dzovinarlok@gmail.com
Տոլստոյն իր օրատետրում մի անգամ գրեց. «Հազուագիւտ տղամարդ կարող է հասկանալ, թէ ինչ նշանակութիւն ունեն եւ ինչ տեղ են գրաւում զաւակները կնոջ կեանքում, եւ առաւել հազուագիւտ կին կարող է հասկանալ, թէ ինչ է տղամարդու համար պատուի հարցը…»։
Մի երգ է մտել հոգուս մէջ եւ ես կարող եմ այդ երգը անդադար մտիկ անել. երգը կոչւում է «Պատիւ Ունեմ»։ Պատերազմը խլում է մեզնից երիտասարդներին եւ բերում իր հետ մէկտեղ երգեր, որոնք օգնում են դիմակայել ցաւին եւ լրացնել կորուստից առաջացած դաժան դատարկութիւնը.
«Կեանքս կու տամ հայերինիքիս, հոգին Աստծուն, պատիւս ինձ, զէնքս որդուս, իսկ սէրս մայրերին կու տամ։ Հպարտ հայեացք, բարի ժպիտ, վերջին խօսքեր պատիւ ունեմ… Պիպլիական Մասիսի պէս դուք միշտ հպարտ հայոց սպաներ պատիւ ունեմ»։
Ամրապնդել դիրքերը
Նախորդ թիւի մէջ նշել էի, որ խորհրդարանական ընտրութիւնները Ապրիլի 2-ին են լինելու եւ որ այդ օրը սեւ օր էր դարձել Հայաստանի համար Ատրպէյճանի լայնածաւալ յարձակման պատճառով։ Մեր տղաները իրենց կեանքի գնով պահեցին երկրի պատիւը, եւ մի պահ թուաց, թէ պատուախնդրութիւն կը դրսեւորեն նաեւ իշխանաւորները, որոնք պատասխանատուութիւն կը զգան ու նաեւ կը կրեն այն բանի պատճառով, որ իրենց համար ազերիների յարձակումը անակնկալ էր։ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը պատուազուրկ չլինելու համար պիտի հրաժարուէր իր պաշտօնից։ Բայց ամէն ինչ մնաց իրենց տեղերում, միայն թէ Ազգային Ժողովի փողուորները անակնկալի եկան երիտասարդների նման զոհաբերութիւնից եւ եզրակացութիւն արեցին, որ կարող են հանգիստ շարունակել հարստութիւն կուտակել եւ ամրապնդել իշխանութեան դիրքերը, չմոռանալով նաեւ առաջնագծի դիրքերում նորամուծութիւններ մտցնելու մասին։ Զարմացան ի հարկէ, որ երկիրը ոչինչ չէր տուել այդ երիտասարդներին, իսկ նրանք իրենց կեանքը տուեցին։ Հասարակութեան մէջ նոյնիսկ ձայներ հնչեցին, թէ իշխանաւորների դղեակների համար կեանքերը տուեցին նրանք, ովքեր ապրելու տարրական պայմաններ չունէին։ Օրինակ, գլխատուած Քյարամ Սլոյեանը բնակւում էր մի տան մէջ, որը տանիք չունէր, միւս զոհուածների բնակարանների պատկերը նոյնպէս խորը ցաւ պատճառեց եւ նախագահը յանձնարարեց պայքար սկսել կաշառակերութեան դէմ, որի պատճառով բանակը թալանի էր ենթարկուել։ Ոչինչ չստացուեց բացի զաւեշտից։ Եւ պայքարի դուրս եկաւ «Սասնայ Ծռեր» զինեալ խումբը, որը իր կեանքի գնով որոշեց փոխել երկրի անհեթեթ իրավիճակը, սակայն հասկանալով, թէ ինչպէս կ՚անդրադառնայ իրենց մահը ժողովրդի վրայ, նրանք զէնքը վայր դրեցին եւ յանձնուեցին։ Այնպէս որ եթէ ցանկանանք իրական ընդդիմադիրներ փնտռել, ապա կը գտնենք նրանց միայն բանտերում, ուր յայտնւում են բոլոր նրանք, ովքեր փորձում են ինչ-ինչ միջոցներով փոխել երկրի անհեթեթ վիճակը։
Ընտրազանգուած, ընտրազանգուած
Անհաւատալի է, բայց ընտրութիւնների շեմին հայաստանցիներին միայն մի բան է հետաքրքրում. երբ են նրանց տան դուռը թակելու եւ 5.000 դրամ ընտրակաշառք առաջարկելու։
