ԳՈՀԱՐ ՍԱՀԱԿԵԱՆ (Ասպարէզ)
Ներքոյ նիւթի անուանումը վերցուած է ֆրանսիացի հանճարեղ երգչուհի Էդիտ Պիաֆի հանրայայտ երգի բառերից։ Այդ եւ նմանատիպ այլ երգերով, փառահեղ երգչուհին պատերազմից վերադարձած զինուորներին յորդորում էր չվհատուել եւ ապագային նայել «Վարդագոյն ակնոցներով»։
Կասկածից վեր է, որ Սեպտեմբեր 7-ին Հոլիվուդի «Կատալինա Ջազ» ակումբում (Catalina Jazz Club) կայացած համերգում հնչող ստեզծագործութիւններով, ջութակահար եւ դիրիժոր (խմբաւար) Արմէն Անասեանը նպատակադրուած համերգի ծրագիրը կազմել էր ճիշդ եւ ճիշդ հանճարեղ երգչուհու նման՝ յորդորել հային, ուր էլ, որ նա լինի, չվհատուել, երբեք յոյսը չկորցնել ու ապագային նայել «Վարդագոյն ակնոցներով»։
Իր նպատակին հասնելու համար, Արմէն Անասեանը համերգային ծրագրում ընդգըրկել էր բացառապէս կարճ, դիւրամատչելի, ականջը շոյող, հաճելի, 3-5 րոպէ տեւողութեամբ 18 գործեր, որոնցից վեցը հայ կոմպոզիտորների (յօրինողներու) գործերից։
Շլացուցիչ տպաւորութիւն ստացանք Շարլ Ազնաւուրի La Boheme երգի կատարումից։ Երգի երկրորդ՝ աստիճանաբար արագացող հատուածում թւում էր, թէ ջութակահարն ու դաշնակահար Մարկ Ռոբսոնը մրցումի են ելել իրար դէմ, սակայն այնսայթաք, միաձոյլ կատարման արդիւնքն արժեւորուեց ունկնդիրների խելայեղ ծափողջիւններով։
Ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի «Ես քեզ կը սպասեմ» գործը Մարկ Ռոբսոնի մշակմամբ, ջութակի մեղմից էլ մեղմ, գործիքի վերին լարերի վրայ ծաւալուող քնքշաբոյր մեղեդին Արմէնը մատուցեց այնպիսի անմէկնելի ապրումով, որ ունկնդրին կարող էր թուալ, թէ հէնց ինքն է սիրած եարին սպասողը։
Չափազանց սիրուած ու տարածուած է Առնօ Բաբաջանեանի «Նոկտիւրն» դաշնամուրային գործը, որի հիմքում ընկած է Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգի մեղեդին։ Արմէն Անասեանը այդ գործը մշակել է ջութակի եւ դաշնամուրի համար։ Անվարան կարող եմ ասել, որ պակաս հաճելի չէ լսել Արմէնի մշակումը, որը կարծէք աւելի է հարստացրել Սայաթ Նովայի երգը։ Երեկոյին կատարուեցին նաեւ Էդուարդ Բաղդասարեանի «Նոկտիւրն»ը եւ Կոմիտասի «Հոյ Նազան»ը՝ Արմէնի մշակմամբ։
Երեկոյի երկացանկը հարուստ էր օտար կոմպոզիտորների մանրանուագներով՝ Ռավել, Տեպիւսի, Ֆորէ, Պոնս, Պիացոլա, Պարթոկ, Չայկովսկի եւ Կերշուին։
Արմէնի կատարմանը պիտի հետեւել կենտրոնացած, առանց աչք թարթելու, որովհետեւ նա ունկնդրի հետ խօսում է աստուածային երաժշտութեան լեզուով ու երեւան հանում երգահանի հոգու խորխորատներում ամբարուած վիշտը, հայրենաբաղձ կարօտն ու մշտավառ սէրը, սէր՝ մարդու, երկրի եւ հայրենիքի հանդէպ։
Արմէն Անասեանի բնատուր տաղանդին ու կատարողութեան վարպետութեանը հաղորդակից լինելու լաւագոյն միջոցը նրա համերգներին ներկայ լինելն է։
