ԱԿԱՀ ԷՆԵՍ ԵԱՍԱ
(Թարգմանեց՝ Մելինէ Անումեան)
Ռամազան ամսուայ վերջին երկու օրն էր։ Շաբաթներ շարունակ Պուրսայի փողոցներում մի կաթիլ անձրեւ չէր տեղացել. շուկայում ու փայտէ տների սենեակներում շշուկներ էին տարածւում։ Խոճա մի կին տանը հիւրընկալուած միւս կանանց ասում էր. «Այս երաշտի եւ մեր աղօթքների՝ տեղ չհասնելու պատճառն այդ հայերն են, որոնց եկեղեցիների չափերը մեծանում ու մեծանում են։ Տէրը պատժում է մեզ»։ «Տղամարդիկ անելիք չունեն. մենք՝ կանայքս, պէտք է մի հնար գտնենք», շարունակում էր ափերից դուրս գալ նա։ Կանանց միջից մէկը ոտքի թռաւ՝ ասելով. «Պէտք է հրկիզել, եկեղեցին էլ, թաղամասն էլ»։ Իսկ յետո՞յ։ Ոչ ոք չէր մտածում դրա մասին։ «Եթէ Ալլահի ստրուկները պատժէին անհաւատներին, Տէրը ներելու էր նրանց, երաշտն աւարտուելու էր, եւ աղօթքներն՝ ընդունուելու»։
Առաջին հայերը Պուրսայում
Մեր պատմութիւնն ամբողջացնելու համար հարկ կը լինի մի փոքր ետ գնալ եւ 15-րդ դար հասնել։ Մեհմետ Չելեպին (Մեհմետ Առաջին՝ Օսմանեան պետութեան սուլթանը 1413-1421 թթ.-Ակունքի խմբ.), որպէս իր ուժը վերականգնած պետութեան կնիք, Պուրսայում կառուցել է տալիս «Եշիլ» (Կանաչ-Ակունքի խմբ.) քիւլլիյէն (Օսմանեան կայսրութիւնում իսլամական հոգեւոր դպրոցներին՝ մետրեսէներին տրւում էր նաեւ այդ անուանումը՝ համալսարանի իմաստով-Ակունքի խմբ.)։ Ասում են, թէ ձմեռային օրերին, երբ մահմետական համայնքի ցեղոտ հողաթափերը մաքրող մարդկանց կարիքն է զգացւում, սուլթանը մզկիթի շուրջ գտնուող Սեթպաշը թաղամաս 10 տուն հայ է բերում Քիւթահիայից (Կուտինա-Ակունքի խմբ.), մինչեւ իսկ անվճար ուտելիք է ապահովում նրանց համար։ Պուրսայի հայութեան արկածներն այդպէս են սկսւում։ 16-րդ դարում Պուրսա ժամանած Սիմէոն Լեհացին պատմում է, որ մի փոքրիկ փայտաշէն եկեղեցու շուրջ կառուցուած տներում շուրջ 300 հայ էր բնակւում։ Այդ փոքր փայտաշէն եկեղեցին յօդուածիս գլխաւոր հերոսը հանդիսացող եկեղեցու նախահայրն է, որ գտնուել է նոյն տարածքում։ Ինչպիսի՜ պատահականութիւն, որ այսօր այդ եկեղեցու հիմքերն անգամ մեր օրեր չեն հասել, իսկ դրա վրայ կառուցուել է Պուրսայի քաղաքային գրադարանը։ Մեր ժամանակներ հասած միակ եկեղեցին Ցեղասպանութեան ընթացքում Պուրսայից աքսորուած հայերից դատարկուած կաթողիկէ եկեղեցին է, որը որոշ ժամանակ օգտագործուել է որպէս ծխախոտի պահեստ, ապա՝ սիգարետի արտադրամաս։
Ի՞նչ անկարգութիւններ հրահրեցին եկեղեցու նոր պատուհանները
