Գանձը գետնի տակ չէ, գետնի երեսին է

Հրանտ Դինք հիմնադրամի՝ մշակութային ժառանգության շուրջ իրականացրած աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի հայկական, հունական, ասորական և հրեական կառույցների ցանկը կազմելուց հետո նախագիծը Կայսերիի (Կեսարիա) մշակութային ժառանգության վրա է կենտրոնացել։ Կայսերին, որի բնակչության մեկ երրորդը 19-րդ դարի վերջում ոչ մահմեդականներն էին կազմում, մշակութային ժառանգության տեսանկյունից ամենահարուստ քաղաքներից է, սակայն այդ ուղղությամբ ամենաքիչ աշխատանքներն այնտեղ են իրականացվել։

Հրանտ Դինք հիմնադրամի՝ մշակութային ժառանգության դեռ կանգուն մնացած կառույցների պահպանմանը, վերականգնմանն ուղղված աշխատանքների հիման վրա հրատարակվել է «Կայսերին իր հայկական և հունական մշակութային ժառանգությամբ» գիրքը։ Կայսերիի շուրջ աղբյուրների հետազոտության հետ մեկտեղ Հրանտ Դինք հիմնադրամի հետազոտողները «Մշակութային ժառանգության պահպանության միության» մասնագետների հետ մեկտեղ երեքշաբաթյա աշխատանքներ են իրականացրել հենց Կայսերիում։

Աշխատանքների արդյունքում Կայսերիի մշակութային ժառանգության մանրամասն ցանկ է կազմվել, ինչպես նաև շտապ պահպանության կարիք ունեցող 18 կառույցի ճարտարապետական մանրամասն վերլուծություն է արվել։ Գրքում նաև Կայսերիին առնչվող զանազան հոդվածներ են տեղ գտել։ Գիրքը կարելի է անվճար ձեռք բերել Հրանտ Դինք հիմնադրամից։

Իրականացված աշխատանքների արդյունքում գոյություն ունեցող 377 կառույցից 181-ն է հայտնաբերվել։ 208 կառույց չի գտնվել։ Բացահայտված 181 կառույցներից 113-ը հայկական, 68-ը հունական են։

Հետազոտողներից Զեյնեփ Օղուզը անդրադարձել է պատմական կառույցների ապագայի շուրջ հանրությանը բաժին ընկած պատասխանատվության կարևորությանը․ «Չնայած Կայսերիի հարուստ անցյալին՝ պատմությանն առնչվող շատ քիչ աղբյուր կա։ Պաշտոնական գույքագրությունը պետք է ավելանա։ Այս ժառանգությունը կարող է միայն տեղի բնակիչների շնորհիվ պահպանվել։ Մեր աշխատանքները տեղի բնակիչների օգնությամբ ենք իրականացրել։ Մեր նպատակն է նրանց ցույց տալ, որ գանձը գետնի տակ չէ, գետնի երեսին է»։

Պարոն Սերոբյանին է նվիրվել

Հրատարակված գիրքը «Ակօս» թերթի հիմնադիրներից Սարգիս Սերոբյանին է նվիրվել։ Գրքում նաև տեղ է գտել Սարգիս Սերոբյանի որդու՝ Վաղարշակ Սերոբյանի գրությունը հոր մասին։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի՝ Գերմիր

Դիրք՝ Մելիքգազի գավառ, Գերմիր թաղամաս

Կառուցման շրջան/տարի՝ 1860

Ճարտարապետ՝ անհայտ

Էթնիկական և կրոնական պատկանելիություն՝ հայ առաքելական

Կիրառում՝ գոմ և ապաստարան

Մասնավոր սեփականություն է (պահպանման պատասխանատուն Կայսերիի նահանգապետարանն է)

 

Սարգիս Գյումուշյան դպրոց

Դիրք՝ Մելիքգազի գավառ, Ջաֆերբեյ թաղամաս

Կառուցման շրջան/տարի՝ 1826

Ճարտարապետ՝ անհայտ

Էթնիկական և կրոնական պատկանելիություն՝ հայ առաքելական

Կիրառում՝ չի կիրառվում

Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու հիմնադրամին է պատկանում


Սուրբ Աստվածածին եկեղեցի

Դիրք՝ Դեվելի գավառ, Ներքին Ֆենեսե թաղամաս

Կառուցման շրջան/տարի՝ 19-րդ դար

Ճարտարապետ՝ անհայտ

Էթնիկական և կրոնական պատկանելիություն՝ հայ առաքելական

Կիրառում՝ չի կիրառվում

Դեվելի քաղաքապետարանին է պատկանում




Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին