Թուրքիայի նախագահ Էրդողանը դեսպանությունների խորհրդաժողովի ընթացքում անդրադարձել է «խաղաղության հռչակագիրը» ստորագրած 1128 գիտնականներին․ «Հե՜յ մտավորականության սևագրե՛ր, դուք խավար եք»։
Թուրքիայից և այլ երկրներից 1128 գիտնական խաղաղության կոչով են հանդես եկել, որում նշվում է․ «Մենք՝ այս երկրի գիտնականներն ու հետազոտողները, այս հանցագործությանը մասնակից չենք դառնալու»։
«Գիտնականները հանուն խաղաղության»-ին մասնակից են այնպիսի անուններ, ինչպիսիք են Էսրա Մուգանը, Ահմեդ Ինսելը, Քորայ Չալըշքանը, Նազան Ուստունդաղը, Գենչայ Գյուռսոյը,Մուրատ Փաքերը, Նոամ Չոմսկին, Դեյվիդ Հարվեյը, Էթյեն Բալիբարը, Յուդիթ Նաթլերը։ Հրապարակված հռչակագրում նշվում է, որ Սուրում, Սիլվանում, Նուսայբինում, Ջիզրեում, Սիլոպիում և մի շարք այլ վայրերում շարունակվող պարետային ժամը և բախումները «Թուրքիայի օրենքների, Թուրքիայի ստորագրած միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։
Գիտնականները բանակցային գործընթացի վերսկսում են պահանջում․ «Պահնջում ենք, որ կառավարությունն անհապաղ հրաժարվի տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես՝ քուրդ ժողովուրդի դեմ իրականացվող կոտորածի և միտումնավոր տեղահանության քաղաքականությունից, պահանջում ենք դադարեցնել պարետային ժամը, բացահայտել և պատժի ենթարկել մարդու իրավունքները ոտնահարողներին, պարետային ժամ հայտարարված շրջանների բնակիչների նյութական և հոգեբանական վնասները բացահայտել և փոխհատուցել, պահանջում ենք նաև վերոնշյալն իրականացնելու համար ազգային և միջազգային անկախ դիտորդներին թույլ տալ կործանվող տարածքներ մուտք գործել, դիտարկումներ և հաշվետվություններ իրականացնել»։
Գիտնականների պատրաստած «խաղաղության կոչ»-ը «Յենի Շաֆաք» թերթը հետևյալ վերնագրով էր ներկայացրել․ «ՔԱԿ-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն՝ PKK) հանցակիցները»։ Այնուհետև Թ․ Էրդողանն է անդրադարձել այս թեմային։
Էրդողանի հայտարարոթյունները
«Ինքնակոչ գիտնականների ամբոխի «լեզուն երկարել է», Թուրքիայի տարածքների պաշտպանությանն են անդրադառնում, տարածաշրջանի հասարակությանն են սպառնում։ Գիտնականների ամբոխը արտասահմանից դիտորդներ է հրավիրում Թուրքիա։ Սրան գաղութատիրություն են անվանում։ Թուրքիայում 100 տարի առաջ էլ է նման գաղափարական դավաճանություն եղել։ Մի ամբոխ կար, որը հավատում էր, որ օտարները կարող են իրենց հարցերին լուծում տալ։
Այս ինքնակոչ մտավորականները ասում են, թե իբր պետությունը կոտորած է իրականացնում։ Հե՜յ մտավորականության սևագրեր, դուք խավար եք, մտավորական չեք։ Այնքան տգետ եք, որ ոչինչ չգիտեք ոչ արևելքի, ոչ էլ այս կողմերի մասին։ Բայց մենք մեր տան ճանապարհի պես գիտենք, ճանաչում ենք։
«Ինքնակոչ մտավորականների հետ Թուրքիան գործ չունի։ Միայն մեր ազգի հետ գործ ունենք։ Անվտանգության ուժերը շարունակելու են մնալ այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ ահաբեկչական կազմակերպությունն ամբողջովին լքի տարածքը»։
«Մի կողմ եմ դնում ինքնակոչ մտավորականների հռչակագրի տակ ստորագրածներին, որոնց անունները մեր անուններին նման են, սակայն միտքը մեզ օտար է։ Ցանկանում եմ, որ հատկապես այս հարցում ջանք ցույց տաք։ Այս գաղափարների տեր օտար մտավորականներին առաջարկություն ունեմ․ նրանց հրավիրում եմ Թուրքիա։ Թող համենան, գան Թուրքիա, միայն ստորագրելով չի լինի։ Թող գան Թուրքիա, պատրաստ ենք Ա տառից մինչև Ֆ տառը բացատրել, հարավարևելյան, արևելյան շրջաններում, ամենուր կատարվող ամեն ինչը պատրաստ ենք հստակորեն նրանց բացատրել»։
Գիտնականների պատասխանը Էրդողանի հայտարարություններին
Գիտնականները, ովքեր ստորագրել էին «այս հանցագործությանը մասնակից չենք դառնալու» խոսքերի տակ, ապա արժանացել էին էրդողանի քննադատությանն ու «YÖK»-ի (Բարձրագույն ուսումնական խորհուրդ՝ ԲՈՒԽ) կողմից «անհրաժեշտ քայլերն իրականացվելու են» խոսքերին, հիշեցրել են, որ խոսքի ազատությունն անքակտելիորեն կապված է գիտության հետ։
Էրդողանի հայտարարություններից կարճ ժամանակ անց բարձրագույն ուսումնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «իրավունքի շրջանակներում անհրաժեշտ ամեն ինչ իրականացնելու ենք»։
Ստորագրահավաքի մասին արված հայտարարությունների մասին ստորագրող գիտնականներից Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի, Այշե Գյուլ Ալթընայի, Գենչայ Գյուրսոյի, Էրհան Քելեշօղլուի և Օհաննես Քըլըչդաղի հետ ենք խոսել։
Դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջը (Ստամբուլի համալսարան).
