Տոլարը եւ ազգային արժոյթները

Ամանոր է, որն ամենամեծ տօնն է հայաստանցիների համար ի տարբերութիւն սփիւռքահայերի, որոնց ամենասիրուած տօնը Զատիկն է։ Հետաքրքիր է, որ Սուրբ Ծնունդին հայաստանցիները նոյնպէս Զատիկ են ասում։ Բացատրում ես, որ մարդ նախ պիտի ծնուի, խաչի վրայ հոգին աւանդի, յետոյ նոր յարութիւն առնի, հայաստանցիները հասկանում են, բայց աւելացնում են «դէ սա փոքր Զատիկ է»։

 ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամանոր է, որն ամենամեծ տօնն է հայաստանցիների համար ի տարբերութիւն սփիւռքահայերի, որոնց ամենասիրուած տօնը Զատիկն է։ Հետաքրքիր է, որ Սուրբ Ծնունդին հայաստանցիները նոյնպէս Զատիկ են ասում։ Բացատրում ես, որ մարդ նախ պիտի ծնուի, խաչի վրայ հոգին աւանդի, յետոյ նոր յարութիւն առնի, հայաստանցիները հասկանում են, բայց աւելացնում են «դէ սա փոքր Զատիկ է»։

Փոքր տօն է կարճ ասած Սուրբ Ծնունդը, մեծն Ամանորն է, այդ է պատճառը, որ բոլոր առեւտրականները փորձում են այդ տօնի հաշուին հարստանալ. բարձրացնում են ապրանքների գները, խուճապ առաջացնում, ինչպէս արեցին շաքարաւազի հետ, երբ երկու օր շարունակ վաճառեցին այն 900 դրամով 350-ի փոխարէն։ Խե՛ղճ սպառողներ. մէկը խոստովանեց, որ խուճապի պատճառով 50 քկ. շաքարաւազ գնեց՝ վախենալով, որ 900 դրամից էլ կը բարձրանայ, իսկ ալիւրը սկսեցին գնել պարկերով։ Ստիպուած վարչապետը այցելեց սուփերմարքեթները, որից յետոյ շաքարաւազի գինը իջաւ 400 դրամի։ «Պէտք չէ մատնուել խուճապի»,-  զգուշացնում է կառավարութիւնը։ Զգուշացնում է, յորդորում եւ հանգստացնում, ինչպէս բժիշկն է հանգստացնում հիւանդին, որի տունը հրկիզուել է եւ նա՝ չունենալով ապահովագրութիւն, մնացել է փողոցում։

Պատժենք շահադէտներին

Ազատ շուկայ է, սոված սոցիալիզմից անցել ենք կապիտալիզմի։ Սոցիալիզմի ժամանակ շուկաներում գնացուցակ էր տեղադրուած, որտեղ նշուած էին գների թոյլատրելիութեան սահմանները, այսինքն պետութիւնը զսպում էր «ազատութիւնը», սակայն Ճափոնիայում, օրինակ, որը միշտ եղել է կապիտալիստական, խորհրդարանը նոյնպէս հաստատում է գնացուցակը, որովհետեւ ոչ ոք իրաւունք չունի զրկի մարդուն առաջին անհրաժեշտութեան ապրանքների մատչելիութիւնից։ Բայց երեւում է, որ ո՛չ մեր սոցիալիզմն էր իսկական, ո՛չ էլ կապիտալիզմը։ Վերջին օրերում վերստին կառավարիչների շուրթերից հնչեց «սփեկուլեանտ» (շահադէտ) բառը։

«Ակօս»-ի 965 թիւում գրել էի շահադէտ հասկացութեան մասին, երբ մի տեղից ապրանքն առնելն ու միւս տեղ վաճառելը եւ գների տարբերութիւնից շահելը յանցանք էր համարւում, որի համար շահադէտին ձերբակալում էին… Ահա այս չարաբաստիկ օրերին, երբ դրամը արժեզրկուեց եւ տոլարի գինը բարձրացաւ, կեդրոնական դրամատունը կասեցրեց տոլարի վաճառքը եւ ձեւաւորուեց սեւ շուկայ. այսինքն գործարարը, որին անյապաղ տոլար էր պէտք, որպէսզի նրա պիզնեսը չտուժի եւ նա ստիպուած չլինի անձնասպան լինել սնանկութեան արդիւնքում, դիմում էր շահադէտի ծառայութիւններին։ Եւ ի՞նչ… «Մենք նրանց կը պատժենք»,- սպառնաց Կեդրոնական դրամատան նախագահը։ Բայց երբ դրամատները սկսեցին վերջապէս վաճառել տոլարը, ապա առքը 455 էր, իսկ վաճառքը՝ 485։ Շատ լաւ ասեց նախկին վարչապետ, այժմ շարքային պատգամաւոր Հրանդ Բագրատեանը. «Արտարժոյթի շուկան հենց սփեկուլեատիւ պիտի լինի, եթէ կայ ազատ փոխարժէք, ապա սփեկուլեացիան նրա տարրերքն է… Կառավարութեան մրցոյթային քաղաքականութեան գծով պատասխանատուն յայտարարում է. թոյլ չեմ տայ, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն օղի, կազ կամ պենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապուած դրամի արժեզրկման հետ, բայց գիւղացին հողկիթի գինը չի կարող բարձրացնել։»

