ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«Մութ ամպեր էին երկնքում, արեւն անհետացել էր այլեւս...ժողովուրդը յուսահատ էր ու անօգնական. նախ հաւաքեցին ու ձերբակալեցին նշանաւորներին՝ գրագէտ մարդկանց՝ գլուխը կտրեցին մարմնից... Այդ օրը արեւ չծագեց, եկեղեցիների զանգերը չղօղանջեցին...Մունզուրը ներկուեց արիւնով... Իմ դասը երկնքում տեսաւ ինքնաթիռներ, որ երբեք չէր տեսել ու ռումբեր... Ընտանիքներ քանդուեցին, կանայք՝ իրենց պատիւը պահելու համար, նետուեցին ժայռերից, ուրիշները փախան քարանձաւներ ու ամիսներով սնւում էին միայն ցորենով՝ առանց ջրի, մայրերի կրծքերից կաթ չէր հոսում։ Շատ ընտանիքներ բնաջնջուեցին, նախքան երբեւէ նորից հանդիպելը։ Որբ աղջիկներին որդեգրեցին ընտանիքներ, որոնց հաւատալիքներն ու մշակոյթը նրանց օտար էր, բայց նրանց ազնիւ արիւնը շարունակում էր հոսել նրանց երակներում։ Ահա՝ թէ ինչու մենք երբեք չենք ժպտում, ու մեր ողբից անցեալի հոտ է գալիս... Մեր ողբն այսպէս վերածուեց խռովութեան, մեր ողբից դառը հոտ է գալիս...»։
ԿԱՐՕ ՕԼԿԱՐ
1938 թուականի Տէրսիմի
կոտորածների վերյուշը
Տէրսիմն իմ կեանք «ներխուժեց» ու մէկընդմիշտ հաստատուեց շատ անսպասելի, «լոքդաունի» նախօրէին, ՖԲ-ի էջից՝ Կարօ Օլկար անունով պոլսաբնակ մեր հայրենակցի հաղորրդումներից, որ շատ պատահական աչքովս ընկան ... Նախախնամութիւն էր երեւի՝ քորոնավիրուսի հետեւանքով արգելափակումներից ու տանը «բանտարկուելուց» խենթանալու փոխարէն առիթ ունէի ժամերով հիանալ։ Երկիր մոլորակի այս հրաշալի, մինչ այդ ինձ անյայտ, այնքան մօտիկ ու այնքան հեռու անկիւնով, որը ոչ շատ հեռու անցեալում մեր հայրենիքի մի կտորն էր, այժմ Թուրքիայի Թունճելի մարզն է՝ վերանուանումը 1936 թուականից է։ Նրա գեղագեղ լեռնային համայնապատկերներն բազմաթիւ էին Կարոյի էջում։ Մակագրութիւնները, բացատրութիւնները թուրքերէն էին։ Տեքստերը հասկանալու համար դիմում էի GOOGLE – ին, թէեւ թարգմանութիւններն երբեմն ընդհանրապէս հասկանալի չէին։ Փորձեցի Տէրսիմի պատմութեան մասին տեղեկութիւններ փնտռել հասանելի աղբիւրներում՝ հանրագիտարաններում, հայ ժողովրդի պատմութեան ակադէմիական հատորներում։ Զարմանքով հաշուարկեցի, որ դրանք երկու էջ էլ չեն կազմի։
Օգնութեան եկան մի շարք գիտական եւ ընդհանրական յօդուածներ որոնք, որոշակի յամառութիւն գործադրելու արդիւնքում, կարելի է գտնել համացանցում։
Տէրսիմը պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհն է, որի հիւսիսում՝ Եկեղեաց գաւառում էին գտնւում Անահիտի, Միհրի եւ Արամազդի տաճարները։ Ինձ անասելի գորովեց այն, որ 7-9 դարերում Պավլիկեաններից շատերը հետապնդումներից փախել, պատսպարուել են Տէրսիմի անառիկ լեռներում։ 19-րդ դարում Տէրսիմի հայ բնակչութեան կողքին ապրել են ալեւվիները , քրտական տարբեր ցեղեր։ Նրանք հայերի հետ միասին քանիցս ենթարկուել են տեղահանումների եւ կոտորածների։ Թուրքական կառավարութիւնը իրեն յատուկ ոճով հայերի դէմ է լարել այլազգիներին, երբեմն՝ յաջողելով, երբեմն՝ անարդիւնք։ Տէրսիմի վերջին կոտորածը տեղի ունեցաւ 1938-ին։ Սպանուեցին տասնեակ հազարաւոր տէրսիմցիմեր, մի մասը արտագաղթեց Եւրոպա։
Կարօն՝ առանց վերապահութեան, Տէրսիմի անցեալի կորուսեալ համբաւը տարածող, նրա սուգն անող ու Տէրսիմը դոյզն ինչ հայացնելու յոյս տածողն է։ Արեան կանչը նրան հանգիստ չի տալիս արդէն հինգ տասնամեակից աւելի, այնքան՝ ինչքան ապրում է նա։
Պոլսի Գարակէօզեան որբանոցի հինգ դասարանի տուած կրթութիւնը նա լրացրել է դժուար կեանքի դասերով, մտապահելով, յաճախ նաեւ թղթին տալով այն բոլոր պատմութիւնները, որ լսել է տարբեր մարդկանցից, որոնք վերաբերում են Տէրսիմին, իր ընտանիքին։ Անմիջական ու լսելի են այդ տխուր, տառապալի պատմութիւնները։ Դրանք ունկնդրին դնում են փակուղու մէջ, ու շնչահեղձ մտածում ես՝ ի՞նչ ուժ, մղում, կամ՝ թէ՝ հաւատք պէտք է ունենայ մարդը, որպէսզի այդքան փորձանքներից յետոյ ցանկանայ ապրել ու շարունակի ապրել եւ հիմնականում՝ այն միջավայրում ու մարդկանց շրջապատում, որոնք, եթէ մասնակցութիւն չեն ունեցել, ապա առնուազն լուռ ականատեսել են պետական ոճիրը ...Կարոյի պատմութիւնները թէեւ վաւերագրական են, սակայն էպոսի հնչեղութիւն ունեն։ Միայն թէ նրա «էպոսում» առայժմ չարն է շարունակում յաղթել...։
Ծնուել է Տէրսիմում՝ Խաչիկ Պոյաճեանի՝ Պոզոյի Խաչոյի եւ Ասլհանի ընտանիքում։ Խաչօն 1915-ի օրհասին ընտանիքից միակ փրկուածն էր։ Մայրը՝ Ասլհանը հօրից փոքր էր 28 տարով։ Ծնողներն 12-ամեայ աղջկան շտապել էին ամուսնացնել, որպէսզի այլազգու բաժին չդառնայ՝ «թուրքերը չփախցնեն»։ Ընտանիքում 11 երեխայ էր ծնուել, որոնցից հինգը մեծացան, դարձան հասուն, ընտանիք կազմեցին։ Մայրը անխոնջ ծառայեց ընտանիքին, ուրիշների համար մաքրութուն անելով, ուտեստներ պատրաստելով։ Մանկատանն անցկացրած տարիներին Կարօն միայն երեք անգամ կարող էր տեսնել մօրը, մնացեալ ժամանակը մօրը հանդիպելու երազանքով էր տառապում, որն այլեւս հիւանդութիւնն էր։ Պայմանների սղութիւնն էր պատճառը, որ Կարօն չշարունակեց ուսումը, սակայն իմաստուն ու իմաստասէր լինելու համար միշտ չէ, որ համալսարաններ ու ակադէմիաներ են անհրաժեշտ։
Յակոբ Մնձուրու անուան կողքին Տէրսիմն ինձ համար զուգորդւում է։ Կարոյի հետ, որ ամայի դաշտում, որտեղից ասես՝ ծիլ տուած յոյս է, դէպի ո՞ւմ ձգւում են հայկական արմատներ իրենց մէջ փնտռող ալեւիները, քրտերը։
Կարօն զարմանում է ազգային կոյր քաղաքականութեան վրայ. որպէսզի հայի յետնորդը հայ ճանաչուի, պարտաւոր է Աստուածաշնչի վեց ամսուայ կուրսեր անցնի ու միայն այս ճանապարհով եկեղեցու համաձայնութիւնը ստանայ, որն իր հերթին կը բարեխօսի Հայաստանի համապատասխան մարմիններին այս խնդրի վերաբերեալ։
Հեյ, ձայն եմ տալիս, 22-րդ դար, հայալեզու չինովնիկներ, դուք գիտակի՞ց էք։
Բոլորովին վերջերս Կարօ Օլկարը պէյրութաբնակ տէրսիմցիների ժառանգների հրաւէրքով եղաւ Պէյրութում, պատմեց իր՝ Տէրսիմ կատարած ամենամեայ այցելութիւնների մասին ։ Հանդիպումները ջերմ էին եւ արդիւնաւետ։ Նրանք պիտի շարունակուեն։ Հայրենադարձութիւնն ու արմատներին՝ վերադարձը սկսւում է նաեւ այսպէս։