ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
10տարի անցաւ…Այն վայրկեանից, երբ մարդը հեռանում է կեանքից, յաւերժութիւնն է ներս մտնում. մենք չենք ասում, որ նա 5-10 րոպէ առաջ դեռ ողջ էր կամ 10 տարի առաջ դեռ կար, մահը գուժում է, որ նա չկայ արդէն մի ամբողջ յաւերժութիւն։ Որովհետեւ ընդհանրապէս մենք յաւերժութեան ծնունդն ենք եւ աշխարհ գալով՝ մտնում ենք սահմանափակ ժամանակի մի տարածք, որն ի զօրու ենք ապրել ըստ մեր ընտրութեան։ Հրանդն ընտրեց ճշմարտութիւնն ազատ բարձրաձայնելու ուղին, ստեղծելով Թուրքիայում խօսող հայի նախադէպ եւ այդ ընտրութեան արդիւնքում 2007-ի Յունուարի 19-ին ողջ աշխարհին հեռատեսիլով գամեց մի պատկեր, որտեղ թերթի խմբագիրը ընկած էր՝ միքանի քայլ չհասած իր թերթի խմբագրատան դրանը…
Ի՛նչ կլինի, երբ արեւը մարի։ Մարդիկ կ՚անդրադառնան, որ նրանց գլխավերեւում մինչեւ հիմա արեւ կար։ Սկզբից նրանց շունչը կը կտրուի այն քաղաքում, այն երկրում, որտեղ այլեւս Հրանդ չկայ, նրանց աշխարհը դարձաւ անՀրանդ։ Անշունչ։ Անձայն։ Առանց սրտի, որ բաբախում էր անձայնների եւ անպաշտպանների համար։ Նրանք կհաւաքուեն «Ակօս»ի խմբագրատան առջեւ եւ կսպառնան սպաննութեան հեղինակներին, հաշիւ կը պահանջեն։ Նրանք նաեւ կը զգան, որ նոյնպէս ձայն ունեն։
Արդարութիւն տենչող ձայն։ Նրանք կը պարզեն նաեւ, որ արդարամիտները ամենեւին էլ քիչ չեն եւ Հրանդին հրաժեշտ տալու օրը նրանք կը քայլեն խմբագրատնից մինչեւ Աքսարայ եւ այդ երկար ճանապարհին նրանք կը զգան մարդ լինելու պատիւը, որը կորել էր 1915-ից ի վեր եւ որի մասին Հրանդը ասել էր հետեւեալը. «Եթէ ցեղասպանութեան փոխարէն տեղահանութիւն ասենք կամ տեղահանութեան փոխարէն ցեղասպանութիւն, ապա մեր մարդ լինելու պատուի ո՞ր մասնիկը կը փրկենք», յաւելելով, որ պէտք է կարողանալ երկուսն էլ նոյն չափով դատապարտել։ Հրանդի սպաննութեան օրը իր գրքերով լի առանձնասենեակում սեղանի վրայ դարսուած գրքերի վրայ նրան սպասում էր պատճենահանուած «Սարսափ աշխարհի մէջ՝ Նահատակ Հայաստան» գիրքը։ Բայց հետաքրքիրն այն է, որ նա՝ ապրելով Թուրքիայում եւ լինելով հայազգի թրքահպատակ, երբեք չապրեց զոհի հոգեբանութեամբ եւ չընդունեց բողոքողի կեցուածք։ Հրանդն իր առաքելութիւնը տեսնում էր չիմացութիւնը փարատելու մէջ եւ համարձակութեան թեւերը պարզած սլանում էր, լաւ գիտակցելով, որ մահը կարող է ամէն վայրկեան վրայ հասնել եւ ընդհատել իր ընտրած ուղին։ Արդէն 2004-ին լոյս էր տեսել «Ակօս»ում նրա յօդուածը թուրք խորհրդանիշ Սապիհա Կէօքչէնի հայկական ծագման մասին եւ այդ յօդուածը արտատպուել էր ամենամեծ տպաքանակ ունեցող «Hürriyet» օրաթերթում։ Իսկ 2005-ին Հրանդը՝ առիթ ունենալով հանդէս գալ խորհրդարանում, բացատրեց պատգամաւորներին սփիւռքի հոգեվիճակը կենսափիլիսոփայութեան տեսանկիւնից.
-Ելնելով կենսափիլիսոփայութիւնից կենդանի էակը կապուած է իր կենսամիջավայրի հետ, նրանց կապն է հէնց կեանքը եւ այդ պատմական կապի շնորհիւ է ծագում մշակոյթը, քաղաքակրթութիւնը…
Հրանդը խօսում էր «տեղահանութեան» մասին, որով Թուրքիայում փոխարինուել էր «ցեղասպանութիւն» եզրը, քանզի, ինչպէս ակնարկել էր Պասքըն Օրանը, «ցեղասպանութիւն» եզրը հաւասարազօր է «քաղցկեղ»” ախտորոշմանը, որը համարւում է անբուժելի հիւանդութիւն։
Այնուհետեւ Հրանդը շարունակեց.
-Նոյնիսկ եթէ դուք ոսկէ ինքնաթիռներով տեղափոխէք ժողովրդին մի ուրիշ վայր, միեւնոյնն է, դա կլինի ցեղասպանութիւն, որովհետեւ դուք նրան կը կտրէք արմատներից եւ ազգը կը դադարի ազգ լինելուց։ Ուրիշ տեղում հայը ջանք է գործադրում, որ հայ մնայ։
Եւ յաւելեց.
-Դուք դա չէք կարող հասկանալ, որովհետեւ այս հողերի վրայ դուք ջանք
չէք թափում, որպէսզի թուրք մնաք…
Ո՞վ էր Հրանդին տուել այդ համարձակութիւնը նման անվախ ելոյթ ունենալ թուրքական խորհրդարանում։ Ոմանք կը տան աստուծոյ անունը, իսկ իրականում հողն է ծնում մարդուն եւ հողն էլ ուժ եւ իմաստութիւն է տալիս նրան…
Ի՞նչ եղաւ 2007-ի Յունուարի 19-ին. արեւը կարծես թէ մարե՞ց։ Սակայն այն սկսեց շողշողալ արդէն Թուրքիայում ապրող մարդկանց գիտակցութեան մէջ։
Ամէն ոք մահով է վճարում իր ապրած կեանքի համար։ Եւ միայն հազուադէպ անձեր իրենց ապրած կեանքի համար կեանքով են վճարում…