dzovinarlok@gmail.com
Մենք երբեք չենք իմացել, թէ ով էր յաղթել ընտրութիւններում, քանզի մեզ մօտ միշտ կեղծուել էին ընտրութիւնները։ Եւ արդիւնքում ըստ միջազգային կառոյցների վկայութեան յաղթում էին նրանք «ում ժողովուրդը ատում էր»։
Աղքատ ու աւելի աղքատ
Սերժ Սարգսեանի նախագահութեան օրով 300,000 հայաստանցի արտագաղթեց, իսկ մնացածները կառչում են թէկուզ ցածր աշխատավարձով իրենց աշխատատեղերից։ Այն ամէնն, ինչ կործանարար է երկրի համար, նպաստաւոր է մեր ղեկավարի եւ նրա թիմի համար. ինչպէս ձեւակերպել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը տարիներ առաջ «Թող արտագաղթէն, որպէսզի յեղափոխութիւն չանեն»։ Որքա՛ն աւելի շատ արտագաղթում էին, այնքան աւելի շատ ձայներ էին ստանում իշխող կուսակցութիւնը խորհրդարանում, որովհետեւ բացակաների անունները ընդգրկւում էին ցուցակներում եւ նրանք «քուէրակում էին»։ Որքա՛ն աւելի շատ մահանում էին, այնքան աւելի շատ ձայներ էր ունենում հանրապետական կուսակցութիւնը, որովհետեւ հանգուցեալները մեր երկրում «քուէարկում էին» նրանց օգտին։ Մահը մեծ գին ունէր ընտրութիւններին։ Որքա՛ն աւելի ցածր է աշխատավարձը, այնքան աւելի հնազանդ է քուէարկողը, որովհետեւ նոյնիսկ այդ բարակ գոյատեւմնան թելը կարող է կտրուել, եթէ նա չհնազանդուի եւ ձայն չտայ իշխող կուսակցութեանը։
Աղքատ երկրում միլիոնից աւել մարդ, իսկ միջազգային դրամատան տուեալներով 2 միլիոն մարդ գնտւում է աղքատութեան շեմից ցածր, քանզի աշխատավարձը 150 տոլարի սահմաններում է, թէեւ նոյնիսկ այդ ցածր աշխատավարձի մասին շատերը միայն երազում են։
Ծիծաղի Օրը լռելու ենք
Ինչպէս գիտենք Ապրիլի 1-ը Ծիծաղի համաշխարհային օր է եւ Հայաստանում 2006-ից պետականօրէն դարձաւ Ծիծաղի Օր։ 2013-ից ի վեր Երեւանում այդ օրը բացւում է Երգիծանկարիչների «Արեւավիշապ» փառատօնը։ Անցեալ տարի նոյնպէս բացուեց, բայց Ապրիլի 2-ին ունեցանք ապրիլեան քառօրեայ պատերազմ… Իսկ այս տարի Ապրիլի 1-ը լինելու է լռութեան օր։ Բայց երգիծանկարիչները նոյնիսկ հայոց ցեղասպանութեան 100-եակը դարձրեցին փառատօնի նիւթ։ Երգիծանկարիչը կամ ծաղրանկարիչը ի զօրու է դա անել։ Ընտրութիւնների նախաշեմին փառատօնի հիմնադիր Սուքիաս Թորոսեանը (Toto) երգիծահարցերի շարք էր ուղղել հանրութեանը, որոնցից միայն մի քանիսը կարող են հասկանալի լինել ոչ միայն հայաստանցիներին, այլ նաեւ սփիւռքահայերին, քանզի դժուար է ընկալել ընտրակեղծիքների մեխանիզմը, եթէ ծանօթ չես հայաստանեան իրողութեանը.
