Թերթիս խմբագրական կազմին հետ կատարած ժողովի ընթացքին վերյիշեցինք պարբերական մամուլի երբեմնի հրաշալի աւանդոյթը, որ կը հրատարակէր գրական ընտրիր գործեր, թերթօնի դրութեամբ։ Որոշեցինք վերադառնալ այդ աւանոյթին եւ իբրեւ առաջին օրինակ ընտրեցինք ԺԹ դարու հայ վիպագրութեան ամենապայծառ դէմքերէն Րաֆֆիի «Ջալալեդդին» վիպակը։
Յուսանք քաղաքական վերապահութիւններով Թուրքիոյ մէջ ցարդ անտեսուած Րաֆֆիի այս պատումը կը համընկնի թէ՛ հայաշխարհի եւ թէ տարածաշրջանի փոթորկոտ օրակարգին, եւ իմաստալից զուգահեռներ կառուցելու համար առիթ կ՚ընձեռէ։
ՐԱՖՖԻ
Ա
Մայիս ամիսը 1877 տարուայ մօտենում էր իր վախճանին: Աղբակա1 Լիանա դաշտերից մէկի վրայ, առաւօտեան մառախուղի միջից, հազիւ երեւում էին մի քանի վրաններ, սեւ կապերտից պատրաստուած, որոնք բոլորաձեւ շարուած էին մինը միւսի մօտ, թողնելով իրանց մէջտեղում բաւական ընդարձակ հրապարակ: Տեսնողը առաջին անգամից կը կարծէր, թէ դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղուել էին այդ կանաչազարդ հովտի մէջ, իրանց անասունների համար արօտ գտնելու: Բայց քանի որ արեւը բարձրանում էր, լեռներին պատած մառախուղը աւելի եւ աւելի նօսրանում էր, վրանների տարածութիւնը ընդարձակ հովտի մէջ հետզհետէ մեծ քանակութիւն էր ներկայացնում: Այս կասկածելի երեւոյթը այն ժամանակ նրան բանակի ձեւ էր տալիս: Եւ իրաւ, վրանների առջեւ ցցուած երեւում էին եղեգնեայ երկայն նիզակներ, որոնց ծայրերը զարդարած էին սեւ փետուրներով, իսկ հրապարակի վրայ անբացատրելի խռովութեան մէջ շարժւում էին զինուորուած տղամարդիկ, որոնց երեսները արտայայտւում էին կատաղի անհամբերութիւն: Բանակից հեռու, դալար խոտերի մէջ, արածում էին բոլորովին պատրաստ թամքած ձիաներ, որոնց առջեւի եւ ետեւի ոտներից մէկը շղթայած էին՝ չփախչելու համար: Վրաններից մէկի առջեւ, —որ իր մեծութեամբ եւ փառայեղաթեամբ որոշւում էր միւսներից, —ցցած էր մի կարմիր դրօշակ, որի չորս անկիւնների վրայ կարդացւում էին, արաբական տառերով դրոշմուած,չորս անուններ՝ Ալի, Օսման, Օմար եւ Աբուբէքր: Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մէջտեղում նշմարւում էր մի սպիտակ ձեռք, որպէս օրինակ մի աներեւոյթ աջի, որ իր հովանաւորութեան ներքոյ պիտի առաջնորդէր զինուորուած ամբոխը դէպի պատերազմի դաշտը:
Այս իսկ վրանի շուրջը հաւաքուած էր մարդիկների բազմութիւն, որոնք անդադար ել եւ մուտ էին գործում նրա մէջ:
Այնտեղ թանձր թաղիքի վրայ նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով եւ ալեխառն մօրուքով: Նա ոտքից գլուխ հագնուած էր սպիտակ գոյնով, որ արեւելքում նշան է բարեպաշտութեան եւ մարդու անձնազոհութեան, որ իր կենդանութեան ժամանակ զգեցել էր մահուան պատանքը: Ծերունու հաստ գօտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբեկ (տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանուած էին որոշեալ թուով իւրաքանչիւր աղօթքի կարգը եւ համարը պահպանելու համար: Իսկ գօտիի ձախ կողմից երեւում էին կեռ խենջարի եւ մի զոյգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնուած էին հալեբեան վերարկուի տակ, որ անփոյթ կերպով ձգած էր նրա ուսերի վրայ: Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարօշով (չալմա), որի վրայ երեւում էին մետաքսեայ դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր: Նա նստած էր ծալապատիկ կերպով եւ ծնկների վրայ դրած ունէր մի կեռ թուր Դամասկոսի շէնքով:
Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնաւորութիւն, որ կրում էր իր մէջ կրօնի ջերմեռանդութիւնը, որպէս մի բարձր հոգեւորական, եւ պատերազմողի քաջազնական ոգին, որպէս հզօր զինուոր: Նա եւ՛ շէյխ էր, եւ՛ զօրավար: Նա նստած էր վրանի բարձր եւ պատուաւոր մասում, որպէս նահապետ եւ իշխան, իսկ իր աջ եւ ձախ կողմերում կարգով շարուած էին մի քանի աղաներ հնադարեան զէնքերով: Դրանց մերձաւոր ընտանութիւնը Շէյխի հետ արդէն ցոյց էր տալիս, թէ հասարակ մարդիկ չեն, այլ գլխաւորներն են այն ամբոխի, որ դրսում զետեղուած էին վրանների մէջ, կամ հաւաքուած էին հրապարակի վրայ: Աղաները լուռ էին եւ խօսում էին այն ժամանակ, երբ Շէյխը խօսեցնում էր: Շէյխի մօտ մի քաշքուլի2 մէջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկիւնի ձեւով: Այս փոքրիկ ծրարները նման էին այն թալիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդաւոր նպատակներով: Բայց իսկապէս կախարդական ոչինչ չկար նրանց մէջ, այլ նրանց վրայ գրուած էին մի-մի տող Ղօրանի այն այեթներից, որոնց զօրութեամբ մարդ ազատ է մնում ամէն տեսակ չարից եւ փորձանքից: Վրանի մուտքը բաց էր: Դրսում գտնուած բազմութիւնից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս. նա դեռ շէմքի վրայ չհասած, չոքում էր, երկրպագութիւն էր տալիս, եւ այնպէս չոքեչոք մօտենում էր Շէյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մօտ եւ ձեռքը համբուրում էր: Յետոյ ծերունին առնում էր քաշքուլի միջից եռանկիւնի ձեւով ծալած թղթերից մէկը եւ տալիս էր համբուրողին: Նա առանց ոտքի վրայ բարձրանալու, նոյնպէս չոքեչոք ետ էր դառնում եւ դուրս էր գալիս վրանից:
Այսպէս այցելուները անդադար մինը միւսի ետեւից, նոյն ծէսը կատարելով, ներս էին գալիս եւ դուրս գնում: Ամէն մի քաջ, իր սուրը Շէյխի ոտների մօտ ձգելով, նուիրում էր նրան եւ փոխարէնը ստանում էր խորհրդական թղթերից մէկը, որ անխոցելի պէտք է պահէր նրան թշնամու զէնքերից: Եւ այս պատճառով վրանից դուրս եկածին պէս, նա իսկոյն մի շորի կտորի մէջ դնելով, կարում էր իր աջ թեւքի վրայ: Երբ թղթերի բաժանման գործը վերջացաւ, դրսում լսելի եղաւ մի թմբուկի ձայն, զինուորուած բազմութիւնը ամէն կողմից շտապով սկսեց մօտենալ սրբազան զօրավարի վրանին: Իսկ երբ բոլորը հաւաքուած էին, այն ժամանակ դուրս եկաւ Շէյխը: Ամբողջ բազմութիւնը աջ ձեռքը երեսին քաշեց եւ լուռ օրհնութիւն կարդաց (սալավաթ): Այս գործողութիւնը մահմետականների մէջ նոյն նշանակութիւնն ունի, որպէս քրիստոնեաների մէջ երես խաչակնքելը: Որովհետեւ ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմեանց վրայ դարսելով, վրանի առջեւ կազմուեցաւ մի ամբիոն: Շէյխը բարձրացաւ նրա վրայ: Նա իր ձեռքում չունէր գաւազան, որ սովորաբար կրում էր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարէն բռնած ունէր կարմիր դրօշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով : —Այս դիրքը յիշեցնում էր այն հրաշալի երեւոյթը, երբ Արաբիայի մարգարեն անապատի մէջ առաջին անգամ բարձրացաւ ուղտերի թամքերից կազմուած ամբիոնի վրայ եւ խօսեց իր ոգելից ճառը:
Շէյխի քարոզը սկսուեցաւ օրհնութիւններով, որոնց մէջ խիստ ջերմեռանդ արտասանութիւններով փառաբանւում էին ալլահի, Մուհամետի եւ նրա գլխաւոր յաջորդների՝ Օմարի, Օսմանի եւ Աբուբեքրի անունները: Յետոյ սկսուեցաւ մի քաջալերական ճառ հետեւեալ խօսքերով.
