dzovinarlok@gmail.com
Հայաստանում եռուզեռ է տիրում։ Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրութիւններն են, իսկ ամէն մի ընտրութիւններ դա Հայաստանի ապագայի կամ անկման ընտրութիւնն է, որին ուշի ուշով հետեւում է աշխարհահայութիւնը։
Զերծ մնալով որեւէ մեկնաբանութիւններից՝ ներկայացնում եմ ընտրութիւններին մասնակցող 5 կուսակցութիւններ եւ 4 դաշինքները իրենց կարգախօսներով հանդերձ։ 198 պատգամաւորական մանդատների համար ընտրապայքարի մէջ է մտնելու 1500 թեկնածու։ Ձեւաւորուելու է 6-րդ գումարման Ազգային Ժողով։ Ահաւասիկ յայտ ներկայացրած քաղաքական ուժերը.
1 «Ազատ Դեմոկրատներ» կուսակցութիւն, որի համամասնական ցուցակում ընդգրկուած է 101 թեկնածու։ Ցուցակը գլխաւորում է պատգամաւոր Խաչատուր Քոքոբելեանը, երկրորդը՝ նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանն է (ունենք 13 նախկին վարչապետներ, Հրանդ Բագրատեանը չորրորդն էր, 1993-1996թթ.) Կուսակցութեան կարգախօսն է «Մենք կարող ենք»։
2 «Ելք» դաշինքը 3 կուսակցութիւնների միաւորում է. «Լուսաւոր Հայաստան», «Հանրապետութիւն» եւ «Քաղաքացիական Պայմանագիր»։ Առաջադրում է 121 թեկնածու։ Ցուցակը գլխւորում է Էդմոն Մարուքեանը։ Երկրորդ տեղում նախկին վարչապետ (թուով ութերորդ, Նոյեմբերի 2, 1999-Մայիսի 2, 2000) Արամ Զաւէնի Սարգսեանն է։ Ցուցակում է նաեւ Նիքոլ Փաշինեանը։ Կարգախօսն է «Ընտրութիւն, փոփոխութիւն, յաղթանակ»։ Դաշինքը կարեւորում է առաջին հերթին մարդու իրաւունքները։
3 «Ծառուկեան» դաշինք, որը համախմբուել է Գագիկ Ծառուկեանի եւ իր «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան շուրջ։ Համամասնական ցուցակում են պատգամաւորներ Նաիրա Զոհրապեանը, Տիգրան Ուրիխանեանը, Երեւանի Կեդրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբեանը եւ այլոք։ Ցուցակում է նաեւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամեանը, որը նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի (13-րդ վարչապետ, 2014-2016) որդին է եւ Գագիկ Ծառուկեանի փեսան։ Դաշինքի կարգախօսն է «Փոփոխութիւնների եւ կառուցելու ժամանակն է»։
4 «Կոնգրէս-ՀԺԿ» դաշինք, որի մէջ միաւորուել են Հայ Ազգային Կոնգրեսը եւ Հայաստանի Ժողովրդական Կուսակցութիւնը, ուստի դաշինքի համամասնական ցուցակը գլխաւորում են առաջնորդներ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Ստեփան Դեմիրճեանը։ Կարգախօսն է «Խաղաղութիւն, հաշտութիւն, բարի դրացիութիւն», ի նկատի ունենալով, որ Հայաստանի գլխաւոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն է, որը պէտք է լուծել խաղաղ ճանապարհով, այսինքն հողեր յանձնել եւ դրա դիմաց ակնկալել միջազգային հանրութեան ԼՂՀ-ի ճանաչումը։ Դաշինքի ցուցակում 133 անուն է։
5 Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. 170 անուն կայ թեկնածուների ցուցակում, որը գլխաւորում է Ազգային Ժողուում ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը։ Կուսակցութեան կարգախօսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»։ Դաշնակցութեան ծրագրի մէջ է Ղարաբաղի միացումը Հայաստանին։
6 Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւնը առաջադրում է 173 թեկնածու։ Ցուցակը գլխաւորում է ՀԿԿ-ի առաջնորդ Տաճատ Սարգսեանը։ Կուսակցութիւնը ակնկալում է 5 տոկոս ներկայութիւն ապահովել ԱԺ-ում։ Կարգախօսն է «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։
7 Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն։ Սա Հայաստանի իշխող կուսակցութիւնն է, որի ցուցակի մէջ ընդգրկուած են 197 հոգի։ Ցուցակը գլխաւորում է 2016-ի Հոկտեմբերին Պաշտպանութեան նախարար նշանակուած Վիգէն Սարգսեանը, որը ՀՀԿ-ի շարքերը մտաւ 2016-ի Նոյեմբերին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ-ն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը։ Ցուցակում երկրորդը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, իսկ երրորդ տեղում արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանը։ Ցուցակում ընդգրկուած չէ ինքը՝ գործող նախագահ Սերժ Սարգսեանը, ինչը առիթ տուեց euronews –ի լրագրող Ադրէյ Բեկետովին հետաքրքրուել, արդեօք սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսեանը պատրաստւում է հեռանալ քաղաքականութիւնից։ Սերժ Սարգսեանը բացատրեց հետեւեալ կերպ. «Դա նշանակում է, որ մենք ուշադրութեան կեդրոնում ենք պահում մեր ընդդիմութեան մտահոգութիւնը, թէ ընտրական գործընթացում կարող են օգտագործուել վարչական ռեսուրսներ։ Դա նաեւ նշանակում է, որ մենք երիտասարդների համար քաղաքականութեան մէջ ինքնարտայայտուելու հնարաւորութիւններ ենք ստեղծում։ Ես արդէն 10 տարի է՝ Հանրապետական կուսակցութեան նախագահն եմ եւ մնում եմ նոյն կարգավիճակում»։ Հանրապետականի կարգախօսն է՝ «Անվտանգութիւն եւ առաջընթաց»։ Սա իշխող կուսակցութեան երրորդ կարգախօսն է։ 10 տարի իշխանութեան գլուխ անցած կուսակցութեան նախորդ կարգախօսներն են եղել «Առաջ, Հայաստան» եւ «Ապահով Հայաստան»։
8 «Հայկական Վերածնունդ» կուսակցութիւնը նախկին ՕԵԿ-ն է, այսինքն Օրինաց Երկիր Կուսակցութիւնը։ 136 հոգանոց ցուցակը գլխաւորում է կուսակցութեան նախագահ Արթուր Պաղտասարեանը։ Կարգախօսն է՝ «Քուէարկի՛ր յանուն վերածննդի»։
9 «Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան» դաշինքը միաւորուել է երեք անունների հիման վրայ. նախկին Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի, (2016-ի աշնանը դարձաւ նախկին նախարար), Հայաստանի Հանրապետութեան առաջին Արտաքին գործերի նախարար (1991-1992), «Ժառանգութեան» առաջնորդ Ռաֆֆի Յովհաննիսեանի եւ նախկին Արտաքին Գործերի նախարար (1998-2008) Վարդան Օսկանեանի։ Այս դաշինքի անունից իր թեկնածութիւնն է առաջադրել կալանավայրում գնուող քաղբանտարկեալ Անդրէաս Ղուկասեանը։ Դաշինքի կարգախօսն է «Ժառանգութիւն, համախմբում, յաղթանակ»։