«Ե՛վ նախագահի հայտարարությունը, և՛ «ԲՈՒԽ»-ի՝ հետաքննություն սկսելու վերաբերյալ հայտարարությունը ուղղված են խոսքի ազատության դեմ։
Ասում են, որ «իրավական անհրաժեշտ քայլերն են ձեռնարկելու», իրավականորեն անհրաժեշտ է հարգել խոսքի ազատությունը։ Նման վերաբերմունքն, անշուշտ, ուղղված է քննադատությունները վերացնելու, ընդդիմադիրին լռեցնելուն։ Մենք այլ վերաբերմունք չէինք սպասում։ Մեր պարտականությունն ենք իրականացրել։ Նրանք էլ անելու են այն, ինչ քաղաքականապես ճիշտ են համարում։ Ժամանակին այս երկրում խաղաղություն ցանկացողները պատասխանատվության են ենթարկվել։ Այն ժամանակ էլ պարզ դարձավ, թե ովքեր պետք է ամաչեն, հիմա էլ է պարզ դառնալու»։
Դոկտոր, պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթընայ (Սաբանջը համալսարան)․
«Կարծում եմ, որ ստորագրահավաքի տեքստը ճիչ է․ «այստեղ հանցագործություն է իրականացվում, դրա մասը չենք կազմելու, դեպի խաղաղություն շարժվենք»։ Ամենից տարօրինակն այն էր, որ և՛ Թուրքիայից, և՛ արտասահմանից մի շարք գիտնականներ ստորագրեցին։ Գիտնականները սովորաբար մի հարցի շուրջ դժվար են ընդհանուր հայտարարի գալիս։ Սակայն իրավիճակն այնքան ծանր է, որ տարբերությունները մի կողմ թողնելով՝ բոլորը ցանկացան միասնաբար գոռալ։ Եթե ստորագրահավաքին մասնակցածներից մեկին ինչ-որ բան պատահի, այս հայտարարություններ անողներն են պատասխանատու լինելու։ Յուրաքանչյուր փուլում թիրախ ենք դառնում։ Նախագահն ինչպե՞ս կարող է իր երկրի գիտնականներին թիրախ դարձնել։ Ցավոք՝ ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, թե ինչքան հեռու ենք ամենատարրական ժողովրդավարությունից։
Դոկտոր պրոֆեսոր Գենչայ Գյուռսոյ (Ստամբուլի համալսարան, թոշակառու)․
«Այս տարիքում հասցրել եմ ականատես լինել վերջին 50 տարիներին Թուրքիայում տեղի ունեցած բոլոր քաղաքական իրադարձություններին։ Հեռուստատեսության հաղորդումներից մեկին միացած ուսուցչի «թող արևմուտքն էլ իմանա՝ ինչ է կատարվում» խոսքերն արդեն գնահատվում են որպես ահաբեկչություն։ Արդեն վարժվել ենք, սակայն ստարգրություն տվածների անունից հայտնում եմ, որ շարունակելու ենք մինչև որ երկրում ժողովրդավարություն, խաղաղություն և ազատություն չհաստատվի»։
Դոկտոր Օհաննես Քըլըչդաղ (Ստամբուլի Բիլգի համալսարան)․
«Գիտնականների ստորագրած հայտարարությունը՝ «հանցագործությանը մասնակից չենք դառնալու» վորնագրով, կառավարության ու նրա կողմնակիցների շրջանում աշխուժություն է առաջացրել։ Այս գրությունը կոչ է անում պետությանը ազգային և միջազգային իրավունքի նորմերը չխախտել և պահանջում է մինչ այժմ իրականացված մարդու իրավունքների ոտնահարումները ազգային և միջազգային իրավունքի նորմերի սահմաններում ուսումնասիրել»։