Արտասահմանեան մեր հայրենակիցները արդէն տօնածառն են զարդարում, իսկ մենք Հայաստանում… Ո՛չ, ամանորը մեզ մօտ ուշ է սկսւում։ Ամանորը յատկապէս սեղանն է։ Սեղանի պարունակութիւնը։ Աղէտի պէս բան է, որովհետեւ ծախսատար է, իսկ գումար որտեղի՞ց վերցնել. ասում են, Հայաստանի բնակչութեան 80% վարկերի տակ է, սակայն եթէ հայաստանցին խնամիներ ունի կամ հարազատի կորուստ է ունեցել այդ տարի, ապա ամանորին նրա տուն հիւրերի հոսք է լինելու, իսկ սեղանին պիտի գրեթէ ամէն ինչ դրած լինի։ Աւանդոյթ է։ Ուրեմն պարտք է անելու… Պարտք են անում հետեւալ պարագաներում. ամանորի, հարսանիքի եւ յուղարկաւորութեան, նաեւ զաւակի ուսման վարձը մուծելու համար, որից յետոյ յաճախ զրկւում են անշարժ գոյքից։
Կայ հետեւեալ մի բանաձեւ տոկոսադրոյքով փող վերցնելու մասին. մի ռուս գնում է հրեայի մօտ՝ պարտքով 1 ռուբլի վերցնելու համար.
-Տուր ինձ 1 ռուբլի՝ մէկ ամիս յետոյ վերադարձնելու պայմանով։
-Շատ լաւ, բայց կը վերադարձնես 2 ռուբլի։
-Լաւ։
-Բայց ի՞նչ երաշխիք կայ, որ դու ինձ կը վերդարձնես։ Տո՛ւր մի բան որպէս գրաւ։
-Վերցրու կացինս։
Տուեց հրեան ռուսին 1 ռուբլի եւ վերցրեց նրա կացինը։
Հրեան ասաց.
-Լսի՛, քանի դու 1 ռուբլի ունես, հիմա դու քո պարտքը վերադարձրու, իսկ յետոյ էլ մնացածը կու տաս։
-Վերցրո՛ւ։
Ահա գնում է ռուսը եւ մտածում. փող չունեմ, կացինս տուեցի եւ 1 ռուբլի էլ պարտք մնացի, բայց կարծես ամէն ինչ ճիշդ է։
Այս պատմութեան նման սնանկացել են ոչ միայն որոշ քանակութեամբ մարդիկ Հայաստանում, այլ ամբողջ գիւղեր… Այսօրուայ ամենամեծ չարիքը Հայաստանում վարկի տակ մնացածներն են, որոնց տները կալանքի տակ են։ Յիշում եմ, մի քանի տարի առաջ «Հետք»-ում կարդացի, թէ ինչպէս է վարկերի պատճառով պարպւում Գետիկ գիւղը. գիւղի մի բնակիչ 650 հազար դրամ վարկ էր վերցրել եւ պիտի վերադարձնէր մէկուկէս միլիոն դրամ։ Եւ ինչպէ՞ս էր պատրաստւում վերադարձնել։ Նա ունէր 8 երախայ, որից չորսը զոյգ էին ծնուել։ Կինը նորից էր յղիացել եւ նորից զոյգ էր սպասում։ Ահա այդ երախաների նպաստով ընտանիքը պատրաստւում էր մարել պարտքը։
Ամէն նոր վարչապետ յայտարարում է, որ եթէ մենք չվերացնենք կաշառակերութիւնը եւ ստուերում շրջանառուող գումարները, ապա երկիրը երկիր չի դառնայ։ Յանձնաժողովներ եւ խորհուրդներ են ստեղծւում ստուերի դէմ պայքարելու համար։ Ապօրինի հարստացման օրինագծեր մշակւում։ Բայց ինչպէ՞ս կարող է մարդն ինքն իրեն քացով տալ կամ ինքն իրեն ձերբակալել, այնպէս որ զաւեշտալի է հետեւել, թէ ինչպէս է գողը գողի դէմ պայքարի դուրս գալիս։
Եւ մինչ աղքատ հայաստանցիները չգիտեն, որտեղից փող գտնեն ամանորը դիմաւորելու համար, աւելի մեծ խնդրի առաջ են կանգնած գերհարուստ մարդիկ. ի՞նչ անել ահռելի գումարների հետ, որոնք ձեռք են բերուել յանցաւոր ճանապարհներով։ Նրանք դիմում են վաշխառութեան, որն այսօր պատճառ է դառնում երկու բեւեռների գոյակցութեանը. մի կողմից հարստացողներ, միւս կողմից ծայր աստիճանի հարստահարուողներ։ Ահա թէ ինչ է պատմում «Վելես» իրաւապաշտպան հասարակական կազմակերպութեան նախագահ Մարինա Պօղոսեանը.
