ՌՈՒԲԵՆ ՅՈՎԱԿԻՄԴԵԱՆ
«Խոցը աւելի վտանգաւոր է, երբ արիւնահոսութիւնը ներքին է»։
Լիլի, անգլ. միջնադար։
Խոցելիութիւնը մի երեւոյթ է, որին ենթակայ են բոլորը՝ մարդիկ, երկրները, պետութիւնները, կենդանական թէ բուսական աշխարհը եւ չնշուած միւս կառոյցները։
Բացառութիւն չկայ եւ ամէնը ենթակայ են այդ չարիքի գործօնին։ Նրանք խոցելի են եւ խոցւում են, եթէ զգօնութեան պակաս ունեն կամ անտարբեր են իրենց իսկ նկատմամբ։ Այս օրերին ողջ աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած է Ուկրաինայում տիրող վիճակին, ինչ որ մենք ապրեցինք աւելիով՝ քառասունչորսօրեայ դժոխքի օրերին, միայն թէ մեր պարագային լռութիւն տիրեց եւ որեւէ մատ շարժող չեղաւ, ինչպէս Կիպրոսի դէպքում, ուր աւելի քան 25 տարի է, ինչ թուրքերը իրենց ախորժակի, ճաշակի եւ աւանդութեան համաձայն գործում են առանց որեւէ արգելքի։
Արդարադատ զգայուն հզօրները միշտ չէ, որ անհանգստացած են միւսների բարեկեցութեամբ, մանաւանդ երբ իրենց շահերը ներգրաւուած չեն։ Նոյն Ուկրաինան ռազմական սպիտակ ֆոսֆոր էր մատակարարում ազերի բանակին՝ գիտենալով, որ այն կիրառուելու է Արցախի տարածքում, քանզի չկար այլ նպատակ, բայց հոգը չէր, քանի որ շահաւէտ էր, նոյնիսկ հաշուի չառնելով որ մօտ 350 հազարանոց հայ գաղութ կայ այդ երկրում, որոնք չեն մնում փախստականների կարգավիճակով, այլ այդ երկրի տնտեսութեան համար բարգաւաճող գործակիցներ են, իսկ այսօր աշխարհով մէկ օգնութեան կանչեր է արձակում՝ չկասկածելով, որ այդ օրը սպասելի էր։
Մտադիր չեմ այս գորշ դէպքերը թուարկել, միայն չարն ու բարին իրարից զատելով, բայց նշէնք, որ փոխարէնը մերոնք Արցախից դէպի Քիեւ օդանաւ ուղարկեցին՝ մարդասիրական օգնութեան 14 տոննա բեռով, չնայած նրանք Ալիեւին շնորհաւորել էին մեր դէմ յաղթանակի առիթով։
Մի բան հաստատ է, որ խոցելիութեան աստիճանը կախում ունի գերհզօրների կամքից, ախորժակից եւ շահից, ինչպէս այն եղաւ Սիրիայի, Իրաքի եւ այլոց պարագային, իսկ այժմ արեւմուտքը ոտքի է ելել տարբեր պատժամիջոցներով ճնշելու ռուսներին, որ եւս իրենց բնոյթին համապատասխան է եւ վստահօրէն, կարելի է հաստատել, որ տխմարութիւնը հայկական որակ չէ, այլ հաւասար սփռուած, եթէ յիշենք վաթսունականներին Քուպայում տեղաւորած ռուսական հրթիռների առիթով եղած վիճաբանութիւնը, երբ Խրուշչովը կօշիկով խփեց սեղանին ՄԱԿ֊ի նիստի ընթացքին։
ԱՄՆ-ի տարատեսակ յայտարարութիւնների կողքին, որ յաճախ իրար հակասող են, արժանի է նշել Պելկիայում մի ռուսազգի ուսանողին կրթաթոշակից զրկելու փաստը՝ որպէս պատժամիջոց, իսկ Իտալիայում նոյն նպատակով համալսարաններից մէկում արգելել են Դոստոեւսկի դասաւանդելը։ Չեմ համարձակւում անուն տալ, միայն թէ նոյն տրամաբանութեամբ շարունակելու պարագային պէտք էր, որ երկու համաշխարհային պատերազմների տարիներին արգելէին Պեթհովենին ու Վագներին, իսկ այսօր մոռացել են արգելքի տակ դնել Մենդելէյեւի քիմիական տարրերի աղիւսակը, որ միակ է։ Ողբալի է։
(Համառօտուած)