dzovinarlok@gmail.com
Մարդը չպէտք է լինի աւելի փոքր, քան նրա պաշտօնն է, քան նրա փողերն են, քան նրա տաղանդը։ Բայց սա Հայաստանի ներկայիս իրողութիւնն է. մեծ պաշտօններում են մեծ փողատէրերը, որոնք մասնագիտական եւ բարոյական առումով շատ փոքր են այդ պաշտօնների համար, իսկ տաղադների համար տեղ չկայ այսօրուայ Հայաստանում. նոյնիսկ իրենց հագուստը չի վկայում նրանց մեծ տաղանդի մասին։ Անկիրթ, յանցաւոր ճանապարհներով իշխանութեան գլուխն անցած անձինք Հայաստանը փոքրացրել են գաւառի կարգավիճակի ըստ իրենց աշխարհահայեացքի եւ այդ գաւառը բաժանել են գաւառակների իրենց գաւառապետերի հսկողութեան ներքոյ։ Արուեստը, կրթութիւնը, նոյնիսկ սահմանադրութիւնը, այո, յատկապէս սահմանադրութիւնը իրենցով են արել. օրինակ, ըստ 64-րդ յօդուածի խորհրդարանի անդամ կարող է դառնալ Հայաստանում 5 տարի անընդմէջ ապրած քաղաքացին, այսպիսով հայութեան մեծագոյն ներուժը դուրս է մնում պետականաշինութիւնից։ Փոխարէնը մենք ականատես ենք լինում կուսակցաշինութեանը։
«Մենք փորձեցինք հաշուել, թէ ինչ արժէ կուսակցաշինութիւնը եւ եկանք եզրակացութեան, որ տարեկան 10 միլիոն տոլար է պէտք, այսինքն միայն 3 կուսակցութիւններ ունեն ֆինանսական ռեսուրսներ»,- ասում է քաղաքական գործիչ Լեւոն Բարսեղեանը։
Հասցնելով Հայաստանը այն վիճակին, որի արդիւնքում ամէն նորմալ մարդ մտածում է միայն, ուր փախչի այստեղից, որ գտնի օրէնք եւ արդարութիւն, Հանրապետական կուսակցութիւնը նետուել է ընտրարշաւի նոր դէմքերով, քանզի Հանրապետականի բոլոր բարձրաստիճան պաշտօնեաները զզուանք եւ ցասում են առաջացնում ժողովրդի մէջ։ Վարչապետ Կարէն Կարապետեանն է գլխաւորում ընտրարշաւը։ Եթէ միւս բոլոր կուսակցութիւնների անդամները հանդէս են գալիս բաճկոնով եւ փողկապով, ապա Կարէն Կարապետեանը առանց փողկապի է, բաց սրտով եւ բաց խօսքով, կարծես ասել է ուզում, որ ես ձեր նման եմ, ժողովո՛ւրդ։ Երկրի կործանարար երեւոյթները, այսինքն թալանը, ոստիկանների անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցոյցերի մասնակիցների հանդէպ, տնտեսութեան անկումը, քաղբանտարկեալների տխուր փաստը, այսինքն երբ քաղաքացուն բանտում են պահում իր հայեացքների համար, իշխող կուսակցութեան բառապաշարում բնութագրւում է երկու բառով՝ սխալներ եւ բացթողումներ։ Պիտի շտկեն։ Պէտք է թոյլ տանք, որ շարունակեն իրենց գործը։ Եթէ միւս բոլոր ուժերը խոստանում են փոխել երկիրը, ապա Հանրապետական կուսակցութիւնը խոստանում է, որ ինքը կը փոխուի։ Բայց տեսնում ենք միայն նոյն ռազմավարութիւնը, ինչ ամէն ընտրութիւնների ատեն է կիրառել իշխող Հանրապետական կուսակցութիւնը, որն է վարչական լծակների չարաշահում։ Բոլոր պետական հիմնարկների, այդ թւում դպրոցների եւ մանկապարտէզների տնօրէնները պարտադիր Հանրապետական կուսակցութեան անդամներ են եւ նրանց առջեւ պահանջ է դրուած «թիւ ապահովել Հանրապետականի համար»։ Ուսուցիչները, դաստիարակներն ու դայեակները ձայներ են մուրում ծնողներից, որպէսզի հաւաքագրեն Հանրապետականի ցուցակում ընդգրկուած թեկնածուների օգտին։ ՀՀ քրէական օրէնսգրքի 154-րդ յօդուածը «քուէարկութեան գաղտնիութիւնը խախտելու» վերաբերեալ է։ «Իրազեկ քաղաքացիների միաւորման» կողմից հաւաքուել են ապացոյցներ այդ յանցաւոր երեւոյթի մասին, եւ Մարտի 26-ին մարդու իրաւունքների պաշտպան Արթուր Սաքունցի գլխաւորութեամբ «Ամօթի Երթ» անցկացուեց Երեւանում ի