-Մեր կազմակերպութեանը 3 տարի է դիմում են հիմնականում վաշխառութիւնից տուժած քաղաքացիներ։ Վաշխառութիւնը կապուած է առանձնապէս խոշոր չափի գումարների հետ։ Վաշխառութիւնը, այսինքն տոկոսով գումար տալը ինքնանպատակ չէ. կան յանցաւոր ճանապարհով ձեռք բերուած փողեր եւ յանցագործը չի կարող 17 տուն, 56 մեքենայ կամ 25 հատ հողակտոր առնել, եւ նա փողը տոկոսով է տալիս եւ վերջում տոկոսի տակ մնացած քաղաքացիների գոյքը ձեւակերպում իր մերձաւորների եւ ոչ մերձաւորների, նոյնիսկ ավտօլուացողի անուններով։ Ինչ է ստացւում. վաշխառութեան միջոցով ձեռք բերուած գումարներով գոյքի են տիրանում, թողնելով մարդկանց անտուն եւ ցանկացած պահին կարող են վաճառել այդ գոյքը, -սա փողերի լուացման դասական ձեւ է։ Վարչապետը ուզում է ստուերը բերել դէպի լոյս. ահա ստուերի դասական օրինակ, որովհետեւ փողերը պտտւում են ստուերում, ամէն երրորդ քաղաքացի տոկոսի տակ է, մենք կարող ենք կաշառակերութեամբ հարստացածների ցանկը տալ վարչապետին, մենք դիմում ենք քննչական կոմիտէ, դատախազութիւն 5 միլիոն, 3 միլիոն տոլար պարտք տուողների վերաբերեալ, սակայն մեր դիմումներին ոչ ոք չի արձագանգում, դրա փոխարէն իմ նկատմամբ յարուցում են քրէական գործ։ Երեւում է, մեր քննչական կոմիտէն յատուկ համակրանք ունի փող լուացողների հանդէպ. դա մի կծիկ է, որտեղ բոլորը կազմում են մի խումբ, սերտաճած իրաւապահ մարմինների հետ, որոնք օգտւում են մի լափամանից։
Արդեօք հարո՞ւստ են մեր հարուստները։ Մարինա Պօղոսեանը կարծում է, որ նրանք իրենց փողերի պահակներն են, այլ ոչ հարուստներ։
Օրերս այցելեցի Գէորգ Գրիգորեանի (Ջոտտօ, 1897-1976) տուն-թանգարանը, որը գտնւում է Երեւանի Գեղարուեստի ակադեմիայի բակում։ Սովետական շրջանին բազմաթիւ շէնքերով շրջապատուած լայնարձակ բակ էր եւ ամէն կողմից հնարաւոր էր մօտենալ Ջոտտոյի թանգարանին։ Մեր օրերում բակի կեդրոնում վիթխարի մի առանձնատուն է կառուցուած. նախկին Ազգային Ժողովի խօսնակի տունն է, որը խոչընդոտում է շրջակայ շէնքերի բնակիչների շարժը այդ տարածքում։ Թանգարանի պատուհանից երեւում են առանձնատան պատուհանները։ Ոչ ոք չի ապրում դատարկ տանը։ Դա պարզապէս դրամատուն է, մեծ փողերի տեղադրում բակի կեդրոնում։ Դէ պայքարէք ստուերատիրոջ հետ, եթէ գտնէք նրան մեր աղքատ երկրում։