Այս շաբաթ «Ակօս»-ի 20-րդ տարելիցն է։ Մեզ համար խառը զգացմունքներով լի օրեր են։ Մի կողմից իմանալ, որ մեր թերթի առաջին համարի լույս տեսած օրը ծնված երեխան արդեն 20 տարեկան է, մյուս կողմից էլ իմանալ, որ այդ երեխան իր կյանքի տարիների մեջտեղում ականատես է եղել Հրանտ Դինքի սպանությանը մի խմբավորման կողմից, որում նաև պետությունն է ընդգրկված և այն, որ կյանքի մնացած մասը այս գիտակցությամբ է անց կացնում... Մեր կյանքն էլ այդ երեխայի կյանքի պես է։
20-րդ տարելիցի կապակցությամբ այս շաբաթվա ընթացքում որոշ լրատվամիջոցներ մեզ հետ հարցազրույց անցկացնելու ցանկություն հայտնեցին, շնորհակալ ենք։ Նրանց հետ խոսելիս, բնականաբար, «Ակօս»-ի հիմնադրման շրջանի պայմանները հիշեցինք և հիշեցրեցինք։
Ընդհանուր առմամբ, հետևյալի մասին խոսեցինք. «90-ականներին քրդերի հետ պատերազմին զուգահեռ Թուրքիայում ազգայնականությունն էր աճում։ Տեսանք, թե ինչպես ազգայնականության մեծացման հետ ուշադրությունը, միտումնավոր կերպով, հայերին ուղղվեց։ Հայերը արդեն սկսել էին մեծ ճնշման տակ ապրել։ Այնպիսի օր չկար, որ «ՓՔՔ-ի(Քրդական աշխատավորական կուսակցություն) հայերը», «Օջալանը հայ է» և նմանատիպ այլ լուրեր չարվեին։ Որոշ ժամանակ անց տեսանք, որ այս լուրերն արդեն գործնական քայլերի են վերածվում, և եկեղեցիների, դպրոցների պատերին հայերի դեմ ուղղված գրություններ են գրվում։ Ղարաբաղյան պատերազմը, անշուշտ, օգտագործվում էր այս մթնոլորտն ավելի թեժացնելու համար»։
Եվ այս ամենի մասին խոսելիս անխուսափելիորեն ասում էինք «ինչպես այսօր»։ Տեսնում ենք, որ այն բանից հետո, երբ կառավարության կողմից կարգավորման գործընթացը մի կողմ դրվեց, ուշադրությունը նորից ուղղվեց հայերի վրա։ Քրդաբնակ գավառներում «բոլորդ հայ եք, հայերը ձեզ սիրում են» հայտարարություններով շրջող ոստիկանական մեքենաներ, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի մտնելով՝ այնտեղ գորշ գայլերի նշանը ցույց տվող հատուկ ջոկատային, իշխանամետ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ մտցված «ՓՔՔ-ականներն իրականում քրիստոնյա են» արտահայտությունները, լուրերը՝ «Քրդերեն Աստվածաշունչ է գտնվել», ակնակրկներ մզկիթները հրդեհողների մասին, ևն։ Անկեղծ ասած՝ հայերի տեսանկյունից իրավիճակը բավականաչափ նման է 90-ականներին։
Սակայն այսքանով չի ավարտվում. ինչպես անցած շաբաթ գրել էինք մեր թերթում՝ Դիարբեքիրի Սուր գավառի հրատապ օտարման որոշմամբ նաև եկեղեցիներ և ունեցվածքներ օտարվեցին (հանրայնացվել), որոնց մեջ է նաև Սուրբ Կիրակոսը։ Ինչքան էլ կառավարական շրջաններն ասեն, որ «սեփականության իրավունքը պահանվելու է», ակնհայտ է, որ այս որոշումը հետագայում հայերի և քրիստոնյաների համար գլխացավանքի է վերածվելու։ Այսինքն՝ սեփականության հարցերում էլ իրավիճակը 90-ականներն է հիշեցնում։
Մինչդեռ մենք խոսում էինք այս ամենի մասին՝ Ղարաբաղում հակամարտությունը միանգամից թեժացավ։ Մի պահ նկատեցինք, որ այս հարցում էլ մեծ հաշվով փոփոխություն չկա։ Նույնիսկ կարող ենք ասել, որ իրավիճակը 90-ականներից ավելի վատ է։ Քանզի ակնհայտ է, որ պետությունն անվերապահորեն Ադրբեջանի կողքին է։ Հակամարտությունը սկսելուց հետո նախագահ Էրդողանը խոսեց. «Մեր 12 ադրբեջանցի եղբայրները նահատակվել են, կարծեմ հայերից էլ մի 100-ին մոտ սպանված կա։ Ադրբեջանում այս պահին բախումները շարունակվում են։ Մեր աղոթքներն արել ենք։ Աստված տա՝ մեր ադրբեջանցի եղբայրերը ամենաքիչ կորուստներով հաջողությամբ ավարտին հասցնեն այս հարցը»։
Որոշ հատվածների համար այս խոսքերը բացականին սովորական են։ Վերջիվերջո մի երկիր ունենք, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսն է հնարել և հնարավորին չափ տարածում է այն։ Այնուամենայնիվ, մտահոգիչ է այն, որ պետությունը ադրբեջանցիներին ներկայացնում և ընկալում է որպես նահատակ, իսկ հայերին՝ «ինչքան շատ կոտորվեն, այնքան լավ» և այն, որ պետությունը ոչ միայն չի հրաժարվում «ազգության» և «կրոնի» շուրջ խմբվելուց, այլ նախընտրում է ընդծել այդ խմբավորումը՝ պատերազմը և մահը սրբացնելով։
Ինտենսիվ հակամարտության այս օրերին այս վերաբերմունքը արտահայտվեց հանրային և մասնավոր հետուստաալիքներում։ Բոլոր լուրերում ադրբեջանական կորուստները ներկայացվում էին որպես «նահատակ», իսկ հայկական կորուստները՝ որպես «սպանված»։
Ի՞նչ կարող էր լինել։ Իրականում, սովորական կլինի նման հարցի շուրջ պետությունից հանգստացնող վերաբերմունք ակնկալելը։ Տարածաշրջանային լարվածության պայմաններում հանգստացնող վերաբերմունք դրսևորելը բոլոր այն պետությունների պարտավորությունն է, որոնք ցանկանում են առերեսվել իրենց պատմությանն ու հասարակության հետ և օրինակ ծառայել տարածաշրջանում։ Սակայն Թուրքիան այս պատկերից բավականաչափ հեռու է։ Սիրիայում իր արկածների անարդյունք մնալուց կատաղած կառավարությունը տարածքային ընդլայնման իր նկրտումներն արդյոք այս անգամ էլ Կովկասու՞մ է իրականացնում: Անհայտ է։ Ավելի ճիշտ, անհայտ չէ. ակնհայտ է, որ զարգացումները դա են մատնանշում։ Եվ այս զարգացումներում, հավանաբար, այնպիսի ենթատեքստեր կան, ինչպիսիք էն՝ էներգետիկ հավակնությունները և Ռուսաստանի հետ այստեղ «մրցակցելը»։
Այս կրակի վրա յուղ լցնելը հայերի հանդեպ թշնամանքն է ցույց տալիս, ուրիշ ոչնչի չի նպաստում։ Ադրբեջանի՝ «170 հայ ենք սպանել» հայտարարությունից հետո սոցցանցերում տեղ գտած հակահայկական (անշուշտ, նաև այստեղի հայերի դեպ ուղղված), ռասիստական, վիրավորական հայտարարությունները այս հարցի շուրջ մեր անցած, իսկ ավելի ճիշտ՝ չանցած ուղին հիշեցրեցին։ Եվս մեկ անգամ հասկացանք, որ այս երկրում հայատյացությունը թշնամանք է, որը մշտապես ստեղծվում է պետության կողմից։
Հա, ի՞նչ էինք ասում. 20 տարի առաջ, 20 տարի հետո... տեսանք, որ շատ բան է փոխվել, միևնույն ժամանակ՝ ոչինչ չի փոխվել։ Հույս հայտնելով, որ կփոխվի...