Ժնևյան բանակցությունները երկու տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես մեկնարկել են։ Բանակցությունները ղեկավարելու է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սթեֆան դե Միստուրան։ Վերջինս երեկ հանդիպումներ է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ, այսօր էլ հանդիպելու է Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ։
Միստուրան երկուշաբթի օրը հանդիպել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին, որից հետո Ժնևյան բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են։
Սիրիայում ՄԱկ-ի հատուկ ներկայացուցիչ Սթեֆան դե Միստուրան իր ելույթում հայտնել է, որ բանակցությունների նպատակն է «օգնել երկու կողմերին էլ խոսել, եթե անգամ երկխոսություն չկա»։
Ընդդիմության հետ հանդիպումներից հետո Միստուրան հայտարարել է, որ նրանց գլխավոր պահանջներն են «քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, շրջափակման վերացումը և հրետակոծման վերացումը»։
Միստուրան այսօր հանդիպելու է կառավարության պավիրակության հետ և նրանց է փոխանցելու ընդդիմության ներկայացրած պահանջները։
Քաղբանտարկյալներ
Սակայն New York Times-ը տեղեկացնում է, որ քաղբանտարկյալների տարբեր ցուցակներ են ներկայցվում։ Սիրիայի ընդդիմության ստեղծած Բանակցությունների բարձրագույն կոմիտեի խոսնակ Սալեմ ալ Մեսլեթը կիրակի օրն ունեցած իր ելույթում հայտնել է, որ քաղբանտարկյալների ցուցակներում 3 հազար 800 անուն կա։ Կոմիտեի մեկ այլ անդամ Հինդ Քաբավաթը հայտնել է, որ ցուցակներում 300 կնոջ և երեխայի անուն կա։
Հրադադարի պահանջ
Միստուրան հայտնել է, որ 20 հոգուց բաղկացած Սիրիայի աջակցության միջազգային խումբը զուգահեռաբար հանդիպումներ է իրականացնելու․ «Հիշեցնեմ, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ հանդիպումների ընթացքում հայտարարել են, որ օժանդակելու են Սիրիայում հրադադարի հաստատման հարցին։ Իրականություն դառնալու դեպքում սա կարևոր հաղորդագրություն կլինի սիրիացիներին»։
Օգնություն պաշարված քաղաքներին
ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարությունը հավանություն է տվել պաշարման մեջ գտնվող քաղաքներ՝ Մադայա, ալ-Ֆուա և Քեֆրայա օգնություն ուղարկելու ծրագրին։ Օգնություն տրամադրման ժամկետների մասին տեղեկություն չի տրամադրվել։ Մադայան պաշարված է Սիրիայի կառավարության, իսկ ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքները ընդդիմության կողմից։
Ինքնավարության խնդիր
Rudaw-ի (Ռուդավ) փոխանցմամբ՝ Սիրիական գործող վարչակարգի անունից քննարկումներին մասնակցող Բաշար Ջաֆերին հայտարարել է․ «Սիրիան հանդուրժողականություն չունի ֆեդերալիզմի և ինքնավարության հարցում։ Բոլորը պետք է հարգեն Սիրիայի գերիշխանությունը»։
ԺՄԿ-ի (PYD) հայտարարությունը
Ընդդիմադիր Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) անունից ելույթ ունեցող Սալիհ Մյուսլիմը նշել է, որ չեն ընդունելու Ժնևի որևէ համաձայնագիր, քանի որ իրենց չեն հրավիրել բանակցություններին։
ՄԱԿ-ը նախատեսում է, որ մինչև փետրվարի 11-ը Ժնևի բանակցություննեում հստակ առաջընթաց է գրանցվելու։ Եթե զգալի առաջընթաց գրանցվի, ապա 5 տարի շարունակվող պատերազմում հրադադարի հաստատման համար կողմերը 6 ամիս շարունակ անուղղակի հանդիպումներ են ունենալու։
Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի շուրջ վերջին բանակցությունները 2014թ․ հունվարին են իրականացվել, սակայն որևէ արդյունք չի գրանցվել։