։
Ռ.Վ. Գործնական ի՞նչ արդիւնքներ ձեռք բերուեցան։
Մ.Մ.- Ֆորումին արդիւնքում կնքուած համագործակցութեան յուշագրերից մէկի արդիւնքում Հայաստան ժամանեցին ռուսական 12 տուրիստական ընկերութիւններ, որոնք ծանօթացան Հայաստանի զբօսաշրջութեանը եւ մշակեցին համատեղ ծրագրեր։
Շատ մասնակիցներ ֆորումից յետոյ սկսեցին արտահանել իրենց ապրանքն այլ երկրներ։
Ծանօթանալով միմեանց արտադրանքներին ու ծառայութիւններին մասնակիցները համագործակցում են նաեւ շատ այլ ոլորտներում։
ՀՀ կառավարութիւնը ֆորումի շրջանակներում հնարաւորութիւն ունեցաւ հանդիպել սփիւռքից ժամանած հայ գործարարների հետ եւ նրանց հետ քննարկել Հայաստան-սփիւռք գործարար կապերի զարգացման ուղիները, գործարարներն էլ իրենց հերթին հնարաւորութիւն ստացան ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերն ու բարձրացնել իրենց յուզող խնդիրները։