1 Ես չեմ հասկանում, ինչո՞ւ հոգեկան հիւանդները ընտրելու իրաւունք չունեն, իսկ ընտրուելու իրաւունք ունեն։
2 Ես չեմ հասկանում, ինչո՞ւ հանգուցեալների համար առանձին տեղամաս չեն սարքում։
3 Ես չեմ հասկանում, ինչո՞ւ ընդդիմադիրները պէտք է լինեն նախկին պաշտօնեաները։
4 Ես չեմ հասկանում, ինչո՞ւ Մասկուան աւելի շուտ է շնորհաւորում, քան ԿԸՀ (Կենդոնական Ընտրական Յանձնաժողով) կը հրապարակի վերջնական արդիւնքները։
Որքան արժի այս տարի
ընտրողի ձայնը
Քաղաքականութիւնից կեղտոտ բան չկայ երեւի աշխարհում։ Եւ ընտրութիւններին քաղաքական դէմքը հանդէս է գալիս իր ողջ այլանդակութեամբ։ Մէկ-երկու ազնիւ մարդիկ, որոնք ընդգրկուած են եղել բացարձակ ծախուած յանձնաժողովներում ընտրութիւնների ժամանակ, այնպիսի կեղծարարութիւնների են ականատես եղել, որ նրանց հոգեկանը խախտուել է, նրանք ընդմիշտ հիասթափուել են մարդ արարածի էութիւնից։ Նրանց աչքի առաջ բացէիբաց լցոնումներ են արել արկղների մէջ… Այդ երեւոյթը կանխելու համար Եւրոպական Միութիւնը 7 միլիոն եւրօ է տրամադրել, որպէսզի բացառուի կեղծարարութիւնը։ Ապրիլի 2-ին տեղադրած են լինելու տեսախցիկներ եւ ուղիղ հեռարձակում է իրականացուելու ընտրատեղամասերից։ Անձ հաստատող տեխնոլոկիաներ են ներդրուելու. աջ ձեռքի ցուցամատի մատնահետքն է ներմուծուելու սարքի մէջ, որի արդիւնքում սարքաւորումը կտրոն է տպելու…։
Թէեւ ոստիկանութիւնը հրապարակել է ընտրողների թիւը՝ 2 միլիոն 564 հազար 734, դա վերաբերւում է հաշուառուած հայաստանցիներին եւ դա չի նշանակում, որ նրանք Հայաստանում են։ Բայց այս անգամ բացակաների փոխարէն հնարաւոր չի լինի քուէարկել։ Ուրեմն ինչպէ՞ս են ռեյտինգային ցուցակում ընդգրկուած անձինք ձայներ կեղծելու։ Ազգային Ժողովում կայ փողուորների մի հաւաքածու, որոնց թիւը կազմում է 55 հոգի եւ որոնք 5 տարուայ մէջ գէթ մէկ բառ չեն արտասանել ԱԺ-ում։ Երբ լրագրողները ինչ-որ մի հարց են ուղղել, օրինակ, Սամուէլ Ալեքսանեանին,( մականունը Լֆիկ է), ապա նա պատասխանել է. «Նախագան ինչ ասում է ճիշդ է»։ Հէնց նախագայ, ոչ թէ նախագահ։ Այս ընտրութիւններին մեծանում է ընտրակաշառքի դերը, այսինքն շեշտը դրուելու է նախընտրական փուլում կաշառուած ընտրողների քանակին, այսինքն ձայները գնուելու են, այն էլ աւելի սուղ գնով, քան երբեւէ. 5-10,000 դրամից գինը բարձրանում է մինչեւ 40-60,000 դրամի։ Ժողովուրդն ասում է. «Եթէ երկիրը թալանւում է, ապա թող մեզ էլ բաժին յատկացուի։ Ո՛վ աւելի շատ կու տայ, նրան էլ ձայնս կը ծախեմ։ Գուցէ երկու կուսակցութիւնից էլ կաշառք վերցնեմ։ Պահանջում են ապացոյց, որ իրենց եմ ձայն տուել, ապա վերցնելով 9 քուէաթերթիկ, մի քուէաթերթիկում նրանց օգտին նշան կը դնեմ, կը լուսանկարեմ, բայց միւս քուէաթերթիկի վրայ իմ ուզածի օգտին նշան կը դնեմ եւ այդ քուէաթերթիկն էլ արկղի մէջ կը գցեմ…
Յաջորդ թիւում 2017-ի ընտրարշաւի առանձնայատկութիւնների մասին։