ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ինչպէ՞ս էր «Անուշ» օփերայում։ Երբ Մոսին Սարոյին խփում է, Անուշը խելագարուած սկսում է թափառել ու կանչել նրան սարերում։ Մի անցորդ է Անուշին հանդիպում եւ խորհուրդ տալիս ողբալու փոխարէն գնալ եւ իր երիտասարդ կեանքը վայելել։
«Նրա անբախտ շիրմի վրայ պաղ ջուր ածայ աղբիւրի, դու էլ գնայ նոր սէր արայ, էսպէս է կարգն աշխարհի»։
Անուշը նրան պատասխանում է.
«Ուրախ սրտով դուք ձեր սէրը վայելեցէք անթառամ, ինձ արցունք է տուել տէրը, ես պիտի լամ, պիտի լամ»։
Անուշի խելայեղ վիճակին էր հասցրել ինձ ապրիլեան ողբերգութիւնը։ Ինձ զգուշացնում էին, որ պէտք է դուրս գալ այդ վիճակից, իսկ արտասահմանեան ընկերներս խորհուրդ էին տալիս ճամբորդել, ցրուել, տեղափոխուել Եւրոպա եւ ուրախ, զուարթ կեանք վայելել։ Ի՛նչ միամտութիւն, որովհետեւ զինուորների արիւնը ինձ մէկընդմիշտ կպցրեց այս հողին, չի՛ կարող մէկի համար պատերազմ լինել, իսկ միւսի համար խաղաղ ու զուարթ կեանք - ժամանց։ Չի՛ կարող վիրաւոր զինուորը ցմահ անշարժանալ, իսկ դու թրիւ գաս ոնց ուզես, որովհետեւ նա յանուն քեզ է նաեւ հաշմանդամ դարձել, բայց ո՞ւր կարող էր տանել ինձ այս հոգեվիճակը։ Եւ երբ կեանքը չի կարող առաջարկել քեզ ոչինչ, բացի խելագարութիւնից, օգնութեան է հասնում բարձր արուեստը։
Ապրիլի 27-ին Նկարիչների միութիւնում բացուեց Ալեքսան Պապայեանի (Պապունց) քանդակների եւ կրաֆիկայի ցուցահանդէսը։
Պապունցը ծնուել է 1964-ին Տաւուշի մարզի Այգեձոր գիւղում… Բնութիւնն այստեղ դրախտային է. ձորեր, անտառներ, հէնց բնութիւնն էլ դարձաւ Պապունցի առաջին ուսուցիչը, որի հետ նա ցանկացաւ մրցել։ Հիացնելով եւ ուսուցանելով, բնութիւնը ցանկութիւն էր առաջացնում եռաչափ տարածութեան մէջ կերտել իր մտքերն ու գաղափարները։ Պապունցը քանդակում գտաւ աշխարհի հետ յարաբերուելու իր լեզուն։ Սքանչելի կրաֆիկական շարքը ընդամէնը երկչափանի հարթութեան վրայ պատկերուած քանդակներ են, որովհետեւ Պապունցը իր էութեամբ քանդակագործ է եւ անգամ իր նկարչութիւնը միտուած է դուրս գալ նկարի շրջանակներից եւ վերածուել քանդակի։ Նոյնիսկ խաչքարերը խաչքար-քանդակներ են։
Պապունցի գործերը դիտելիս շտապողականութիւնը բացառւում էր։ Նա կարծես գտնում էր կերպարի ծածկագիրը։ Ձի, ցուլ, առիւծ, այծեղջիւր, Արեւելք, Աֆրիկա, անհասանելին, խորհրդաւոր ընթրիք, մայրութիւն… Կինը, կնոջ շարք մանրաքանդակում եւ մեծ չափսերի մէջ. ինչպէ՞ս կարող է արուեստագէտը շրջանցել կնոջ թեման, եթէ կնոջ մերկ մարմինը առհասարակ կերպարուեստի առանցքն է կազմում։ Կին եւ տղամարդ, այո՛, ճշգրիտ ծածկագիրն է գտնուած։ «Խաղաղութիւն»։ «Գարուն է» ծիծեռնակների տեսքով եւ յանկարծ… «Պայթիւն»։ Դրախտային բնութիւն, ձորեր եւ անտառներ, սակայն հէնց դրախտում է պատսպարուած ծպտուած մահը, անտեսանելի մահուան վտանգը, որը ձգում է քեզ այնպէս, ինչպէս հեքիաթային լիճը։ Եթէ Հայաստան-Թուրքիա սահմանի երկու կողմերում սառեցուած, թանձրացած յիշողութիւններ են, ապա Տաւուշի Հայաստան-Ատրպէյճան սահմանը բաց է դիպուկահարների համար եւ արկը պայթել էր հէնց Պապունցի Այգեձորի տանը։ Արուեստագէտը ողբերգական դէպքից քանդակ էր արել. գարնան ծիծեռնակները արկի միջից ճիչ էին արձակում։ Յետոյ… 1992-ին արած «Զոհուած ազատամարտիկների յուշարձանը» Երեւանում։ 2004-ին արուած յուշարձանը, նուիրուած վանքեցիներին. Արցախի Վանք գիւղից 39 մարտիկներ էին զոհուել արցախեան պատերազմում։ Քանդակը պատուիրել էր վանքեցի բարերար Լեւոն Հայրապետեանը։ Բարերարը 2008-ին կազմակերպել եւ հովանաւորել էր նաեւ աննախադէպ պսակադրութիւնԱրցախում, երբ Հոկտեմբերի 16-ին 200 նորապսակ զոյգ պսակադրուեցին Վայք գիւղի մօտակայքում գտնուող Գանձասարի վանքում, իսկ 500 զոյգ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Հազարներով կորուստ տուած Ղարաբաղում պիտի կրկին հերոսներ ծնուէին, եւ «Լեւոն Հայրապետեան» հիմնադրամը առաջին ծնուած երախային պիտի 2 հազար տոլար յատկացնէր, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար… մինչեւ եօթերորդ զաւակը, որին Լեւոն Հայրապետեանը 100 հազար էր խոստանում։ Պապունցը Լ. Հայրապետեանի պատուէրով հեղինակեց Արցախեան մեծ հարսանիք (Նշանդրէք) քանդակը։ Այնուհետեւ «Մուտք Վանք», այսինքն գիւղի մուտքին քանդակեց երկու առիւծներ, որոնք գիւղի պահապաններն են եւ պատուած են հարթաքանդակներով։
Պապունցը պատմում էր ինձ այգեձորցիների մասին, իր հօր մասին, որը սպայ էր եւ մասնակցել էր Ֆիննական եւ հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից վերադարձել էր, բայց ցաւօք 1972-ին կեանքից հեռացել, երբ Ալեքսանը 8 տարեկան էր. «Եթէ հայրս չմահանար, ապա ես էլ զինուորական կը դառնայի, որովհետեւ հայրս մտադիր էր ինձ եւ եղբօրս ուղարկել Սուվորովեան ռազմական ուսումնարան»։ Քանդակագործ դարձած Ալեքսան Պապայեան-Պապունցը չասեց ինձ, որ նա էլ է մասնակցել արցախեան պատերազմին։ Այդ մասին ինձ պատմեցին նրա քանդակները։
Քանդակներ, որոնք ինձ օգնեցին ցաւը տարանջատել հպարտութիւնից։ Հերոսութիւնը՝ ողբերգութիւնից։ Սովորական մահը՝ անմահութիւնից։