Վերադառնանք մեր պատմութեանը։ Իրականում հայերը պատուհաններն աւելացրել էին զուտ այն նպատակով, որ Պուրսայում գտնուող իրենց միակ եկեղեցում լուսաւորութիւնը շատանայ, եւ Աւետարան ընթերցելը դիւրին դառնայ։ Հայերը եկեղեցու տանիքը վերանորոգելուց յետոյ նաեւ արտաքին պատերն էին ներկել։ Ինչպէս երեւում էր, այդ վերանորոգումը ոմանց անհասկանալի անհանգստութիւն էր պատճառել։ Քաղաքում հրահրուելիք անկարգութիւնների ծրագրերը մինչեւ իսկ նախապատրաստուել էին Նիզամզատէ Նիզամետտին եւ Ճապիզատէ Մուստաֆա անուամբ երկու ուլեմայի (կրթութիւն ստացած մուսուլման հոգեւորական-Ակունքի խմբ.) կողմից։ Գաւառներում շրջող եւ քարոզող իմամներին հրահանգուել էր տարածել այն սադրիչ լուրը, թէ իբր «հայերը, առանց Նորին մեծութիւն սուլթանի թոյլտուութեան, քանդել են իրենց եկեղեցին ու նորը կառուցել»։ Ոչ մի մանրամասն աչքաթող չէր արուել։ Կանանց եւս ընդգրկել էին այդ գործում։ Կանայք էլ տուն առ տուն շրջելով՝ պէտք է փոխանցէին «Ալլահի բարկութեան» մասին։
Թիրախը հայկական
եկեղեցին էր
Սադրանքի «կրակն» սկսել էր տարածուել ամբողջ Պուրսայում։ Ռամազան ամսուայ 29-րդ օրն էր, երեկոյեան կողմ։ Թերեւս հասարակ ժողովուրդն ակնկալում էր, որ մօտալուտ տօնն իր հետ բարօրութիւն կը բերի, գործերը կը լաւանան, եւ վերջապէս անձրեւ կը տեղայ, որը կը զովացնի քաղաքը։ Մի աղմուկ էր լսւում քաղաքի փողոցներում. մարդիկ զարմացած նայում էին տների պատուհաններից։ Հազարի չափ կանայք՝ ձեռքներին ջահեր, շարժւում էին դէպի Սեթպաշը, այսինքն՝ հայկական թաղամաս։ Իրենց շուրջն էին հաւաքել նաեւ շուրջ 50 աւազակների։ Գազազած կանայք եկել էին եկեղեցու մօտ։ Միաբերան գոռում էին. «Մեր տղամարդիկ այլեւս ուժ չունեն։ Երաշտն ու չքաւորութիւնը պարուրել են մեր քաղաքը։ Միակ պատասխանատուն դու՛ք էք»։ Երբ վրդովմունքի այդ խօսքը հնչեց, կանանց միջից մեզ ծանօթ մի ձայն լսուեց։ Խոճա կնոջ ձայնն էր. «Առանց մեր սուլթանի թոյլտուութեան էք կառուցել այս եկեղեցին՝ քատըին (դատաւոր-Ակունքի խմբ.) կաշառք տալով։ Ապտուլլահ էֆենտին է մեզ այդ լուրը հասցրել»։ Երբ եկեղեցու վերանորոգմամբ զբաղուող բանուորները փորձեցին կանանց խոչընդոտել, հազարի չափ կանայք եւ աւազակները յարձակուեցին ու հեռացրեցին նրանց։ Այժմ խառնակչութեան կրակը տարածուելու էր եւ եկեղեցուն հասնելու։ Մի պահ Պուրսայի երկինքը պատուեց ոչ միայն եկեղեցուց, այլ նաեւ շրջակայքում գտնուող հայկական տներից ելնող ծխով։ Սակայն կանայք չբաւարարուեցին դրանով։ Նրանք սկսել էին կողոպտել իրենց շուրջ գտնուող ամէն ինչ։ Կանայք եւ նրանց միացածները նաեւ սպաննեցին բազմաթիւ հայերի։ Եկեղեցին ու թաղամասն այրւում էր։ Երբ հայերը սարսափի մէջ փախնելու տեղ էին որոնում, նրանց միջից մի քանիսը փորձում էին հանգցնել կրակը։ Ռամազան ամսուայ այդ 29-րդ օրը դարձաւ Սեթպաշը թաղամասի եւ Պուրսայի ամենադաժան օրերից մէկի ականատեսը։
Լոյս սփռող զեկոյցները