Այնուհետեւ Բագրատեանը մեկնաբանեց տոլարի տիրոյթը. «Աշխարհի շուկան հիմնականում սպասարկում է տոլարը եւ մի քիչ էլ Եւրօն։ Տոլարի տէրը՝ ԱՄՆ-ը ինչ ուզում է անում է. կարող է մէկ օրում արժեզրկել ձեր տոլարային խնայողութիւնները եւ հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձեւակերպել եւ յետոյ այն արտահանել մէկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսութիւնը…» Ի վերջոյ Բագրատեանը եզրակացրեց. «Մի բան պարզ է։ Կ՚ունենանք կենսամակարդակի 30%-նոց անկում եւ աղքատութեան ցուցանիշի բարձրացում մինչեւ 46-50%»։

2 տարի առաջ Իրանում

Չլինելով տնտեսագէտ ես նկատում եմ միայն մի բան. Այն, ինչ կատարւում է Հայաստանում, կարծես Ռուսաստանում կատարուածի փոքր պատճէն լինի։ Երկար ընդմիջումից յետոյ ես բացեցի ռուսական առաջին ալիքը եւ տեսայ նոյն պատկերը, նոյն խուճապը, ինչ տիրում էր Հայաստանում. դեռ աւելին, տոլարն ու Եւրօն 3 անգամ բարձրացել էին եւ մարդիկ խուճապահար պարպում էին խանութները, գնելով ոչ միայն ուտելիքներ պարկերով, այլ նաեւ կենցաղային տեխնիկայ, չնայաց  վաճառատան տէրերը մարդկանց աչքի առաջ փոխում էին, օրինակ, ապրանքի գինը 12.000 ռուպլուց 25.000-ի…։ Կեդրոնական դրամատան նախագահը կանխատեսում էր տնտեսութեան անկում եւ մէկ տարուայ չգոյութիւն։ Վարկերը տարեկան 17%-ով են ստիպուած լինելու տալ, չէ, նոյնիսկ 24-30%։ «2 տարի յետոյ մեր տնտեսութիւնը կը յաղթահարի ճգնաժամը»,- խոստացաւ ՌԴ. նախագահ Փութինը։ Գուցէ նրա աչքի առաջ Իրանի օրինա՞կն էր, որին ԱՄՆ. ենթարկել էր աւելի դաժան պատժամիջոցների։

2 տարի առաջ Իրանը կործանւում էր եւ այդ երկրի մասին նոյն անեկդոտը կարելի էր պատմել, ինչ Ռուսաստանի մասին.- ԱՄՆ-ը կանգնած է անդունդի եզրին եւ նայում է, թէ ինչպէս է Իրանը (Ռուսաստանը) փորձում այնտեղից դուրս մագլցել։ Այսօր Ռուսաստանում եւ նրա փոքր պատճէն Հայաստանում նոյն պատկերն է, ինչ Իրանում էր ստեղծուել 2 տարի առաջ ազգային արժոյթի անկման հետեւանքով։ Տոլարի գինը մէկ տարուայ ընթացքում բարձրացել էր 3 անգամ եւ 13.000 ռիալից դարձել էր 37.000։ Կառավարութեանը յաջողեց կասեցնել ռիալի արժեզրկումը եւ արդէն 2 տարի, ինչ 1 տոլարը արժէ 32.000 ռիալ։ «Ամենամեծ սխալը հենց տոլար չվաճառելն է այդ ճգնաժամերին, քանի որ ձեւաւորւում է սեւ շուկայ եւ կառավարութիւնը արտօնեց բացել «մասնաւոր գրասենեակներ» արտարժոյթի ազատ փոխանակման համար»,- պատմում է իրանցի մի տնտեսագէտ։ Ամենակարեւորն այն է, որ Իրանում հրաժարուեցին պահեստաւորել տոլարը եւ այժմ առեւտուրը Չինաստանի հետ անում են եուանով, իսկ Ռուսաստանի հետ՝ ռուպլիով, այսպիսով իջեցրին կախուածութիւնը տոլարից։ Վերջին շրջանում պարսկական արժոյթը մտաւ պիւտճէ։

Իրանի իշխանութիւնները երբեք թոյլ չտուեցին, որ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գները բարձրանան, ինչպէս դա լինում է Ռուսաստանում եւ Հայաստանում եւ խթանում աղքատութիւնը, Իրանում զսպում են շաքարի, ձէթի, կարագի, հացի, կաթի եւ հաւկիթի գները։ Եւ մինչ Փութինը կոշտ պատասխաններ է տալիս լրագրողներին, գործարարները հաշւում են վնասները, որոնք կրելու են պատժամիջոցների եւ նաւթի գների իջեցման հետեւանքով. Ռուսաստանը ըստ ֆինանսների նախարարութեան տարեկան 130 միլիառ տոլարի կորուստ է ունենալու։ Հետաքրքիր է, ինչպէ՞ս է դա անդրադառնալու նրա փոքր պատճէնի վրայ, քանզի մեզ համար «վատ» բառը դարձել է «լաւ» բառի հոմանիշ, միայն թէ այդ բառին չհետեւի «աւելի վատ»ը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