«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարեն —փա՜ռք իր զօրութեանը —կոչում է ձեզ ու սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմիլ իր կրօնի թշնամիների դէմ, որոնք սկսել են թափել Աստուծոյ ծառաների արիւնը: (Եւ թո՛ղ նզովեա՜լ լինին նրանք): Վհատութիւնը, երկչոտութիւնը եւ կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետեւ երկիւղը Աստուծոյ զինուորների համար չէ: Տէրը ինքը կը տայ ձեր բազուկներին զօրութիւն, եւ թշնամու պարանոցները ձեր սրերի առջեւ կը կտրատուին, որպէս չորացած հասկը հնձողի մանգաղի առջեւ: Դուք ձեր ձեռքով կը բռնէք նրանց գնդակները եւ դէպի իրանց ետ կը դարձնէք: Ձեր անձերը պաշտպանուած կը լինեն երկաթեայ պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի: Զեզ աջակից կը լինեն կոտորող հրեշտակների աներեւոյթ գունդերը, որոնց մարգարեն ձեզ օգնութեան կ՚ուղարկէ: Մեծ է Իսլամի Աստուածը եւ բացի նորանից ուրիշը չկայ:
Բոլո՛ր գաւուրները պիղծ են Աստուծոյ առջեւ: Նրանց կայքը, կեանքը, ընտանիքը եւ ամէն ինչ, որ պատկանում է անհաւատներին, Աստուած մատնում է ձեր ձեռքը: Հափշտակեցէ՛ք, կողոպտեցէ՛ք, այրեցէ՛ք եւ կոտորեցէ՛ք, որքանով կը լիանայ ձեր սիրտը: Աւարը եւ իր կրօնի թշնամիների արիւնը Աստուած հալալ3 է անում սուրբ պատերազմի զինուորներին: Ձեզանից կ՚ընկնին նրանք միայն, որոնց սրտերը կը մոլորեցնէ սատանան եւ որոնց հոգիները կը սառչին: Երկչոտները ատելի են Տէրի առջեւ: Եւ աւելի ատելի կը լինեն նրանք, որ կը փախչեն կռուի դաշտից: Ձեր թիկունքը չպիտի տեսնի թշնամին: Նա՛, որ Աստուծոյ համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի:
Երբ որ ձեզանից մէկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ Աստուած կը զայրացնէ կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջեւ, կ՚ընդունէ իր տղամարդին այս խօսքերով.«Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես: Ի՞նչու չեն տեսնւում քո վէրքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները. հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատուեց իր զէնքերը»: Չկայ մի աւելի դառն բան, քան կնոջ հանդիմանութիւնը. բայց Աստուծոյ զզուանքը սարսափելի՜ է: Սուրբ կրօնի թշնամիների արիւնի հոսումը հաճելի է Տէրի առջեւ: Անհաւատների աւերակների ծուխը Նա ընդունում է որպէս մի ողջակէզ,որից մուխը ուղիղ բարձրանում է դէպի յաւիտենականի աթոռը: Կոտորեցէ՛ք, որքան կը զօրեն ձեր բազուկները, այրեցէ՛ք, որքան կարող էք դուք: Եւ ձեր կոտորածների արիւնի իւրաքանչիւր կաթիլի համբարքով դուք կը ստանաք մի-մի հուրի4 Աստուծոյ ջեննաթի մէջ: Մե՛ծ է ուղղափառների Աստուածը եւ բացի նրանից չկայ մի ուրիշը:
Եթէ ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կը լինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով, եթէ դուք ծառայացնելու համար կ՚ընտրէք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գաւուրներից, Աստուած չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կ՚ընդունեն Իսլամը: Իսկ եթէ հաստատ մնացին իրանց մոլորութեան մէջ, ձեզ թոյլ է տրւում սպանել: Զուգաւորութիւնը ուղղափառի մի անհաւատի հետ արգելում է Աստուած: Իսկ ծերերին, թէ նրանք կին լինէին եւ թէ այր, խնայել չկայ: Անհաւատութիւնը նրանց մէջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման: Արդար եղէ՛ք աւարի բաժանման մէջ եւ ձեզանից ամէն մէկը թող չզրկէ իր ընկերին: Մի՛ մոռանաք Աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետեւ նրա հրեշտակները նոյնպէս պատերազմել են ձեզ հետ: Խնամք տարէք, եթէ մէկը ձեզանից հիւանդ լինի կամ վիրաւոր, որովհետեւ դուք ամէնքդ եղբայրներ էք այդ սրբազան դրօշի տակ»։
Դեռեւս երկար խօսում էր Շէյխը, կանգնած իր ամբիոնի վրայ, որպէս Իսլամի մարմնացած ոգին, որպէս հալածասիրութեան եւ մոլեռանդութեան մի կենդանի օրինակ: Նրա ձայնը ազդու էր եւ սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգեւորող պերճախօսութիւնից: Ղօրանի աշակերտը, —որի մէջ այնքան բանաստեղծական յափշտակութեամբ երգւում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արիւնային գոյներով, —Ղօրանի աշակերտը միայն կարող էր այսպէս ոգեւորել մի վայրենի բազմութիւն մարդկանց մորթելու համար:
Շէյխի ճառը մի համառօտ եզրակացութիւն էր այն աստուածեղէն գրքի բովանդակութիւնից, որին հետեւում է ամբողջ մահմետական աշխարհը:
Երբ վերջացրեց նա, կրկին դարձաւ դէպի բազմութիւնը այս խօսքերով .«Աստուած ձեզանից ուխտ է պահանջում, եւ թո՛ղ ձեզանից ամէն մէկը կատարէ իր երդումը»:
Նոյն միջոցին ամբողջ բազմութիւնը վեր առաւ գետնից մի-մի քար եւ ձգեց հրապարակի վրայ, ուր բարձրացաւ մի ահագին բլուր, որպէս արձան մի սոսկալի ուխտադրութեան: Եւ այս գործողութեան ժամանակ օդը թնդաց հազարաւոր ձայներից, որոնց խառնակութեան միջից պարզ որոշւում էր այս խօսքը. «Եւ թող մեր թալախը5 այս քարի նման ձգուած լինի, եթէ հաւատարիմ չմնանք սուրբ գործին»:
Երբ բոլոր արարողութիւնները վերջացան, Շէյխը կրկին կարդաց օրհնութեան մաղթանք եւ իջաւ իր բեմից: Նա կրկին մտաւ իր վրանը:
Նոյն միջոցին կրկին լսելի եղաւ թմբուկի ձայնը: Ամէն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հաւաքուեցան, եւ մի քանի ժամից յետոյ ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու: Նա շարժուեցաւ, երբ Շէյխը իր ձին նստած, կարմիր դրօշը ձեռին, առաջ ընկաւ:
Այն ժամանակ նրա դէմքը ծածկուած էր մի սպիտակ երեսկալով, որ անհաւատների աչքերը չտեսնէին նրա սուրբ երեսը: Աւելի քան տասն հազար քուրդեր հետեւում էին այդ սարսափելի ծերունուն: Գունդերի ետեւից տանում էին մի շարք ուղտեր,որ բարձած էին փոքրիկ թնդանոթներով:
Այսպէս սկսուեցաւ Շէյխ Ջալալեդդինի արշաւանքը դէպի տաճկական Հայաստանը:
1 Աղբակը տաճկական Հայաստանի գաւառներից մէկն է, որ սահմանակից է Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գաւառներին։
2 Մի անօթ, որ կրում են դէրվիշները եւ պատրաստւում է հնգկական ընկոյզի կեղեւից կամ մի տեսակ ծովային խեցիից, որ սեխի ձեւ ունի։
3 Հալալ համարւում են այն բաները, որոնք օրէնքով սուրբ են եւ չեն արգելուած։
4 Հուրի նշանակում է յաւէրժական կոյսեր, որ ստանում են իսլամի արդարները Աստուծոյ դրախտի մէջ, որպէս վարձատրութիւն. Այս հրաշագեղ նիմֆաներից աւելի մեծ բաժին ունեն նահատակները։
5 Թալախ նշանակում է բախտ կամ ումուսնական կապ. Նա քանդուած է համարւում, երբ քուրդը նրան անունով երթուելուց յետոյ ուխտազանց է լինում։