Հայ թատրոնի կարեւորագոյն դէմքերէն Սիրանոյշ (Սիրանոյշ Մեհրուպէ Սահակ Գանթարճեան) ծնած է 1857-ին Պոլսոյ Փերա թաղամասը։ Առաջին անգամ 15 տարեկան էր, երբ յայտնուեցաւ թատրոնի բեմին։ Համլեթի կերպարը ՝ներկայացնող առաջին դերասանուհիներէն է։
Հայ թատրոնի մասին ուսումնասիրութիւններով ծանօթ Պօղոս Չալկճեան «ԺԹ. դարու Օսմանեան բեմարուեստը սկիզբէն մինչեւ 1946 հայերը» անուն յօդուածին մէջ Սիրանոյշի մասին կը փոխանցէ հետեւեալ տեղեկութիւնները. «1875-ին Յակոբ Վարդովեանի թատրոնին եւ 1879-ին ալ Պենկլիեանի Օփերեթի թատրոնին մասնակցեցաւ։ Իր ուսուցչի՝ Տիգրան Չուխաճեանի զանազան օփերեթներուն մէջ դեր ստանձնեց։ 1881-ին Պետրոս Ադամեանին բեմադրաց «Համլէտ»ի մէջ Օֆելեան մարմնաւորեց։ Չուխաճեանի «Լեպլեպիճի Խորխոր» օփերեթի մէջ մարմնաւորած Ֆաթմայի կերպարով արժանացաւ նաեւ թուրք հանդիսատեսի համակրանքին։
Մեծ գնահատանքի արժանացաւ նաեւ «Քամելիազարդ կինը» թատրերգութեան մէջ մարմնաւորած Մարկարիթ Ժիւնթիէի դերով։
Բացի Թուրքիայէ Յունաստան, Պուլղարիա, Ռուսիա, Իրան եւ Եգիպտոսի մէջ ծառայեց հայ թատրոնին։ Մահացաւ 1932 թուականին Եգիպտոսի մէջ։
Հալէպահայ պատմաբան Պահթիյար Յովակիմեանի 1996 թուին Քուլիսի 1103 թիւ համարի մէջ լոյս տեսած գրութենէն հատուածներով կը յիշատակենք մեծ դերասան Սիրանոյշը։
«Նախապէս հանդէս գալով Օփերեթներում, հետզհետէ նա անցել է դրամատիկական կերպարների մարմնաւորման՝ շումչ ու կենդանութիւն տալով երկու հարիւրից աւելի կանացի կերպարների, որոնց մի զգալի մասը դարձել են երեւոյթներ հայ թատրոնում։ Սիրանոյշն իր ուժերը փորձել եւ յաջողութիւն է գտել նաեւ տղամարդկանց դերակատարումներով, ինչպիսիք են Արծուիկը, Նափոլէոնը եւ մանաւանդ, Համլէտը, որի դերը խաղացել է աւելի քան քառասուն անգամ, 1901-1922 թուականին։
Մամուլում հանդէս է եկել յօդուածներով, բանավիճել իր քննադատների հետ, ոչ մեծ, բայց արժէքաւոր ուսումնասիրութիւն գրել Համլէտի,
Սիրանոյշի ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում է եղել դերասան-դերասանուհիների ինքնակրթութեան ու ինքնազարգացման անհրաժեշտութեան հարցը։ Թէ բանաւոր եւ թէ գրաւոր խօսքում նա կարեւորել է դերի վրայ աշխատելու, կերպարի շուրջը եղած գրականութիւնն ուսումնասիրելու անհրաժեշտութիւնը, մի հանգամանք, որը կարող է շարքային դերասանին յաջողութիւն բերել, իսկ տաղանդաւորին հանճարեղ դարձնել։
Իրեն, մայրենի լեզուի, դերասանի վարպետութեան, թատրոնի եւ ընդհանրապէս գեղարուեստի մասին նրա յայտնած մտքերն ու ասոյթները ուսանելի դասեր են նաեւ այսօրուայ սերնդի թատերական գործիչների համար։
Ամբողջ կեանքս միայն բեմական արուեստով եմ զբաղուած։
Բնաւորութիւնս երբեմն հրաբխային է, երբեմն զգայնիկ, երբեմն խիստ է, երբեմն մեղմ, երբեմն դաժան, երբեմն զոհաբերող, շատ սիրող եւ շատ ատող, վերջապէս խառնուրդ մ՚եմ, որ ես ինքս ինձ չեմ հասկանում։
Յանձին ժողովրդի՝ ես սիրել եմ բեմը, յանձին բեմը՝ սիրել եմ ժողովուրդը։ Ժողովուրդ եւ թատրոն իմ հոգու մէջ միութիւն են, մի հոգի՝ որով շնչում եմ, մի սիրտ՝ որով զգում եմ, մի սէր՝ որին նուիրուել եմ։
Ես ինքս յիշում եմ, որ իմ մանկամարդ օրերում էլ դերասանուհի լինելը մեծ ամօթ էր համարւում։ Եւ երբ մեզ հարցնում էին՝ թէ ինչով ենք զբաղւում, մենք նեղուելով եւ մի տեսակ ամաչելով էինք յայտնում մեր կոչման մասին՝ համոզուած լինելով, որ յաջորդ անգամին այդ միեւնոյն անձնաւորութիւնը մեզ տեսնելիս, կամաց գլուխը շուռ տալով, պիտի խուսափէր մեզ ողջունելուց։
Ես դեռ իմ Օրլեանի կոյսով կարող եմ դիւթել հասարակութիւնը, Համլէտով կաշկանդել, Մետէայով թնդացնել բեմը, կեանքը արժէքով լարել ժողովուրդը, Դաւաճանութիւնով յուզել սրտերը. Պաշտպանով լացացնել հասարակութիւնը, Նաստասիա Ֆիլիպովնայով հրապուրել գոնէ իմ ապուշ իշխանը։
Հասարակութիւնը չի՞ տեսնում, որ ես տուել եմ նրան բազմաթիւ պիէսներ եւ դերեր. Չի՞ տեսել իմ բազմակողմանիութիւնը, որ թէ քլասիկական դրամատիկական, զանազան ճիւղերի պատկանող դերեր եմ ստեղծել, նոյնիսկ, երբեմն էնժէնիւ եւ սուբրէթ կոմիկներ, ինչպէս «Անսանձի Սանձահարումը», «Ուրուականների Ետեւից», «madam sanjen»։
Ես պարտական եմ իմ գոյութեամբ Կովկասի հասարակութեան, որ փրկել է ինձ՝ պահպանելով իմ ուժերը եւ զարգացնելով իմ մէջ գտնուած ընդունակութինը։ Եթէ շատ անգամներ գրում եմ թէ ռուսահայ բեմը պարտական է տաճկահայերին, տաճկահայ դերասաններն էլ պարտական են ռուսահայերին, որոնք բարոյապէս պահպանել են մասամբ յայտնի դերասանների գոյութիւնը, եթէ ոչ՝ Ադամեաններ, Աստղիկներ իրենց հայրենիքում աւելի շուտ կը մեռնեն։
«Ես դերասան եմ ոչ թէ դեր ասող»։