Ռոժավայում 16 քրիստոնեական հաստատությունների հայտարարությունը, որում դժգոհություն էր հայտնվում YPG-PYD իշխանությունից, քննարկումների պատճառ դարձավ։ PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) ղեկավարությունը հերքել էր մեղադրանքները, «Ակոս»-ի հետ զրույցում PYD ներկայացուցիչները նշել էին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն արձագանքները դեռ շարունակվում են։
Ե՛վ հունիսի 7-ի, և՛ նոյեմբերի 1-ի ընտրությունների ժամանակ ԱԺԿ-ի (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն) կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված մարդու իրավունքների պաշտպան և փաստաբան Էրքան Մեթինը մայիսին երեք հոգանոց մի պատվիրակությամբ հետազոտություն էր սկսել այդ շրջանում։ Մեթինն իր Դիտարկումները պատմեց «Ակոս»-ին։
Տարածաշրջանում ձեր դիտարկումներում ի՞նչ բացահայտումներ արեցիք։
Նախ և առաջ պետք է ներկայացնեմ տարածաշրջանում ասորիների դերը։ Ասորական միություն կուսակցությունը կանտոնային կառավարության մասն է կազմում։ Ռազմական առումով էլ այս կուսակցությանը կից «Ասորական զինվորական խորհուրդ» կա։ Սրա մեջ էլ Հաբուր գյուղի բնակիչներից կազմված պաշտպանական ուժերն են՝ «Հաբուրի պաշտպանական ուժեր»։ Սրանք YPG-J-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) հետ մեկտեղ պայքարում են ԻՊ-ի դեմ։ Նաև տեղական խաղաղության միավորումներ կան։ Այս միավորումները իշխանամետ միավորումներ են։ Տարածաշրջանի որոշ հատվածներում սիրիական վարչակարգը շարունակում է պահպանել իր գոյությունը՝ թեկուզ սիմվոլիկ։ Բոլոր այս միավորումները, սակայն, Հասեկեում ԻՊ-ի հարձակման դեմ համատեղ են պայքարել։
Այնտեղի մեր ազգաբնակչությունը բաժանված է երկու, անգամ երեք մասի։ Շատերը Ասորական միություն կուսակցությունը չեն ընդունում որպես ասորիների ներկայացուցիչ։ Կուսակցությունը համարում են շատ պասիվ և շահի վրա հիմնված։ Նրանք անգամ չեն փորձում կանտոնային կառավարությանը միանալ, քանի որ նրանց որոշ հատվածը իշխանամետ է։ Իսկ մի հատվածն էլ դեմ է սիրիական կառավարությանը, սակայն կողմ չէ նաև Կանտոնին։ Խնդիրների պատճառներից մեկը քաղաքական հայացքների տարբերությունից է բխում։
Կանտոնում ունեցվածքի, կրթության, բռնի զինվորագրման և հարկման մասին քննադատություններին առնչվեղ դիտարկումները կա՞ն։
«Գաղթականների ունեցվածքի» օրենքի նախագիծը սեպտեմբերի 15-ին քննարկման էր դրվել Կանտոնի օրենսդրական հանձնաժողովում։ Այն նախատեսում էր գաղթի պատճառով լքված ունեցվածքները հասարական դարձնել։ Անհրաժեշտ է կրկնակի մտածել, երբ հարցը վերաբերում է 1915-ի ցեղասպանության ժամանակ 2 միլիոն մարդկային կորուստ ունեցած ազգերին։ Այս օրենքի նախագիծը սխալ էր։ Սակայն, բարեբախտաբար, առարկությունների շնորհիվ այդ նախագիծը քննարկումից հանվեց։
Ինչ վերաբերում է կրթական հարցին՝ իմացա, որ կրթական ծրագրում որոշ փոփոխություններ կան, բայց չեմ կարծում, որ դրա հետ կապված լուրջ խնդիր կա։
Զինվորական համակարգում արդեն մեկ ու կես տարի է խնդիրներ կան։ Գրեթե բոլոր քաղաքացիները դա էին փաստում։ Նշվում էր, որ 18-30 տարեկան երիտասարդներին ստիպում են կամ Ժողովրդի պաշտպանության ուժերին (YPG), կամ էլ ասորական ուժերին միանալ։ Անգամ հայտնում էին, որ այդ պատճառով երիտասարդները դուրս չեն գալիս փողոց։ Կանտոնային կառավարությունը դատավարությունների հարցում հղկված չէ։ Սրա պատճառով խնդիրներն ավելի են մեծանում, և անհատների թույլ տված սխալները վերագրվում են Կանտոնին։
Հարկերի հարցում Ղամիշլիում բողեքներ կային։ Նշվում էր, որ տարածաշրջանի քրիստոնյաներից և՛ պետությունն է հարկ գանձում, և՛ ԺՊՈՒ-ն է կամայական հարկեր հավաքում։ Սակայն Դերիկում այս հարցի շուրջ բողեքներ չկային։
Քրիստոնեական հաստատությունների հայտարարության հետ կապված արձագանքներն ինչպե՞ս եք գնահատում։
Ցավալի է։ Ի սրտե ժողովուրդների համերաշխություն ցանկացող մեկն եմ։ Միայն այդ ճանապարհով Միջին Արևելքում կդադարի արյուն հոսել։ Առանց 1915-ին առերեսվելու արված ամեն քայլ կիսատ է մնում։ Ոչ մի ժողովուրդ իրավունք չունի վերևից նայելու մեկ այլ ժողովրդի։ Սա ասում եմ և՛ քուրդ ժողովրդի, և՛ մյուս ժողովուրդների համար։