Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների շուրջ Հայաստանում՝ Էջմիածնում, տեղի ունեցած հանդիխումից հետո պաշտոնական հայտարարություն է արվել։
Պատրիարքական ընտրության շուրջ Էջմիածնում կայացած հանդիպումն ավարտվել է։ Մինչև Մարտի 15-ը նախատեսվում է տեղապահ ընտրել, իսկ Արամ Աթեշյանը հրաժարվելու է պարիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից։ Հանդիպման արդյունքները հրատարակվել են Մայր Աթոռի կողմից։
Հայտարարությունը՝ ստորև․
Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Փետրվարի 23-ի հանդիպումից առաջ, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գարեգին, Արամ և Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև միասնական աղոթք կատարեցին` Կ.Պոլսի դարավոր Պատրիարքական Աթոռի պայծառության, առկա մարտահրավերների հաղթահարման և պոլսահայ համայնքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման համար: Աղոթք բարձրացվեց առ Աստված նաև Աթոռի հանգստյան կոչված գահակալ Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար, ով Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում շարունակում է մնալ մշտական խնամքի տակ:
Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Հայրերին հորդորեց Պատրիարքական Աթոռի գերագույն շահի գիտակցությամբ` ամենայն ջանք ի գործ դնել հոգևորականաց միջև և պոլսահայության կյանքում փոխըմբռնման, հաշտության ու եղբայրասիրության ոգու ամրապնդման համար: Նորին Սրբության թելադրությունն էր փոխհասկացողությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնների ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կողմից որդեգրված կանոնական և ավանդական ընթացակարգերի պահպանությամբ լուծման առաջնորդել Պատրիարքական ընտրությունների ողջ գործընթացը:
Ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Սրբազան Հայրերի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրվեցին անհրաժեշտ լուսաբանություններ, ներկայացված տեսակետների շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբանները նաև առանձնաբար քննարկեցին Պատրիարքության առջև ծառացած մարտահրավերները: Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեց հետևյալ ընդհանուր համաձայնությունը.
- Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները,
- Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին,
- Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և աշխարհականներից կազմված հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,
- Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ մարմնի ընտրությունները՝ Պատրիարքության ընկալյալ ընթացակարգերի համաձայն։ Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի,
- Նախաձեռնարկ մարմինը ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Կրոնական ժողովին և հանրությանը` ընտրությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ,
- Պատրիարքական ընտրությունները՝ վեցամսյա ժամկետում տեղի չունենալու պարագայում, Կրոնական ժողովի հրավերով Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովը և համայնքային
հաստատությունների ատենապետերի ժողովը իրենց վերապահված լիազորությունների շրջանակում
դնում են տեղապահի և Նախաձեռնարկ մարմնի վստահության քվեի հարցը,
- Նախաձեռնարկ մարմինը ընտրական շրջանում հավասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներին՝ իրենց ընտրական քարոզչությունը իրականացնելու համար: