Մասնագիտութիւնն ու պաշտօնը տարբեր հասկացութիւններ են։ Մասնագիտութիւն ունեցողը խուսափում է որեւէ պաշտօնից, այն էլ բարձր պաշտօնից, որովհետեւ դա զրկում է նրան ազատութիւնից, իսկ արուեստագէտը չի կարող ստեղծագործել անազատութեան մէջ։ Բացի այդ բարձր պաշտօն ստանձնածը իշխանութեան հետ հաշտ պիտի լինի, իսկ ազատ ստեղծագործողը իր բնոյթով ընդհանրապէս ընդդիմադիր է։ Հայաստանում կայ մի քաղաք, որն իր բնոյթով ընդդիմադիր կեցուածք ունի. ընդդիմադիր է իշխանութեան վարած քաղաքականութեան հանդէպ, որն առաջընթաց չի կարող ապահովել, ընդդիմադիր է Երեւանի հանդէպ, որը քաղաք դառնալու փոխարէն ընկղմւում է գաւառականութեան մէջ, վերջապէս ընդդիմադիր է համատարած անճաշակութեան հանդէպ, քանզի այդ քաղաքը արհեստների եւ արուեստի քաղաք Կիւմրին է։ Իր ազատ ստեղծագործական ոգով։ Իր արժանապատուութեան զգացումով, որին կիւմրեցիները թասիբ են ասում։ Գործազրկութիւնը ստիպում է դիմել արտագաղթի, ինչպէս միւս բոլոր հայաստանցիներին, սակայն աղքատութիւնը քաղաքի խիստ կրճատուած բնակչութեանը էլ աւելի է նուստացնում, քանզի կիւմրեցու թասիբը միշտ պարտադրել է նրան նոյնիսկ ամենահամեստ պայմաններում դրսեւորել շռայլութիւն։ Եւ այդ աննպաստ պայմաններում կիւմրեցուն օգնութեան է հասնում իր մտքի շռայլութիւնը, որին ասում են սրամտութիւն։ Կարծում եմ հումորը ոչ միայն Կիւմրին է որպէս քաղաք պահում, այլ նաեւ երկրագունդը՝ որպէս մարդկութեան բնօրրան։ Եւ կան մարդկային ընտանիքի մէջ հատուկենտ անհատներ, որոնց շնորհիւ ստեղծւում է իրենց ապրած տեղի հաւաքական կերպարը, որն առաջանում է ոչ թէ ուղիղ ընկալման, այլ՝ ծուռ, թեք, զաւեշտական տեսանկիւնից։ Կարծում եմ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են սցենարիստ եւ վաւերագրական ֆիլմերի հեղինակ–ռեժիսոր Արմէն Գասպարեանին, կը համաձայնուեն ինձ հետ, որ Գիւմրու համար դա հէնց ինքն է։ Բազմաթիւ երկրպագուների խնդրանքով նա իր զաւեշտական գրառումները ժողովեց մի գրքում, որը շուտով լոյս է տեսնելու Մոսկուայում ռուսերէնով։ Ինչո՞ւ ռուսերէնով։ Դա էր մեր պետական լեզուն մինչեւ անկախացումը, իսկ Արմէնը, ծնուելով 1970-ին, երազում էր կինոյում աշխատել եւ հրաշալի «դպրոց» էր անցնում Լենինականի (այդպէս էր կոչւում Կիւմրին 1924-1990թթ.) «Հոկտեմբեր» կինօթատրոնում, աշխատելով այնտեղ որպէս կինօմեխանիկ (անգ. projectionist), այսինքն տասնեակ անգամներ ցուցադրում էր նոյն ֆիլմը եւ քանի որ այդ ֆիլմերը բացարձակապէս կինօարուեստի նմոյշներ էին, ապա նա իր ուսումն էր ստանում, դիտելով Ֆեդերիկօ Ֆելինիի, Ինգմար Բերգմանի, Ֆրանսուա Տրիւֆոյի, Միլոշ Ֆորմանի եւ այլ կինօհսկաների գործերը։ Եւ ֆիլմերը ոչ թէ ենթագրերով էին ցուցադրւում, այլ կրկօրինակուած, այսինքն բնօրինակը չէր լսւում, մենք լսում էինք միայն ռուսական տեքստը։ Նոյն ֆիլմը դիտելով տասնեակ անգամներ, Արմէնը արդէն հետեւում էր ոչ թէ բովանդակութեանը, այլ ֆիլմի ստեղծման եղանակին։ Վերջին ֆիլմը նա չհասցրեց մինչեւ վերջ ցուցադրել. սկիզբը 11-ին, իսկ 11.41 գետինը ցնցուեց եւ 7 Դեկտեմբեր 1988-ը մտաւ մարդկութեան պատմութեան մէջ որպէս Սպիտակի երկրաշարժի տարեթիւ։
