2016թ․ փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են կայացել։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը։
Հայ ընտրողներն ընտրություններին մասնակցել են Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կարեն Խանլարյանը տեղեկացրել է, որ Հյուսիսային ընտրատարածքում 6 հայ թեկնածու է ներկայացրել իր թեկնածությունը։ Հարավային ընտրատարածքում եղել են 3 հայ թեկնածու։ Նրանցից երկուսն ինքնաբացարկ են հայտնել, որի հետևանքով հարավի պատգամավոր է ընտրվել Ժորժ Աբրահամյանը։
Հյուսիսային ընտրատարածքում պատգամավորի 6 թեկնածուներից 3-ն ինքնաբացարկ է ներկայացրել, և մնացած երեք թեկնածուներից ընտրվել է Կարեն Խանլարյանը՝ ստանալով ձայների 74%-ը։
Ընտրություններին ակտիվ մասնակցություն է գրանցվել։ Իրանի 55 մլն բնակչությունից 31 միլիոնը մասնակցել է ընտրություններին։ Հայկական համայքնը նույնպես ակտիվորեն մասնակցել է ընտրություններին։ Հյուսիսային ընտրատարածքում մասնակցել է շուրջ 12 հազար, իսկ հարավայինում՝ 2 հազար հայ ընտրող։
Փետրվարի 26-ի ընտրությունների արդյունքում ընտրվել է Իրանի խորհրդարանի 290 պատգամավոր՝ 4 տարի ժամկետով։