Պայթյուն է որոտացել Ստամբուլի Բեյազիտում․ կա 12 զոհ

Այսօր առավոտյան Ստամբուլի Բեյազիտում (Բայազետ)՝ Վեզնեջիլեր կանգառում ոստիկանական մեքենա է պայթեցվել։ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդած տվյալներով զոհերի թիվը 11 է, 7-ը ոստիկան են։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը ևս մահացել է՝ պայթյունի պատճառով զոհերի թիվը հասցնելով 12-ի։

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը պայթյունից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Նրա հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով կա 11 զոհ, 7-ը ոստիկան, վիրավորների թիվը 36 է։

Բեյազիտի Վեզնեջիլեր կանգառում պայթյուն է որոտացել այն պահին, երբ ոստիկանական մեքենան է անցնելիս եղել։ Ըստ նախնական տվյալների պայթյունը որոտացել է կանգառում կայանած մեքենաներից մեկում։ Նշվում է, որ պայթյունը ի հայտ է եկել Բեյազիտի ոստիկանատան և Վեզնեջիլեր կանգառի միջև ընկած հատվածում։ Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության խմբեր։ 

Էրդողան․«Հասեկիի հիվանդանոցում 2 ծանր վիրավոր կա»

Առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը Հասեկի հիվանդանոցում գտնվող վիրավորներին է այցելել։ Այցից հետո Էրդողանը նշել է, որ երկու վիրավորի վիճակը ծանր է։ 

Այն հարցերին, թե ով է պաթյունի պատասխանատուն, Էրդողանը պատասխանել է․ «Հետախուզության և ոստիկանության հետազոտությունները շարունակվում են»։

«Անշուշտ նահատակներ ունենք։ Մեր սրտից արյուն է կաթում, սակայն ամեն ինչն իր գինն ունի։ Մեկ հոգով սկսած այս պայքարը շարունակվելու է մինչև ահեղ դատաստան»։

Թուրքիայի Ռադիո և հեռուստատեսության գերագույն խորհուրդը գրավոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ստամբուլի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ պայթյունի հետ կապված լրատվամիջոցների լուսաբանումներն արգելվում են։


Ստամբուլի համալսարանում քննությունները չեղյալ են հայտարարվել

Ստամբուլում՝ Վեզնեջիլերում, տեղի ունեցած պայթյունից հետո Ստամբուլի համալսարանը Բեյազիտ և Լալելի շինություններում քննությունները չեղյալ է հայտարարել։