ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
3տարի առաջ Յունուարի 20-ին ողջ Հայաստանը ցնցեց հերթական լուրը Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծի վերաբերեալ. դիրքերից մէկի վրայ կատարուել էր յարձակում, որի արդիւնքում զոհուել էր կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանը։ Լրագրողները փորձեցին պարզել մանրամասները, բայց մանրամասներին տիրապետում էր միայն...Արմէնը եւ նրա դիմադրութեան, հակառակորդի տիվերսիոն խմբի հետ տուած կռուի եւ նահատակման մասին կարող էր պատմել միայն այդ դէպքից մնացած Արմէնի զինուորական համազգեստը, որը ոտքից գլուխ գնդակոծուած էր...Հերո՛ս ծնուեց։ Եւ սկսեց ապրել, որովհետեւ նրան սկսեցին ուղղել նամակներ, նրան սիրում էին, սիրահարւում եւ հպարտանում նրանով։
Մարինէ Յովհաննիսեանի առաքելութիւնը
Տեսնելով համացանցում Արմէնի մօրը՝ Մարինէ Յովհաննիսեանին, բոլորն ապշում էին. որտեղի՞ց է որդեկորոյս մայրը ուժ գտնում կեանքը շարունակելու համար։ Պարզւում է, որ այդ ուժը նրան տալիս է հէնց որդին՝ Արմէնը, որը դարձաւ մօր համար ԼՈՅՍ։ Ահա թէ ինչ ասեց ինձ մի անգամ Մարինէն.
-Մարդկային ցաւերից ԱՄԵՆԱՄԵԾԸ որդու կորուստն է։ Սիրելի Ծովինար, հաւատացէք, որ իմ լուսաւոր վշտի մէջ, այո, այո...լուսաւոր...միանգամայն համոզուած եմ՝ ԱՍՏԾՈՅ նախախնամութեամբ ինձ համար մի պարզ ճշմարտութիւն բացայայտեցի...Եթէ ԱՍՏԾՈՅ կամօք պիտի ապրեմ որդուցս յետոյ, ուրեմն այդպէս էր պէտք եւ ուրեմն առաքելութիւն ունեմ դեր կատարելու...Ինձ միայն մնում է կրկնել որդուս՝ ինձ համար արդէն վաղուց ուղեցոյց դարձած խօսքերը. «Հասկանում եմ բոլորին ու միայն գիտեմ, որ զօրամասում եւ աշխարհի իմ շրջապատում շատ անելիքներ ունեմ եւ զգում եմ, որ շատ եմ անհրաժեշտ բոլորին եւ պատրաստ եմ նրանց ծառայել եւ ինքս խնդիր չառաջացնել։ Կարող եմ օգնել խորհրդով, խօսքով եւ գործով»։ Արմէնի ապրեցնող այս խօսքերը օգնեցին ինձ եւ ես իրաւունք չունեմ թուլանալու, չէ՞ որ ես եմ իրեն լոյս աշխարհ բերել եւ մինչեւ վերջին շունչս չեմ դաւաճանի որդուս ու գիտեմ, որ մի օր կը հանդիպեմ նրան...ու գլուխս չեմ կախի ամօթից...
Եռաբլուրում
Յունուարի 20-ին Եռաբլուրում ձիւնոտ էր, ինչպէս Երեւանում ամենուրեք արդէն երկու ամիս շարունակ։ Ձիւնով ծածկած շիրիմների վրայ չէր երեւում նահատակուած զինուորների անունները, բայց Արմէն Յովհաննիսեանի գերեզմանը մաքրած էր ձիւնից, քանզի մեզանից առաջ Արմէնին այցելել էին դպրոցականները, իսկ ընտանիքի անդամների հետ մէկտեղ եկան նաեւ ռազմական համալսարանի ուսանողները։ Արմէնը նայում էր մեր վրայ շիրմաքարի երկու կողմից, մենք ծաղիկներ դրեցինք, խունկ վառեցինք եւ Տէր Յարութիւնը հոգեհանգստի պաշտօն կատարեց. մէկն ապրում է, որ մեռնի, միւսը մեռնում է, որ ապրի…։ Չափազանց ճիշդ եւ ճշգրիտ բառեր էր գտնում եւ արտասանում։
Այս պանթէոնը ստեղծուել է մեր երրորդ հանրապետութեան ժամանակ եւ ես երկար տարիներ չէի յանդգնում այցելել այն՝ մտածելով, որ հնարաւոր չի լինի նայել մատղաշ տարիքի նահատակների շիրիմներին եւ խուսափել հոգեկան տագնապից։ Սակայն տագնապի փոխարէն ես հպարտութիւն, իւրայատուկ հանդարտութիւն եւ պաշտպանուածութիւն զգացի, որովհետեւ հերոսները տարբերւում էին միւս բոլոր ննջեցեալներից։ Այստեղ ոչ ոք ո՛չ արկածից էր կեանքից հեռացել, ո՛չ հիւանդութիւնից, ո՛չ էլ ծերութիւնից. բոլորը երդում էին տուել կեանքը չխնայել յանուն հայրենիքի եւ երդումը կատարել էին, որպէսզի յաւերժ ապրի նրանց հայրենիքը։ Եթէ միւս բոլոր գերեզմանատներում անհաւասարութիւն է տիրում, ինչպէս կեանքում եւ ունեւորների գերեզմանները հեգնանքով եւ արհամարհանքով են նայում աւելի համեստ գերեզմանների տէրերին, ապա այստեղ տիրում է հաւասարութիւն չափսերի եւ ճոխութեան իմաստով, ուստի ուշադրութիւն ես դարձնում միայն անուններին եւ դէմքերին, որոնք երբեք այլեւս չես կարողանում մոռանալ։
