Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Աթաթուրքի անունը կրող
օդանավակայանում անձնագրի ստուգման
ժամանակ ոստկանների և ֆրանսահայ Ռիչարդ
Դեմիրջիի միջև տեղի ունեցած զրույցից
հետո Դեմիրջին պահվել է օդանավակայանում,
ապա տեղափոխվել Քումքափըում (Գում Գափու)
գտնվող Ոստիկանության օտարերկրացիների
բաժանմունք։
«Ակօս»-ի հետ զրույցում Ռիչարդ Դեմիրջիի որդին ներկայացրել է տեղի ունեցածը։
«Կիրակի օրը քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որում նաև հայրս է եղել, և անձնագրի ստուգում են իրականացրել։ Հայրս ներկայացրել է իր անձնագիրը, որից հետո ոստիկաններն ասել են՝ «Սա Ֆրանսիայի անձնագիր է»։ Հայրս դրական պատասխան է տվել, որից հետո ոստիկանները հարցրել են՝ «Թու՞րք ես»։ Հայրս ասել է, որ թուրք չէ։ «Թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սիիրտն է, ինչպե՞ս թե թուրք չես»,-շարունակել են ոստիկանները։ Հայրս նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացի հայ է։ Դրանից հետո ոստիկանները հորիցս պահանջել են իջնել մեքենայից՝ անվանելով նրանց ահաբեկիչ։ Հորս տեղափոխել են արտերկրից ժամանողների բաժին և որոշ ժամանակ պահել են այնտեղ, ապա տեղափոխել են Քումքափըի օրարերկրացիների բաժանմունք։ Երկուշաբթի օրը դատն է տեղի ունեցել, և որոշում է կայացվել երկրից վտարելու մասին։ Աշխատանքի բերումով հայրս ամեն ամիս գնում էր Թուրքիա, վերջին դեպքերից հետո այլևս չի կարողանալու գնալ»,- զրույցում նշեց Ռիչարդ Դեմիրջիի որդին։