Անասեանը իր ջութակի կախարդիչ լարերի զօրութեամբ կարողանում է ունկնդրին գամել աթոռին, որովհետեւ, ինչպէս կ՚ասէր «Եռանկիւն» ֆիլմի հերոս ուստա Գասպարը (Մհեր Մկրտչեան)՝ «Ան գիտութիւնով կը չալէ…»։
Իսկ Թւում էր, թէ նա խօսում էր այս օրերի համար բնորոշ՝ հայի վշտի, ցաւի ու կարօտի մասին՝ դիպչելով ամէն մի ունկնդրի հոգու նուրբ լարերին։
Արմէն Անասեանը սկզբնական երաժշտական կրթութիւնը ստացել է Երեւանի Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցում, որից յետոյ սովորել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի նահանգային համալսարանում, որն աւարտել է ջութակահարի եւ դիրիժորի վկայականով։ Երկու տարի կատարելագործուել է Նիւ Եորքում, ուր երկու տարի աշխատել է տեղի նշանաւոր «Հոբոկն» սենեկային նուագախմբում՝ որպէս մենակատար եւ կոնցերտմէյստեր (համերգավար)։
Նիւ Եորքից յետոյ Արմէնը դոկտորի աստիճան է ստացել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի երաժշտանոցում ու տեղի նուագախմբի հետ որպէս մենակատար բազմաթիւ ելոյթներ է ունեցել Եւրոպայի գրեթէ բոլոր նշանաւոր քաղաքներում։
1994-98-ին Արմէն Անասեանը որպէս դիրիժոր եւ մենակատար աշխատել է նշանաւոր երաժիշտ Եանիի հետ, որից յետոյ, առ այսօր, նուագում է Լոս Անջելեսի Օպերային թատրոնիՍսիմֆոնիկ նուագախմբի առաջին ջութակների կազմում, դէպքից դէպք զբաղեցնելով կոնցերտմէյստերի առաջին աթոռը։
Մնում է յիշեցնել, որ Արմէնը ճանաչուած երաժիշտներ Հենրիկ եւ Մարիետա Անասեան ամոլի աւագ որդին է։ Ի միջի այլոց, նրանց կրտսեր որդի Արամն էլ է երաժիշտ։ Որպէս շնորհալի կատարող, հիմնականում նա մէկնաբանում է հօր երգերը։
Շնորհակալական անմնացորդ խօսքս ուղղում եմ տաղանդաւոր (այս բառը շահարկուած չէ) ջութակահար Արմէն Անասեան եւ դաշնակահար Մարկ Ռոբսոն զոյգի համերգի նախաձեռնող ու կազմակերպիչ Արթուր Միքայէլեանին, որը միայնակ, առանց հովանաւորների ու որեւէ միութեան կամ կազմակերպութեան օժանդակութեան կարողացաւ բարձրարուեստ երեկոյ հրամցնել դասական երաժշտութեան երկրպագուներին։
Համերգից յետոյ Արմէն Անասեանի հետ ունեցած մեր զրոյցի ընթացքում յայտնի դարձաւ, որ նա պարբերաբար ելոյթներ է ունենում եւրոպական երկրներում եւ միայն երկու ամիս առաջ է Ռումինիայի Տիմոշիրա քաղաքում տուած համերգից վերադարձել։ Նոյն քաղաքում, ուր ներկայիս մեծաթիւ հայկական համայնք կայ, գալիք տարուայ գարնանը տեղի է ունենալու հայ երաժշտութեան նուիրուած փառատօն, որին հրաւիրուած է մասնակցել Արմէն Անասեանը։ Վերջինս կատարելու է Արամ Խաչատրեանի «Ջութակի կոնցերտ»ը եւ որպէս դիրիժոր ղեկավարելու հօր՝ Հենրիկ Անասեանի դուդուկի համար գրած կոնցերտոն, որի մենակատարն է ռումինացի դուդուկահար Կոսմին Բալեանը։
Վերջին խօսքս Արմէնին.
Օ՜, դու հրաշք Արմէն
Էդ ի՞նչ հոգով ու սրտով ես նուագում,
Որ մեր ցաւոտ ու վշտոտ հոգուն՝
Թարմ ու նոր ուժ ես ներարկում։