Անկախութեան տարիների ընթացքում մի իմաստութիւն իւրացրեցինք։ Ընտրազանգուածի մեծամասնութիւնը՝ 95%-ը բաղկացած է ինքնուրոյն մտածելու կարողութիւն չունեցողներից։ Եւ սա վերաբերւում է ողջ մարդկութեանը, ոչ թէ միայն Հայաստանին։ Եւ սա վերաբերւում է ոչ միայն նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւններին, այլ ընդհանրապէս ընտրութիւններին, այսինքն ինչ Է մարդն ընտրում, օրինակ, լսելու համար, դիտելու համար։ Ամբոխը միշտ մտիկ է անում ծանօթ եւ ծեծուած երաժշտութիւնը, դիտում է դիւրամատչելի սերիալները, մտիկ է անում լուրերը առանց հարցականի տակ դնելու նրանց իսկութիւնը։ Եւ վերցնելով ընտրակաշառք, ծախելով 10 տոլարի դիմաց իր ձայնը, նա համոզուած է, որ առանց նրա ձայնի էլ ամէն ինչ կանխորոշուած է, իսկ 5.000 դրամով նա գոնէ առեւտուր կանի…
Նորագոյն ընդդիմադիրների պատուախնդրութիւնը
«Սասնայ Ծռեր»-ի գործողութիւնը ստիպեց երկրի նախագահին միջոցներ ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։ Նա փոխեց վարչապետին եւ պաշտպանութեան նախարարին։ Եւ այսպիսով վերջապէս արթնացրեց նրանց պատուասիրութիւնը։ Սեյրան Օհանեանը անցաւ ընդդիմադիրների դաշտ եւ ելոյթ ունեցաւ հետեւեալ կերպ.
-Մենք պէտք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան՝ եթէ մենք չկարողանանք փոխել այսօրուայ այս արատաւոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրութիւնների միջոցով, ապա վաղը մենք կը կանգնենք յեղաշրջումների կամ էլ արիւնոտ յեղափոխական ցնցումների վտանգի առաջ։
Իսկ պաշտօնանկ արուած վարչապետ Յովիկ Աբրահամեանի պատիւը չդիմացաւ եւ նա դուրս եկաւ իշխող հանրապետական կուսակցութիւնից, ինչին նախագահ Սերժ Սարգսեանը այլաբանօրէն արձագանգեց հանրապետական կուսակցութեան նիստին.
-Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կեանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առուակները, որոնք պոկւում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նոյն հոսքի մէջ, չորանում ու գնում են։ Սա է բնութեան օրէնքը։
Յովիկ Աբրահամեանը հակադարձեց.
-Մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առուակների միաւորում։ Բայց ինչ-որ պահից գետ լցուող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կը մխտռեն ողջ մայր հունը, անպիտան կը դառնայ ամբողջը։ Մի գուցէ մինչ այդ պոկուած՝ դեռ սեփական հողի հոտը կրող առուակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնէ մէկ-երկու բնակավայրի կեանք պագեւել։
Իսկ ահա թէ ինչ կոչ է անում «Հետք» ելեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Պաղդասարեանը.
-Դաշինքներ կազմելու, ձեր փեսաներին այնտեղ խցկելու փոխարէն, գումարտակներ կազմէք, կրակել եւ պաշտպանուել սովորէք։
Ասում են կաղամարները ուղեղ ունենում են, բայց այն մեռնում է անօգտագործութեան պատճառով։
Երեւում է խիղճ, ամօթ եւ նման բարոյական յատկանիշներ բարձրաստիճան պաշտօնեաները նոյնպէս ունենում են, բայց իշխանութեան աթոռը զբաղեցնելուց յետոյ կորցնում են դրանք անօգտագործութեան պատճառով։ Այնպէս որ աւելորդ է նրանց հարցնել, արդեօք նրանք մտիկ անո՞ւմ են «Պատիւ Ունեմ» երգը։