Թիֆլիսը Քուր գետի ափին է, բայց այն, ինչ տեղի ունեցաւ Շաբաթ լոյս Կիրակի գիշեր Յունիսի 14-ին, Քուրի պատճառով չեղաւ։ Ժամեր շարունակ յորդառատ անձրեւներ տեղացին եւ ջրհեղեղեց Վերէ գետակը, որը հոսում էր իր համար գեղատեսիլ մի կիրճում, որտեղ վերջին տարիներին գետակով հրապուրուած քաղաքացիները կառուցել էին մէկ-երկու յարկանի տներ։
ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com
Ես սիրահարուած եմ։ Իսկ ի՞նչ է սէրը։ Երբ ինչ-որ մէկն առեւանգում է քո հոգին։ Իմ սիրեկանի անունը Թիֆլիս է։ Ամէն անգամ մեկնելով Թիֆլիս, ես մեկնում եմ իմ հոգու յետեւից։ Ինչպէս ամէն շնորհքով քաղաք իմ Թիֆլիսը գետ ունի։ Կամուրջ գետի վրայ։
-Ո՞ւր են գալիս սովորաբար անձնասպանները Թիֆլիսում։
-Այդպիսի տեղ չկայ։ Այստեղ ինքնասպանութիւններ չեն լինում։
Հայերը Թիֆլիսում
Կեանքի քաղաք է իմ Թիֆլիսը։ Քեֆի քաղաք։ Յամենայնդէպս այդպիսին էր անցեալում եւ այժմ էլ ջանում է պահպանել իր հեքիաթային գեղեցկութիւնը զբօսաշրջիկների համար, կորցնելով սակայն նոր ժամանակներում ռուսերէն լեզուն, որով շփւում էին միմեանց հետ բազմաթիւ ազգային խմբեր, որոնք ունէին մի ընդհանուր ինքնութիւն, որն էր երջանիկ թիֆլիսցիներ։ Բոլոր ազգերը փոքրամասնութիւն էին։ Եւ ամէն մէկն ասում է, որ ինքն է կառուցել Թիֆլիսը, պարտադիր շեշտելով սակայն հայերի դերը։ Գերմանական համայնքի նախագահն, օրինակ, Ալեքսանդր Ֆելդմայերն ասում է, որ գերմանացիներն են հայերի հետ մէկտեղ ստեղծել այս քաղաքը եւ հպարտութեամբ աւելացնում է, որ իր մեծմայրը հայուհի էր։ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում վրացիները նոյնպէս փոքրամասնութիւն էին հայերի համեմատ։ Այսօր հայերը բնակչութեան 7-8 % են կազմում, բայց 19-րդ դարում, օրինակ, Թիֆլիսի բնակիչների գլխաւոր մասը կազմում էին հայերը, 2.000 տուն կար քաղաքում, որոնցից միայն 200 էին վրացական, մնացածը հայերինն էին եւ միայն հայերի մէջ կարելի էր տեսնել ունեւորներ։ Սկսած 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարասկիզբը, այսինքն մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը (1917) քաղաքապետները հայազգի էին. 47-ից 45-ը։
1936-ին Թիֆլիս կամ Տպղիս անունը փոխուեց եւ դարձաւ Թբիլիսի։ Թբիլի նշանակում «տաք», իսկ սի՝ «աղբիւրների տակ»։ Երեւի աշխարում նման հանքային բաղնիքներ չկան, ինպիսին են Թբիլիսիում՝ հենց քաղաքի կեդրոնի Աբանոտուբանի թաղամասում։
Ջրհեղեղ Թբիլիսիում
Թիֆլիսը Քուր գետի ափին է, բայց այն, ինչ տեղի ունեցաւ Շաբաթ լոյս Կիրակի գիշեր Յունիսի 14-ին, Քուրի պատճառով չեղաւ։ Ժամեր շարունակ յորդառատ անձրեւներ տեղացին եւ ջրհեղեղեց Վերէ գետակը, որը հոսում էր իր համար գեղատեսիլ մի կիրճում, որտեղ վերջին տարիներին գետակով հրապուրուած քաղաքացիները կառուցել էին մէկ-երկու յարկանի տներ։ Աւա՛ղ, այդ տները դարձան նրանց համար գերեզման, որից նրանց դժուարութեամբ տարհանում էին փրկարարները։ Իրենց տան միջից չկարողացան դուրս գալ հայազգի Ժաննա եւ Սվետլանայ Եգիազարովները։ Այդ ընտանիքից միւս երկուսն էլ՝ Լիաննան եւ Նանա Եգիազարովաները ջրահեղձ եղան։ Այսպիսով 13 զոհուածներից 4-ը Եղիազարովների ընտանիքից էին։ 24 հոգի համարւում են անյայտ կորածներ։ Ավտոները տների տանիքներին էին յայտնւում, շրջւում եւ խորտակւում, ճանապարհներն անանցանելի դառնում, շուրջբոլորը աւերւում էր եւ վարարող գետակի ջրերով քշւում։ Տասնեակ ընտանիքներ անօթեւան մնացին, նրանցից ամենքին կառավարութեան որոշմամբ պիտի յատկացնէն 4.500 տոլար։ Մարդկանցից զատ տուժեցին նաեւ կենդանիները, քանզի ամենամեծ հարուածը հասցուեց կենդանաբանական այգուն։ 600 կենդանիներից 300-ը զոհուեցին. մեծավանդակներն աւերուեցին եւ այնտեղից դուրս պրծան գիշատիչ կենդանիները. 6 առիւծ, 6 վագր, 7 արջ, 13 գայլ, գետաձին, մի քանի կոկորդիլոսներ լողում էին հորդացող ջրերի մէջ… Յատուկ ջոկատայինները ստիպուած էին գիշատիչներին գնդակահարել, ինչին համաձայն չէր այգու տնօրէնը, բայց ի՛նչ արած, եթէ մարդկանց կեանքին վտանգ էր սպառնում։
Հայաստանցիները օգնութիւն ցուցաբերեցին դրացիներին. Երեւանի կենդանաբանական այգու չորս աշխատակիցներ մեկնեցին Թբիլիսի։ Իրենց մարդասիրական օգնութիւնն առաջարկեցին յատկապէս Ուքրաինացիները։ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին այժմ Ուքրաինայի կառավարման կազմում է. դառնալով Օդեսայի մարզի նահանգապետ, նա պիտի գործադրի կաշառակերութեան դէմ պայքարի իր փայլուն փորձը։
Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիայ Բ-ն յայտարարեց, որ կենդանաբանական այգին մեղքի պատճառով կործանուեց, քանզի համայնավարները հալածում էին հոգեւորականներին, իսկ կենդանաբանական այգին կառուցեցին եկեղեցիների զանգերի ձուլման գումարով։
Ի՞նչ կարելի է ասել այս առթիւ։ Շատ բան։ Օրինակ, այն, որ Սուրբ Երրորդութիւն շքեղ տաճարը Թբիլիսիում կանգնեցուեց Խոջիվանք հայկական գերեզմանոցի տեղը, որն աւերուեց ոչ թէ բնական աղէտի շնորհիւ, այլ՝ մարդկային եւ այժմ վերականգնուել է սիմվոլիկ ձեւաչափով, պահպանելով Թումանեանի, Ռաֆֆու եւ այլ հայկական սրբազան անունները սիմվոլիկ շիրմաքարերի վրայ։