Մայիսի 28-ը Հայաստանում տօն օր է։ Առաջին հանրապետութեան տօնն է. 843 տարի անց հայոց պատմութեան մէջ կրկին ունեցանք պետականութիւն։ Առաջին հանրապետութիւնը ընդամէնը 2 տարի գոյատեւեց 1918-1920 թուականներին եւ ձեռք բերուեց շնորհիւ հերոսական մարտերի, որոնք մտան պատմութեան մէջ որպէս Մայիսեան Հերոսամարտեր, դրանք են. Սարդարապատի ճակատամարտը՝ Մայիսի 21-29, Բաշ Ապարանի ճակատամարտը՝ Մայիսի 23-29 եւ Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ Մայիսի 24-28։ Հայերը կասեցրին երկրորդ ցեղասպանութիւնը, որը յաջորդելու էր արդէն Արեւելեան Հայաստանում, քանզի 1918-ի Մայիսի 15-ին թուրքերը գրաւել էին Ալեքսանդրապոլը (ներկայիս Կիւմրին) եւ արշաւել էին Ղարաքիլիսա (ներկայիս Վանաձորը), արշաւել նաեւ Սարտարապատի կայարանը (Արարատեան դաշտավայր), որտեղից պիտի ներխուժէին Երեւան։ Այսպիսով վերջ էր դրուելու ոչ միայն օսմանեան հայերի, որոնք ցեղասպանուեցին իրենց բնօրրանում որպէս անվստահելի տարր, որովհետեւ յոյսերը կապում էին Ռուսաստանի հետ, այլ նաեւ փոքր հողակտորում մնացած հայերի, որոնք ծուարել էին Ռուսական կայսրութեան փէշերին… Աւա՛ղ, անվստահելին հէնց Ռուսաստանն էր, որտեղ 1917-ին Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ ռուսական զօրքերը լքեցին Կովկասեան ռազմաճակատը եւ… այս տարի առաջին անգամն է, երբ հայաստանցիները այդ իրադարձութիւններին նայեցին այսօրուայ զարգացումների լոյսի ներքոյ։ Պատմութիւնը կրկնուելով ապացուցում է, որ հայերը միայն այն ատեն են ցուցաբերում ողջամտութիւն, երբ մնում են միայնակ իրենց ճակատագրի հետ։ Եւ գոյատեւման, լինել-չլինելու բնազդը այնպիսի հերոսութեան է վերածւում, որ հրաշքներ է գործում։ Յայտնի է Կովկասում թուրքական բանակի հրամանատար Վեհիպ փաշայի գնահատականը.”…Ղարաքիլիսայի մօտ հայերը ցոյց տուեցին, որ կարող են աշխարհի լաւագոյն զինուորները լինել։ «Նաեւ յայտնի է բրիտանական պատմաբան Քրիսթոֆէր Ուոլքերի դիտարկումը, որ եթէ հայերը չյաղթէին, ապա… շատ հաւանական է, որ Հայաստանից միայն իր անունը կը մնար»։
Այդ հերոսամարտերից անցաւ 50 տարի եւ թուրքերը արդէն վախեցան երկրորդ հանրապետութեան օրով Սարտարապատի յուշահամալիրում (1968) տեղադրած 5 արծիւների հայեացքներից, ուղղուած դէպի Սովետական Հայաստանի հարաւային սահմանը։ Թուրքական իշխանութիւնը սովետական իշխանութեանը պաշտօնական բողոք յայտնեց եւ սովետական կառավարութիւնը յանձնարարեց յուշահամալիրի հեղինակներին շրջել արծիւներին դէպի ներս։ Ինչի՞ց վախեցան թուրքերը։ Յաղթանակած զինուորների՛ց վերածուած հայկական յաղթական ոգու խորհրդանիշների, որոնք մշտական արթուն վիճակում կանգնած են ի պաշտպան հայրենիքի։ Նրանց հայեացքները ուղղուած էին դէպի կորուսեալ հայրենիք, դէպի Արարատ, սակայն ո՞վ կարող է երբեւէ շրջել մեր հայեացքները, որոնք օրն ի բուն ուղղուած են դէպի բիբլիական լեռը, որը նոյն դերն է կատարում Հայաստանի համար, ինչ Սարդարապատի արծիւները։ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի, ինչպէս նաեւ մայիսեան հերոսամարտերին նուիրուած Սարդարապատի յուշահամալիրի կառուցումը նախաձեռնել էր երբեւէ Հայաստանում եղած ամենահամապատասխան ղեկավար Յակոբ Զարոբեանը։
Այսօրուայ օրով, այսինքն երրորդ հանրապետութեան շրջանին Հայաստանը դարձել է մէկ ղեկավարի, մէկ կուսակցութեան հանրապետութիւն, որի ղեկին նստողը ծառայում է միայն սեփական շահերին՝ բացարձակ անպատժելիութեան պայմաններում։ Ի հարկէ, այսօր էլ արձաններ են կանգնեցւում եւ հայրենասիրական ֆիլմեր են նկարահանւում. օրինակ, ֆիլմ նկարահանուեց, նուիրուած ազգային հերոս Նժդեհին եւ բոլորովին վերջերս Նժդեհի արձանը կանգնեցուեց քաղաքի կենտրոնում, թէեւ Նժդեհի անունը կրող հրապարակում կանգնած է Սպանդարեանի արձանը։ Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի ղեկավարների ցանկութեան մասին՝ յաւերժացնել մեր հերոսներին արուեստում։ Ասեմ, որ ո՛չ ֆիլմը Նժդեհի մասին, ո՛չ էլ արձանը արուեստի հետ կապ չունեն, ինչպէս կապ չունի ներկայիս ապազգային կառավարութիւնը իր ժողովրդի հետ։ Կարելի է ասել, որ եթէ ժողովրդի եւ կառավարութեան միջեւ անջրպետ է, ապա ղեկավարութեան ճաշակով արուած գործերը երբեք ժողովրդի սրտով չեն լինում։