Արմէնի փառքի անկիւնում
Արմէնի տունը գտնւում է հին Աւանում։ Տան պատին ծածանւում են Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դրօշները։ Երկյարկանի տան առաջին եւ երկրորդ յարկում գտնւում է Արմէն Յովհաննիսեանի ՓԱՌՔԻ ԱՆԿԻՒՆԸ։ Այնքան շատ մարդիկ են այցելում Արմէնի տունը, որ ծնողները որոշեցին իւրատեսակ թանգարան սարքել այցելուների համար։ Լուսանկարներ, կրկին լուսանկարներ եւ նամակներ ու նամակներ, գրուած Արմէնին, որին ժողովուրդը ճանաչեց շնորհիւ իր հերոսական մահուան. նա միայնակ դուրս եկաւ տիվերսիոն խմբի դէմ եւ կռիւ տուեց մինչեւ վերջին փամփուշտը։ Այնուհետեւ…Մի՛ հարցրէք ինչ եղաւ յետոյ, փառքի անկիւնում պահւում է Արմէնի զինուորական համազգեստը, որը գլխից մինչեւ ոտքեր գնդակոծուած է։ Այդ տեսնելով ձեր սիրտը կ՚ալեկոծուի եւ մարմինը կը դողայ, սակայն դուք կը բացէք հաստ տետրը, որ դրուած է լուսանկարների տակ եւ կը սկսէք գրել Արմէնին, համոզուելով, որ իրականութեան մէջ նա կայ, նրան չեն սպաննել…Նա չի սպաննուել…Ահա թէ ինչ է գրում Արմէնի մայրը, Մարինէ Յովհաննիսեանը.
-Երբեւէ լսե՞լ էք դիրքապահ զինուորների երդումը մարտական հերթափոխից առաջ…«Ժողովրդի կողմից վստահուած պետական սահմանի մարտական դիրքը երդւում եմ պահել …անձնուիրաբար…Պատրաստ եմ կրելու հայրենիքի զինուորի յաւերժական կոչումը…» Այսօր իմ տղան հանգչում է փառքի պանթէոնում՝ Եռաբլուրում, բոլոր այն քաչազունների կողքին, ովքեր սեփական արեամբ են գծել հայրենիքի սահմանները…
Ծառայակիցները ասել են Արմէնի մասին, որ նա վախենում էր միայն մի բանից՝ անիմաստ մահից եւ դա յիշեցրել է Մարինէին Նժդէհի Ճշմարիտ հերոսի բնորոշման մասին, ըստ որի նա վախենում է միայն մի բանից՝ փոքրիկ մահով մեռնելուց։
Միայն թէ մայրս մահս չիմանայ
Մի բանից էլ են վախենում զինուորները. որպէսզի իրենց մահուան մասին մայրերը չիմանան։ Մարինէի կողքին էին այդ օրը եւս երկու որդեկորոյս մայրեր։ Սարգսեան Արմինէն, որը կորցրել էր իր 19 տարեկան որդուն 2010-ին Մարտակերտի շրջանի Չայլու գիւղում՝ հակառակորդի հարձակման արդիւնքում թէժ կռիւների ընթացքում։ Որդու անունն էր Մելքոնեան Պարոյր։ Իսկ միւս որդեկորոյս մայրը Ասատրեան Մարիետան էր, որի 19 տարեկան զաւակ Շիրազ Բարսեղեանը զոհուեց 2009-ին Չինարի գիւղի առաջնագծում՝ դիպուկահարի արձակած գնդակից։ Վերջին խօսքերն էին. մօրս չասէք իմ մահուան մասին։ Այսպիսով մահից աւելի զինուորը վախենում է, որ իր մահուան մասին կ՚իմանայ մայրը։ Բայց դեռ ողջ են նաեւ մայրերի մայրերը։ Ահա թէ ինչ է գրում Արմէնին նրա մեծ մայրը.
-Իմ սիրելի թոռնիկ Արմէն ջան, ե՛ս պիտի մեռնէի, ոչ թէ դու, բայց դու չմեռար, դու քո կեանքը նուիրաբերեցիր հայրենիքին, քո ընկերներին, մեզ բոլորիս։
Արմէնը ունէր երեք քոյրեր՝ Լիլիթ, Տաթեւ եւ Արմէնուհի. կարո՛ղ ենք երեւակայել, թէ ինչ սիրով է շրջապատուած եղել կրտսեր եղբայրը եւ ի՛նչ ցաւ է խոցում այժմ նրանց սրտերը։ Ահա թէ ինչ է գրում նրա մօրաքրոջ աղջիկ Գոհարիկը.
-Շատ էի չարացել աշխարհից, չէի կարողանում համակերպուել իրականութեան հետ, բայց գիտակցում էի արարքիդ արժէքը ու ինձ թւում է, որ ես էլ նոյնը կ՚անէի…
Եւ կրկին դիմեմ Մարինէ Յովհաննիսեանի խօսքին.
-Երազում էր դիրքում մատուռ կառուցելու մասին, որպէսզի տղաներով աղօթէն…Այսօր հայրն իրականացրել է որդուս երազանքը, մի փոքրիկ ու հպարտ խաչքար է կանգնեցրել դիրքում, ճիշդ այն տեղում, որտեղ նահատակուեց որդիս... Իսկ ընկերները իրենց ձեռքերով մատուռ կառուցեցին դիրքում…Զօրամասում վեր է խոյանում Արմէնի յուշաքարը, որի վրայ գրուած է Արմէնի թեւաւոր դարձած խօսքը.
«Բոլոր դիրքապահները թագաւոր տղերք են»…