պահանջ, որպէսզի միւս բոլոր ուժերը դիմեն ԿԸՀ (Կեդրոնական Ընտրական Յանձնաժողով) եւ ընտրական գործընթացից հեռացնեն ՀՀԿ-ին, որն օգտագործելով իր վարչական լծակները, դպրոցներին եւ մանկապարտէզներին ստիպում է ձայներ հաւաքագրել։ Երթի մասնակիցները քաղաքի կեդրոնում տնօրէնների լուսանկարները ձեռքերնին ամօթի էին տալիս այս երեւոյթը կրթական համակարգում եւ իրազեկում քաղաքացիներին վարչական լծակների չարաշահման մասին. «Չի՛ կարող լինել ազատ եւ անկախ ընտրութիւններ, եթէ այդ ընտրութիւններին մասնակցում է Հանրապետական կուսակցութիւնը։ Սա է պատմական պահը»։
Չունենալով ոչ մի վստահութիւն ընտրող զանգուածի կողմից, այլ ունենալով միայն փող, Հանրապետականի անդամները ծախում են խոստումներ եւ առնում ձայներ։ Հասարակութեանը յատկապէս խոցեց տեսարանը Միհրան Պօղոսեանի հանրահաւաքի ժամանակ։ Նախ ասեմ, որ նրա անունի հետ է կապուած օֆշորային սկանտալը. լինելով արդարադատութեան կեներալ-մայոր, նա օֆշորային գօտիներում է գրանցում իր ընկերութիւնները եւ օգտագործում իր պաշտօնը սեփական պիզնեսի զարգացման համար, թաքցնելով եկամուտները։ Որքա՛ն էլ նա չհերքի այդ փաստը, յամենայնդէպս այսպիսի նկարագիր է տուած Միհրան Պօղոսեանին համացանցի Ազատ Հանրագիտարանում։ Ի՞նչ պիտի նա պատմէր իր մասին ընտրողներին, որոնց հաւաքել էին նրա փողերն ու խոստումները։ Երեւակայէք, որ նրա բարի յատկանիշները գովազդելու համար ամպիոն է հրաւիրւում… որդեկորոյս մայրը, որը խիստ յուզուած վկայում է, թէ Միհրան Պօղոսեանը նիւթական օգնութիւն է ցուցաբերել նրան, երբ նա որդու էր կորցրել եւ գրեթէ խելայեղ եղել… Մօր խելայեղ ուղեղում չէր արթնացել այն միտքը, որ նրա զաւակը զոհուել էր հէնց այս պաշտօնաւորների պատճառով, որոնք թալանել են պետութիւնն ու բանակը, թողնելով զինուորին 80-ականների զէնքի յոյսին, ինչպէս խոստովանել է ինքը երկրի նախագահը։
Սակայն մենք այն ազգն ենք, որ ծնում է նաեւ Արթուր Սարգսեան, որին ժողովուրդը կոչեց Հաց Բերող։ Բայց մենք նաեւ այն ազգից ենք, որ ծնելով Հաց Բերող, մեր անտարբերութեամբ հասցնում ենք նրան մահուան եւ դառը ափսոսանքով յուղարկաւորում։ Այն, որ Արթուրը հերոսացաւ եւ սրբացաւ իր արարքով, այսինքն ճեղքելով ոստիկանական պատնէշը 26 Յուլիսին, հաց հասցրեց «Սասնայ Ծռերին», վկայում է այն տխուր փաստի մասին, որ մեր մէջ չկար որեւէ մի ուրիշ անձ, որը կը յանդգնէր կրակահերթը մանրուք համարելով՝ հաց հասցնել սովեալներին։
Եւ զուր չէ, որ համաշխարհային երգչուհի Յասմիկ Պապեանը Հաց Բերողի հրաժեշտի պահին (22 Մարտին) ասաց. «Ես այս օրերին փորձեցի իմ իմացած եւրոպական լեզուներով պատմել Արթուր Սարգսեանի մասին եւ չկարողացայ, որովհետեւ այս ամէնը հասկանալու համար պէտք է հայ լինել։ Երկար տարիներ ապրելով Եւրոպայում, ծանօթ լինելով նրանց արժեհամակարգին եւ արդարադատութեանը, կարող եմ ասել, որ մենք չկարողացանք պահել, պահպանել եւ փայփայել իր իւրայինին սիրող, իր իւրայինին հաց բերող մարդու տեսակին»։
Թող դա երկիւղ չառաջացնի, բայց Հաց Բերողին յուղարկաւորեցին իր ձեռքերով սարքած եւ փորագրութիւններով զարդարած դագաղի մէջ։ Հողին յանձնեցին առանձին մի տեղ եւ մինչեւ վերջ էլ չամփոփեցին, այսինքն դագաղը իջեցրին մի փոքրիկ դամբարանում օդափոխիչ եղանակով եւ ծածկեցին սալաքարով, որը եւ ծածկեցին հողով. դա արուեց այն ակնկալիքով, որ յետագայում Արթուրին տեղափոխեն Եռաբլուր՝ ընկերների մօտ։