Լոնդոնում գտնվող Մոսեսյան ճարտարապետական գրասենյակն է իրականացնելու Մեքքայի հավատի թանգարանի նախագիծը:
Ֆրանսահայ Միշել Մոսեսյանը, ով հանդիսանում է ‹‹Մոսեսյան›› կազմակերպության հիմնադիրը, իրավունք է ստացել նախագծելու Մեքքա թանգարանը (The Makkah Museum)՝ հաղթելով թանգարանի կառուցման մրցույթում: Մեքքա թանգարանը կառուցվելու է ‹‹Մեսջիթ ի հարամ››-ից (Mescid-i Haram) 7 կիլոմետր հեռավորության վրա: ‹‹Մեսջիթ ի հարամ››-ի մեջ է նաև մահմեդականների համար սրբազան համարվող Քաաբան:
Թանգարանում ներկայացվելու է իսլամի միջազգային ավանդույթներն ու պատմությունը: Թանգարանում տեղ է գտնելու 5600 քառ. մետր տարածք զբաղեցնող ցուցահանդեսի սրահ, որտեղ ցուցադրվելու են Մուհամեդ մարգարեի կյանքին նվիրված աշխատանքներ: Թանգարանում լինելու են նաև ընդունարան, լսարան, գրախանութ, դասարաններ, պատշգամբ և ռեստորան:
‹‹Բացը լրացվելու է››
Հավատի թանգարանի շինարարությունը ստանձնած կազմակերպության սեփականատեր ճարտարապետ Միշել Մոսեսյանն այսպես ներկայացրեց թանգարանի նախագիծը. ‹‹Մեքքայի թանգարանը աշխարհի չորս կողմից Մեքքա ժամանած միլիոնավոր մահմեդականներին է ներկայացնելու իսլամի տարբեր մեկնաբանությունները: Մահմեդականները չունեին այսպիսի մշակութային հաստատություններ, որոնք կհարստացնեին մահմեդականների սուրբ քաղաքի այցելությունները: Մեքքայի թանգարանի շնորհիվ այս բացը լրացվելու է: Կառույցի կենտրոնում նախատեսվում է բաց տարածք ունենալ, որից տեսանելի կլինի ‹‹վիրտուալ մինարեթ››-ը: Մոսեսյան ճարտարապետական գրասենյակը ստեղծել է թեք հարթություն, որը վեր է խոյանալու այդ բաց տարածքում: Սրան զուգահեռ՝ վայր իջնելու համար հնարավոր է լինելու օգտագործել նաև գալարաձև աստիճանները: Թեք հարթության երկու կողմերում էլ ցուցահանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ են լինելու: Կտուրում պարտեզ է լինելու, որը հնարավոր է լինելու կիրառել անգամ Սաուդյան Արաբիայի սաստիկ շոգ եղանակային պայմաններում: Դեպի վար ձգվող գալարաձև աստիճանների ներքևի հատվածում Աստծո 99 անունն է գրվելու: Այս անունները տեսանելի են լինելու ներքևում գտնվող պակերասրահից: Թանգարանի արտաքին պատը կառուցվելու է բոլոր մահմեդական երկրներից բերված քարերով: Շենքի շինարարության համար օգտագործվելու է նաև հիժազ քարը, որը վերցվելու է Մեքքայի շրջակա լեռներից››:
Կազմակերպությունը 10 տարեկան է
Լոնդոնում գտնվող Մոսեսյան ճարտարապետական գրասենյակը ստեղծվել է 2005թ. ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի կողմից: Կազմակերպությունն ընթացիկ ծրագրեր ունի Միջին Արևելքում և Աֆրիկայում: