ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Աբաս Քիարոսթամին, նրա «Բալի Համը» եւ ֆիլմի հերոսը

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մեր դրացի երկրների մէջ Իրանը մինչեւ վերջերս առեղծուածային երկիր էր մեզ համար։ Սակայն բաց դռները դեռեւս չեն բացում երկիրը, այն բացւում է արուեստի միջոցով, իսկ արուեստների մէջ կինօն է, որի ձեռքում է գտնւում երկիր բացելու բանալին։ Կինոյի միջոցով ենք ճանաչում Ճապոնիան, Հնդկաստանը, իսկ ԱՄՆ-ի մասին ասում են, որ կինօն է ստեղծել այդ երկիրը, իրօք, եթէ միւս երկրների դէպքում կինօն արտացոլում է ժողովրդի մտածողութիւնը, ապա ԱՄՆ-ի քաղաքացու մտածողութիւնը ձեւաւորել է կինօն։ Սակայն ամերիկեան կինօ ասելով մենք հասկանում ենք առաջին հերթին ոչ թէ հեղինակային կինօն, այլ՝ հոլիվուդեան, որը միտուած է գրաւիչ լինել բոլորի համար անխտիր։ Այստեղից էլ գալիս է բարձրագոյն կարգի որակը։ Շատ ռեժիսորներ եւ դերասաններ կը ցանկանային աշխատել ամերիկեան կինօարտադրութեան պայմաններում։

Երբ հայ հանդիսատեսը ճանաչեց իրանական կինօն, ապա դա հայի համար յայտնութիւն էր։ Իրանն ունի համամարդկային արժէք ունեցող կինօ եւ այդ կինօն հեղինակային է, այսինքն կապուած է ոչ թէ կինօարտադրութեան որակի հետ, այլ բեմադրիչի արժեհամակարգի։ Շնորհիւ «Ոսկէ Ծիրան»ի մենք ճանաչեցինք Աբաս Քիարոսթամիի կինօն, Ճաֆար Փանահիի, Մոհսեն Մահմալբաֆի, Ասղար Ֆարհադիի… Վերջինիս «Սիմինի եւ Նադիրի ամուսնալուծութիւնը» ֆիլմը 2012-ին արժանացաւ ամերիկեան «Օսքար»ի արտասահմանեան ֆիլմեր անուանակարգում։ Իսկ առաջին իրանական ռեժիսորը, որը յայտնի դարձաւ արեւմուտքին, դա Աբաս Քիարոսթամին էր, որը հոգին աւանդեց այս տարի Յուլիսի 4-ին 76 տարեկան հասակում եւ իր մահուան առիթով Ֆարհադին ասաց. «Սա մեծ կորուստ էր ոչ միայն կինոյի համար. ողջ աշխարհը զրկուեց իրապէս մեծ մարդուց»։

Քիարոսթամին առաջին հերթին մտածող էր, եւ իր մտածմունքները կարողանում էր յաղորդել կինոյի պարզ լեզուով։ Նա ինքն էր գրում սցենարները եւ այդ սցենարով ֆիլմ նկարահանում։ Ինքն էլ գտնում էր ֆիլմի հերոսի համար դերակատարին, որը շատ յաճախ մասնագիտութեամբ դերասան չէր։ 1997-ին նրա «Բալի Համը» արժանացաւ Քաննի փառատօնի «Ոսկէ Արմաւենի» մրցանակին։ Ֆիլմը ապրելու կոչ էր անում։ Ֆիլմի հերոսը ուզում էր ինքնասպան լինել, արդէն իր փոսն էր փորել եւ պատրաստւում էր քնաբեր դեղեր ընդունել մեծ քանակութեամբ եւ պառկել փոսի մէջ, բայց փնտռում էր մէկին, ով նրան կը ծածկի հողով։ Ոչ ոք չէր ուզում ստանձնել ուրիշի մահուան պատասխանատուի դերը։ Վերջապէս մէկը համաձայնւում է, բայց պատմում է, որ ինքը նոյնպէս ուզում էր ինքնասպան լինել եւ նրան մահից յետ պահեց… բալի համը։ Ֆիլմի իմաստը նրանում էր, որ չկայ մարդ, որը խնդիրներ չունենայ եւ այդ խնդիրները շատերին են հասցնում ինքնասպանութեան տրամադրութեան, բայց կեանքը ամենից վեր է, բալի համը դա հենց կեանքի համն է եւ կեանքը համ ունի նաեւ շնորհիւ մահուան, բայց ոչ՝ ինքնասպանութեան։ Ֆիլմի հերոսին Քիարոսթամին գտել էր պատահական։ Տեսել էր նրան իր մեքենայի մէջ, որը կանգ էր առել կարմիր լոյսի տակ։ Դա Հոմայուն Էրշադի անունով մի ճարտարապետ էր, որը համաձայնուեց խաղալ Քիարոսթամիի ֆիլմում։ Իրականութեան մէջ նա ամենեւին էլ չէր խաղում, այլ մնում էր որպէս միջին տարիքի ճարտարապետ, որն ինչ-ինչ պատճառներով ուզում էր կեանքին վերջ տալ եւ կեանքը դիմադրեց իր համով, իր անկրկնելի գեղեցկութեամբ։ Ի վերջոյ չապրելու պատճառներ շատ կան, իսկ ապրելու պատճառը կեանքի համն է, որը Քիարոսթամին ստիպեց իր ֆիլմով զգալ։ Ոսկէ արմաւենին դարձրեց Հոմայուն Էրշադիին աստղ, բայց նա դեռ մասնագիտւթեամբ դերասան չէր։ Նա դարձաւ միակը Քիարոսթամիի ոչ-պրոֆէսիոնալ դերակատարներից, որը շարունակեց քարիերան կինոյում եւ թատրոնում։ Այս ֆիլմից անցել էր գրեթէ 20 տարի եւ Էրշադին այս տարի հիւրընկալուեց «Ոսկէ Ծիրան»ին"եւ ընդգրկուեց խաղարկային ֆիլմերի դատակազմում։ Ինքը Քիարոսթամին 4 անգամ էր եղել մեզ մօտ եւ նոյնիսկ նուիրել էր Փարաճանովի թանգարանին իր 40 լուսանկարները, որոնք ցուցադրուեցին ծիրանի ոսկէ օրերին «Ճանապարհ» անուան ներքոյ։ Իսկ Հոմայուն Էրշադին հանդիպում ունեցաւ լրագրողների հետ։ Նրբակազմ գեղեցիկ տղամարդ էր, որը գիտէր իր գինը։ Այդ գինը նա ձեռք բերեց 20 տարի առաջ շնորհիւ մեծ բախտաւորութեան, երբ աշխարհի մի քանի կինօհանճարներից մէկը նայեց իր վրայ եւ տեսաւ Էրշադիի մէջ իր ֆիլմի հերոսին։ Իսկ Քաննի «Ոսկէ Արմաւենի»ն"դարձրեց նրան աշխարհահռչակ։ Այսպիսի յաջողութիւնից յետոյ կարելի էր կոտրուել եւ նոյնիսկ ինքնասպան լինել, քանզի նման բարձունքի երբեւէ հնարաւոր չէր կրկին հասնել։ Բայց Էրշադին շնորհիւ Քիարոսթամիի առել էր կինոյի համը եւ այլեւս երբեք չհրաժարուեց այդ համից։