18 տարեկան Արմէնը, անցաւ աշխատանքի դրամատիկական թատրոն, ստանձնելով հրշէջի պաշտօնը եւ հետեւելով արդէն բեմի ներկայացումներին։ Այնուհետեւ անցաւ ռեժիսորական կուրսեր Ալբերտ Մկրտչեանի մօտ եւ մեկնեց Մոսկուա՝ ՎԳԻԿ, միայն այստեղից էին դուրս գալիս լուրջ կինօգործիչներ։ Նա սովորեց սցենարական բաժնում եւ գրեց մի սցենար Քիոնիքսբերգ քաղաքի ողբերգութեան մասին, երբ գերմանական բնակչութիւնը պիտի արտահանուէր եւ գերմանացիների տեղը պիտի գրաւէին սովետական մարդիկ, իսկ անունը պիտի վերանուանուէր Կալինինգրադի։ Սցենարը արժանացաւ երեք երկրների հաւանութեան. Ռուսաստանի, Գերմանիայի եւ Լիտուանիայի։ Արմէնը մեծ գումար ստացաւ եւ ունեցաւ հնարաւորութիւն նկարահանել վաւերագրական կինօ։ Ի տարբերութիւն խաղարկային կինոյի վաւերագրական ֆիլմի սցենարը ծնւում է հէնց նկարահանման պահին, իսկ ընդհանրապէս սցենար գրելը այնպիսի իւրայատուկ արհեստ է, որ շատ քչերին է յաջողւում, մանաւանդ գրողներին, որովհետեւ գրականութիւնը ոչ մի կապ չունի սցենարական արուեստի հետ։ Արմէնը կարողանում է ե՛ւ սցենար գրել ե՛ւ պատմուածք։ Ահա դրուագ նրա մի պատմուածքից, որտեղ նա նկարագրում իր հանդիպումը հանրաճանաչ ռեժիսոր Էդմոն Քէօսայեանի հետ պատանի տարիքում.
«Երեւանում չես կարող սովորել կինօ նկարահանել։ Պիտի քեզ միանգամից որոշ պարզաբանումներ անեմ։ Մոսկուայում քեզ կը խանգարի ազգանունի հայկական -եան վերջաւորութիւնը։ Եթէ ոչնչի չհասնես, ապա քեզ կ՚արհամարհեն, իսկ եթէ յաջողես՝ կ՚ատեն։ Վերադառնաս այստեղ, կ՚ասեն, որ եկել ես տեղացիների մի կտոր հացը ձեռքից խլելու համար… Այնպէս որ սանդուղք է, եթէ կը կարողանաս, ապա կը բարձրանաս»։
Արմէնի ֆիլմերը շարունակ բարձրանում են էքրան։ Եւ ոչ միայն հարազատ Կիւմրիյում։ Նրա վաւերագրական ֆիլմերը ամենացանկալի ֆիլմերից են բազմաթիւ փառատօններում, որոնցից առանձնայատուկ նշեմ Թուրքիայում անցկացուող փառատօնները։ «Գողացուած մանկութիւն» ֆիլմը Վանում արժանացաւ «Լաւագոյն ռեժիսոր» մրցանակի, այնուհետեւ ցուցադրուեց Անգարայի միջազգային փառատօնում։ Իսկ Գասպարեանի «Հայկական Հացը» 30 երկրներում ցուցադրուեց եւ դեռ շարունակում է իր արշաւը։
Այժմ նրա նոր «Բաց դռներ» ֆիլմը ընտրուել է 5 հայ ռեժիսորների ֆիլմերից եւ հրաւիրուել է Ռուսաստանի ամենահեղինակաւոր փառատօնի, որը կոչւում է «Վաւերագրական կինոյի բաց փառատօն Ռուսաստան»։ Ֆիլմը հաւատքի մասին է։ Լենինին փոխարինեց Յիսուս Քրիստոսը, բայց ո՞վ է այսօր իսկապէս Աստծուն հաւատում։ Միայն խենթը, որին ասում են Աստծոյ ծուռ։ Եւ նա ֆիլմում Քրիստոսի արձանն է կրում, բարձրացնելով այն սարի գլխին կանգնած եկեղեցի, որի դռները միշտ բաց են, ինչպէս հաւատացեալի հոգին… Լեռնահովիտ գիւղում է գտնւում այդ եկեղեցին։ Լոռու մարզում…