Վերոնշեալ բոլոր դէպքերի ընթացքին հետեւելու հնարաւորութիւնը մեզ ընձեռել են այդ յարձակումից յետոյ հայկական համայնքի իրաւասուների կողմից դատարան դիմելուց շնորհիւ օսմանեան կառավարութեան մեկնարկած լայնածաւալ հետաքննութիւնների արդիւնքում պատրաստուած զեկոյցները։ Երկու տարի շարունակ մի անկախ դատական կատարուածի կողմից իրականացուած հետաքննութեան արդիւնքում բազմաթիւ դատավարութիւններ են կատարուել։ Անշուշտ, այդ դէպքերի ամբողջ պատասխանատուութիւնը միայն մէկ մարդու վրայ դնելը պատմական սխալ կը լինի, սակայն հարկ է նշել, որ տուեալ ժամանակաշրջանում այդ կողմերի երեւելիներից Էսատ էֆենտին էր դէպքերը հրահրողներից մէկը, որովհետեւ տեղի բնակիչներին չէր փոխանցել վերին ատեաններից ստացուած թոյլտուութիւնը՝ եկեղեցու վերանորոգման մասին, եւ տեղիք տուել «կաշառքի» եւ «առանց սուլթանի թոյլտուութեան» վերաբերեալ զրպարտանքներին։ Ինչ վերաբերում է այս դէպքերի գլխաւոր սադրիչներին եւ կազմակերպիչներին, ապա նրանք տուեալ ժամանակաշրջանին վայել մահապատժի կամ նմանատիպ ծանր պատժի չէին ենթարկուել։ Ընդամէնը բաւարարուել էին Նիզամզատէին ու Ճապիզատէին, ինչպէս նաեւ՝ Տելի Մոլլային Պոզճա կղզի աքսորելով, քանի որ հետաքննութեան արդիւնքում պարզուել էր, որ վերջինս օգնել էր նրանց։ Իսկ պատիժ ստացած ամենազարմանալի անձինք այդ եկեղեցու վերանորոգման համար նիւթեր տրամադրած պատուհանագործներն էին։
Արձանագրութիւններում յիշատակուող Պոլուլու Յովհաննէսի, Չինգանեօղլու Աւետիսի, Արաբօղլու Պետրոսի, Քոյումճու Քոճապայըզօղլուի վերաբերեալ վճիռ էր կայացուել նրանց աքսորել Պուրսայից հեռու մի տեղ եւ թոյլ չտալ, որ այդ կողմերում որեւէ գործ անեն։ Ինչ վերաբերում է այդ հրկիզման գործն ի կատար ածած կանանց ճակատագրին, ապա նրանց վերաբերեալ որեւէ տեղեկութիւն դժբախտաբար չկայ։ Թերեւս նրանց թուի մեծ լինելուց ելնելով՝ հետաքննութեան արդիւնքում իւրաքանչիւրին մէկ առ մէկ յայտնաբերելով՝ հեռու են պահել դատական գործընթացից։ Բնականաբար, այդ յարձակման հետեւանքով Պուրսայի հայերի եկեղեցին այնպիսի վիճակի էր հասցուել, որ անհնար էր դարձել այն օգտագործել։ Սուլթանական ատեանի որոշման համաձայն՝ թոյլ էր տրուել մի նոր եկեղեցի կառուցել, որը չպէտք է գերազանցէր նախկին եկեղեցու չափերը։ Եւ տեղի բնակիչներին յորդորել էին չխառնուել նրանց գործին։ Այդպիսով Օսմանեան պետութեան՝ փոքրամասնութիւնների ուղղութեամբ վարած քաղաքականութեան մէջ աննախադէպ թոյլտուութիւն էր ստացուել։ Լա՛ւ, իսկ եթէ ոչ թէ եկեղեցի, այլ որեւէ մզկի՞թ հրկիզվէր։ Այդ հարցի պատասխանը ձե՛զ եմ թողնում։ Սակայն սոյն դէպքը մի օրինակ է՝ առ այն, թէ օսմանեան հանրութիւնը կազմող խմբերն ինչպէս կարող են մի փոքրիկ կայծից «բռնկուել», ինչպէս դա տեսնում ենք նաեւ 1909 թ. Ատանայի պոգրոմի եւ մինչ այդ Պուրսայում հրկիզուած մէկ այլ եկեղեցու օրինակներում։
Իմ երախտիքի խօսքն եմ յայտնում այս յօդուածի արխիւային մասն ինձ փոխանցած եւ թեմայի վերաբերեալ անեկդոտները հաղորդած Իսմայիլ Եաշայանլարին եւ յօդուածի հրապարակման գործում աջակցած Կիւվեն Պայարին։