dzovinarlok@gmail.com
Արդէն ուրուագծւում է դարի բնոյթը։ Սկիզբ առնելով Նիւ-Եորքի երկուորեակ-աշտարակների պայթիւնից 11 Սեպտեմբեր 2001-ին, դարը հրաժարուեց այն պատերազմի ձեւերից, որոնք բնորոշ էին 20-րդ դարին։ Այո, 20-րդ դարն էլ սկսուեց պատերազմից, որը մենք ասում էինք համաշխարհային, իսկ Սովետական Միութիւնից դուրս՝ աշխարհամարտ, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ այդ առաջին աշխարհամարտը դեռ շարունակւում է, թեւակոխելով 100 տարին։ Հենց առաջինը ծնեց երկրորդ աշխարհամարտը. Գերմանիան աշխարհը խառնեց իրար՝ չբաւարարուելով առաջինի հետեւանքներից, իսկ ՄԱԿ-ի ստեղծումը 1945-ին, որը կոչուած էր զսպել ռազմական ընդհարումները եւ պահպանել աշխարհի խաղաղութիւնը, կանխեց միայն պատերազմների համաշխարհային բնոյթը, բայց չազատեց երկրագունդը ցնցումենրից եւ ցեղասպանութիւններից։ Փոխանակ բոլոր երկրները միանային մի ընտանիքում, որտեղ չէր լինի փակ դռներ, Եւրոպական 28 երկրներ միացան Եւրոմիութեան մէջ՝ հակադրուելով Երկրագնդի մնացած բնակչութեանը։ Եւ մինչ մարդիկ ամէն գնով ձգտում են մտնել Եւրոպական դրախտավայր, ինքնիշխանութիւնը կորցրած այդ երկրները դժգոհութիւններ են ունենում, որի արդիւնքում Մեծ Պրիթանիան ցանկացաւ վերականգնել իր ինքնուրոյնութիւնը, իսկ Ֆրանսիայի «Ազգային Ճակատ» կուսակցութեան առաջնորդ Մարին Լը Փենը խոստացաւ, որ նախագահական ընտրութիւններում իր յաղթանակի դէպքում նա անմիջապէս կը կազմակերպի հանրաքուէ՝ ԵՄ-ից դուրս գալու նպատակով։ Այսօր պատերազմ կոչուածը ալիքաձեւ է եւ ահաբեկչական բնոյթի է։ Խաղաղութեան պայմաններում յայտնւում է մարդասպանը եւ սովորական բեռնատարով քշում մարդկանց վրայ. սպաննուողը սպաննւում է ահաբեկչական վայրում, իսկ երկրագնդի 7,3 միլիառ բնակչութիւնը կորցնում է հաւատը։ Ի՞նչ հաւատ։ Խաղաղութեան հանդէպ հաւատ։ Մի տարբերութիւն էլ ունի 21-րդ դարը 20-րդի համեմատ։ Այսօրուայ սպանութիւնները դարձան տեսանելի. ողջ աշխարհը տեսաւ, թէ ինչպէս ռուս դեսպան Անդրէյ Քառլովի երեսը ցաւից այլայլուեց եւ նա կեանքից հեռացաւ հարազատների աչքի առաջ։
Ահաբեկչութիւնը սնունդի պէս է դարձել. առաւօտուայ նախաճաշին, յետոյ ճաշին եւ ընթրիքին մահերով ենք սնւում։ Ահա եւ Դեկտեմբերի 25-ի առաւօտեան հազիւ աչքներս բացեցինք, իսկոյն իմացանք Սոչիի աղէտի մասին, որը տեղի ունեցաւ Սեւ Ծովի վրայ։ Սոչի քաղաքն ինքը օդանաւակայան չունի, այն գտնւում է Ադլեր բնակավայրում՝ Սոչիից 30 քմ հեռաւորութեան վրայ։ Առաւօտուայ ժամը 5.25-ին TU-154 Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութեան օդանաւը բարձրացաւ օդ, իսկ 