dzovinarlok@gmail.com
1Վարժութեան խնդիր է։ Թուրքիայում պայթիւններ են լինում։ Արդէն յաճախակի։ Ուստի մարդիկ վարժւում են եւ անտարբեր են դառնում պայթիւնների նկատմամբ։ Կարծես կինօ են նայում։ Հայաստանում այդպէս վարժուեցին «երկրաշարժի գօտի» հասկացութեանը։ Արդէն 28 տարի է Սպիտա կի երկրաշարժից յետոյ ունենք երկրաշարժի գօտի, որը պարպւում ու պարպւում է, բնակչութիւնն այդ գօտուց տեղափոխւում է մասնաւորապէս Թուրքիա եւ արդէն Ստամբուլում վարժւում է պայթիւններին։ Իսկ հայաստանցին վարժւում է սահմանին զոհուած զինուոր հասկացութեանը, որովհետեւ գրեթէ ամէն օր նման լուր է ստանում։ Ինչպէ՞ս ապրել դրա հետ, ինչպէս ապրել չապրողի հետ, որը պիտի դեռ ապրէր ու ապրէր։ Ո՛չ ոք գիտի։ Ամերիկեան գրող Մարք Թուէնը խորհուրդ էր տալիս ապրել այնպէս, կարծես թէ դրախտում ես ապրում, իսկ ռուս գրող Թոլսթոյը ընդհակառակը խորհուրդ էր տալիս ապրել այնպէս, կարծես թէ կողքի սենեակում երախայ է մահանում։ Ստացւում է, որ դրախտում մշտական մահ կայ։
2 Սլավոնական համալսարանում զազագիտութեան միջազգային գիտաժողով էր։ Հաւաքուած էին մասնակիցներ տարբեր երկրներից, որոնք ընդհանուր լեզու չունէին միմեանց հետ շփուելու համար։ Նախկին Սովետական Միութեան երկրներից եկածները, օրինակ, Դաղըստանից, Ղազախստանից, խօսում էին ռուսերէնով, Իրանից եկածները խօսում էին անգլերէնով, զազաները խօսում էին զազաերէն։ Ո՞ւր կորաւ հայերէնը։ Կազմակերպիչները բացատրեցին, որ սա միջազգային ֆորում է։ Այդ պատասխանը նշանակում է այն, որ միջազգային ընտանիքի մէջ հայը տեղ չունի իր հայերէնով նոյնիսկ սեփական երկրում։
3 Շարունակելով վերոնշուած նիւթը՝ պիտի նկատեմ, որ փառատօններում նոյնպէս խօսակցական լեզուն անգլերէնն է եւ համակարգողները արդարանում են փառատօնի միջազգային վարկանիշի հանգամանքով։ Յիշում եմ, վերջին թատերական փառատօնին Արսինէ Խանճեանը Պեռլինից մի ներկայացում էր բերել՝ Ավրորա-Արշալոյս Մարդիգարեանի (1901-1994) մասին։ Ներկայացում ասածն էլ երկու դերասաններ էին, որոնք խօսում էին անգլերէնով, ինչպէս նաեւ Արսինէ Խանճեանն էր խօսում անգլերէնով ներկայացման ատեն։ Հետաքրքիրն այն էր, որ նախապէս դահլիճում հաւաքուած հանդիսականներին բաժանեցին մէկ-երկու էջի վրայ զետեղուած ծանօթագրութիւններ… անգլերէնով։ Մարդիկ անշուշտ ուզում էին հայերէնով կարդալ այն, ինչ բեմից հնչելու է անգլերէնով, բայց հայերէն թռուցիկները մի ակընթարթում վերջացան։ Պարզապէս զարմանում ես մեր ժողովրդի համբերատարութեանը, որ 1,5 ժամ տեւողութեան ներկայացման ժամանակ՝ չհասկանալով անգլերէն լեզուն ունկնդրում էր ընդամէնը օդի տատանումը։ Ամէնէն արժէքաւոր մասը ինքը Մարդիգանեանն էր, որը երեւաց էքրանի վրայ տեսաձայնագրութեան միջոցով եւ պատմեց 1915-ի պատահածների մանրամասնութիւնները, սակայն երբ նա խօսում էր հայերէնով, իսկոյնեւէթ անգլերէն թարգմանութիւնն էր երեւում գլխավերեւում, իսկ երբ անցնում էր անգլերէնի, թարգմանութիւնը բացակայում էր եւ հայ հանդիսատեսը մնում էր անհաղորդակից։ Փառատօնի համակարգողները հարցրել են Արսինէ Խանճեանին, իսկ ինչպէ՞ս պիտի հասկանայ անգլերէն չիմացողը եւ մեր հանրաճանաչ Արսինէն պատասխանել է, որ ամէն հայ ծանօթ է նիւթին։ Մնում է ներողութիւն խնդրել արտասահմաններում անգլերէնին վարժուած մեր հայրենակիցներից այն բանի համար, որ մենք, հայաստանցիներս, մեր երկրում վարժուած ենք յատկապէս հայերէնի եւ կը ցանկանայինք այդ հայերէնով փառատօններում մասնակցելիս ինքներս մեզ թերուս չզգալ։
4 Օրերս այցելեցի Ջոտտօ, այսինքն Գեւորգ Գրիգորեանի (1897-1976) տուն-թանգարանը։ Տարեդարձի առթիւ հաւաքուել էին նկարչի երկրպագուները, արուեստագէտները, երիտասարդ-ուսանողները։ Մի հարց հնչեց, որը ինձ չափազանց խոցեց. արդեօք ո՞ր հորիզոնականի վրայ կարելի է դասել Ջոտտոյին։ Պարոնայք, եկէ՛ք կոտրենք կարծրատիպերը եւ հրաժեշտ տանք այն «պողպատէ» մտայնութեանը, որի համաձայն Սարեանը հսկայ է, իսկ միւսները թզուկներ, որոնք գործում էին սարի ստորոտում։ Եկէք ընդունենք, որ եւ Ջոտտօն, եւ Մինասը, եւ Կալենցը եւ… շարքը շատ մեծ է, ուստի շատ դժուար է, բայց պիտի ընդունենք, որ մեր կերպարուեստը Սարեանին հաւասար հսկաներ ունի եւ դա մենք ինքներս մեզ պիտի խոստովանենք, որպէսզի մարդկութեանը ծանօթացնենք նրանց հետ։ Պարզապէս չունենք նրանց հաւասար արուեստաբաններ, որոնք վարժութիւն կ՚ունենային ներկայացնել աշխարհի առջեւ մեր հսկաներին։