Ինչպէս նկատել էր գերմանացի հոգեբան եւ փիլիսոփայ Էրիխ Ֆրոմմը(1900 -1980), հասարակութիւնը կառուցուած է աննշան փոքրամասնութեան անդամների կողմից ղեկավարուող մեծամասնութիւնից։ Ղեկավարումը իրականացւում է ուժի միջոցով, սակայն այդ գործօնը բաւական չէ։ Մեծամասնութեան գիտակցութիւնը պէտք է լեցուած լինի հիմնականում յերիւրանքներով եւ մոլորութիւններով, որի արդիւնքում նա սեփական կամքով համաձայնում է ենթարկուել փոքրամասնութեանը։
Հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկեց Շեքսփիրեան փառատօնը եւ բացուեց վրացի հանրաճանաչ ռեժիսոր Ռոպէրթ Սթուրուայի «Յուլիոս Կեսար» բեմադրութեամբ, որը նա իրականացրել էր Շօթա Ռուսթաւելիի անուան դրամատիկական թատրոնում։ Աւելորդ հարց է, թէ ինչու է ռեժիսորը դիմել Շեքսփիրին։ Տեսէ՛ք, թէ ինչ միջակութիւններ են ղեկավարներ դառնում եւ պէտք է յիշեցնել իշխանութեան գլուխ կանգնողներին եւ իշխանութեամբ վարակուածներին, թէ ինչ աւարտ կարող է ունենալ միապետը։ Շեքսփիրը (1564-1616) իր երկերում զննում է իշխելամոլութիւնը, որը հանգեցնում է միապետութեան։ Յուլիոս Կեսարի (100 մ.թ.ա.-44 մ.թ.ա) շրջապատում դժգոհութիւն է առաջացնում նրա վերընթացը եւ դաւադրութեան պատճառ դառնում։ «Երկնչել մէկի առաջ, որը քեզ հաւասար է, նշանակում է ստրուկ լինել», -ասում է դաւադիրներից մէկը։ Դաւադիրները որոշում են սպաննել Կեսարին եւ ազատել Հռոնը միապետից եւ որպէսզի այդ սպանութիւնը բարձր կարգավիճակ ստանայ, ներգրաւում են նաեւ ազնուազարմ Պրութուսին, որը շատ է սիրում Կեսարին։ Պրութուսի մասնակցութիւնը ոճրագործութեանը կը հաղորդի արժէք։ Զուր չէ, որ սպանութիւնից յետոյ Անթոնիուսը նկատում է, որ բոլորը նախանձից ելնելով գնացին դաւադրութեան եւ միայն Պրութուսը՝ յանուն Հռոմի բարօրութեան, քանզի իշխանութեան կրողը զուրկ է այլեւս խղճից եւ կարող է կործանել Հռոմը։ Քասիուսը առաջարկում է նաեւ Կեսարի աջ ձեռք հանդիսացող Անթոնիուսին սպաննել, բայց Պրութուսը առարկում է.«Քրմեր լինենք, այլ ոչ մսագործներ, մենք դէմ ենք Կեսարի ոգուն, իսկ ոգու մէջ արիւն չկայ։ Երանի՜ մենք կարողանայինք սպաննել ոգին առանց մարմինը քանդելու, բայց իր ոգու համար Կեսարը արեամբ կը վճարի»։ Ամենահետաքրքիր պահը անշուշտ դա այն է, երբ ամէն մէկը իր հարուածը հասցնում է եւ հերթը հասնում է Պրութուսին։ Տեսնելով իր սիրելի Պրութուսին դաւադիրների մէջ Կեսարն արտասանում է “Et tu, Brut? Ուրեմն ընկի, Կեսար» …Սթուրուայի բեմադրութեան մէջ Պրութուսը գրկում է Կեսարին եւ լացում, միաժամանակ հարուածում դաշոյնով, որովհետեւ Կեսարից աւելի նա Հռոմն է սիրում։ Իսկ Քասիուսն ասում է
-Դարերի միջով բոլոր ժողովուրդները իրենց բարբառներով
Այս տեսարանը կը կրկնեն իրենց թատրոններում
Եւ քանիցս կը մեռնի բեմի վրայ Կեսարը.
Որը դարձաւ աճիւնից ոչ թանկ…
Ինձ զարմացրեց որոշ հանդիսականների դժգոհութիւնը ժամանակակից հանդերձանքի առիթով եւ այն, որ խաղի մէջ առկայ էր ծաղրերգում։ Չկար այն պաթոսը, որը առկայ է քնաբեր թատրոններում։ Ի՞նչ կարելի է ասել ժամանակակից հանդերձանքի մասին։ Սկսեմ տարրական հարցից. արդե՞օք Կեսարի ժամանակ հագնում էին հնաոճ հագուստ։ Ո՛չ, Կեսարի ժամանակ հագնւում էին իրենց ժամանակին համապատասխան հագուստ։ Եւ քանի որ մեր ժամանակներում մենք դիմում ենք Կեսարի օրինակին ոչ թէ պատմական խնդիր լուծելու համար, այլ մերօրեայ, ապա հագուստ էլ պիտի լինի մերօրեայ։ Դասական նշանակում է միշտ ժամանակակից եւ այդ տեսակէտից Շեքսփիրը ստեղծել է մարդկային բնութեան իւրայատուկ մի հանրագիտարան եւ իր երկերը ոչ այլ ինչ են, քան հայելիներ, որտեղ կարելի է տեսնել ամէն մի կիրք, արատ կամ արժանիք։
Հոկտեմբերի 23-ին Շեքսփիրեան փառատօնի շրջանակներում հանրութիւնը դիտեց Զարա Անտոնեանի «Լաւագոյնը Շեքսփիրից» ներկայացումը, որի մասին ես գրել էի «Ակօս»ի էջերին եւ նշել, որ այդ ներկայացումը հանդէս է գալիս որպէս գիտակցութեան հսկայական արագացուցիչ։ Եւ այդ տեսակէտից նոյնիսկ Սթուրուայի բեմադրութիւնը զիջում էր մեր Զարայի ներկայացմանը։ Ինչ արած դարը սոսկալի արագութեամբ առաջ է սլանում իր բոլոր ձեռքբերումներով հանդերձ եւ թատրոնը պիտի կարողանայ քայլել դարի հետ համընթաց։