5.27-ին անհետացաւ ռատարների էկրաններից։ 5.32-ին կործանուեց։ Պաշտօնապէս իսկոյն յայտարարեցին, որ օդանաւի կործանումը ահաբեկչութիւն չի, բայց ոչ պաշտօնական փորձագէտները հաստատեցին, որ օդանաւը ինկաւ արդէն քանդուած վիճակում, իսկ դա լինում է միայն պայթիւնի դէպքում, քանզի բեկորները տարածուել էին 15 քմ տարածութեան վրայ։ Եթէ պատճառը լինէր տեխնիկական անսարքութիւնը կամ օդաչուի սխալութիւնը, ապա օդանաւը օդում չէր քանդուի։ Այնուհետեւ յիշեցրին 2015-ի Հոկտեմբերի 31—ին կատարուած աղէտի մասին, երբ Եգիպտոսից Ռուսաստան ուղեւորուող 321 օդանաւը 224 ուղեւորներով եւ 7 հոգի անձնակազմով պայթեց չուերթի 23-րդ րոպէի Սինայի թերակղզու վրայ։ Ռուսաստանը պաշտօնապէս բացառում էր ահաբեկչութիւնը, մինչդեռ ողջ աշխարհը պնդում էր այդ մասին եւ վերջապէս 2 շաբաթ անց Քրեմլը ստիպուած ընդունեց, որ դա Իսլամական Պետութեան սարքածն էր։ Ռուսաստանը որպէս Սովետական Միութեան ժառանգորդ վարժուած չէ ճշմարտութեան բարձրաձայնմանը. ճշմարտութիւնը ժողովրդի համար չէր։ Սակայն 21-րդ դարը 20-րդ դարի համեմատ թափանցիկ է, ճշմարտութիւնը ներթափանցում է առանց զսպաշապիկի եւ հնարաւոր չի թաքցնել ժողովրդից այն փաստը, որ ի պատասխան Հալէպի ոչ միայն ՌԴ-ան դեսպանը սպաննուեց Անգարայում, այլ նաեւ կործանուեց պաշտպանութեան նախարարութեան օդանաւը, որի մէջ սովորական մահկանացուներ չէին։ Օդանաւում 92 հոգի կար, որից 8 հոգին անձնակազմն էր, միւս 8-ը՝ զինծառայողներ էին, 9 հոգի ներկայցնում էին 3 հեռուստաընկերութեան լրատւութիւն, 64-ը՝ Ա.Ալեքսանդրովի անուան Ռուսաստանի բանակի երգի եւ պարի համոյթի արտիստներն էին։ Ալեքսանդրովի համոյթը յայտնի է ողջ աշխարհում իր ռազմական երգերի կատարումներով եւ մեկնում էր Լաթաքիայ՝ ռուս զինուորներին ամանորեայ համերգ պարգեւելու համար։ Ալեքսանդրովի (1883-1946) թոռն ասաց, որ զոհուեց համոյթի լաւագոյն մասը.”Մենակատարները, երգչախումբը, ողջ աշխարհով շրջել էին, բայց զոհուեցին Ռուսաստանում։ Ուղեւորների մէջ էր նաեւ Ելիզավետա Գլինկան, որին ասում էին դոքտոր Լիզա։ Նա ղեկավարում էր «Ճշմարիտ Օգնութիւն» միջազգային հասարակական կազմակերպութիւնը, իրական օգնութիւն ցուցաբերելով թէժ կէտերում տուժած անձանց, յատկապէս երախաներին եւ պատրաստւում էր Ռուսատանում բացել առաջին հիւանդանոցը աղքատների համար։ Անտունների, փախստականների, հոգեկան հիւանդների համար… Այն մարդկանց համար, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն եւ ոչ ոք նրանց օգնութեան ձեռք չէր մեկնել երբեւէ։ Ինչո՞ւ ենք մենք իմանում այդպիսի մարդկանց մասին միայն նրանց կորուստի առիթով։