Արմենպրես։ «Անչափ զգայուն էր Նիկոլը. կեանքին նայում էր մատների արանքով եւ շատ անտարբեր էր, սակայն երբեմն այնքան էր յուսահատւում, որ կարծես այն անփոյթ եւ անհոգ մարդը չլինէր։
Յաճախ գիշերները ուշ ժամերին ես ու Նիկոլը ելնում էինք քաղաքը շրջելու։ Ես սիրում էի յատկապես նրա երգերը լուռ փողոցում երգել. Նա անչափ զգացւում եւ սիրում էր, երբ լսում էր իր ձայնագրած երգերը։
Մի գիշեր շատ տխուր եւ անտրամադիր էր. երգս ընդհատելով՝ ասաց։ «Գիտես, Արա, մի օր պիտի ինձ սուտմեռուկի տամ… Կը պառկեմ անկողնուս մեջ, դու ամենին կը յայտարարես, որ «Նիկոլը մեռել է…»։ Այն ժամանակ կը տեսնես՝ մարդիկ ինչպէս կը հետաքրքրուեն թէ ինձանով եւ թէ իմ ստեղծագործութիւններով…»։
Արա Տէր Յովհաննիսեան
ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ
Զարմանք բան է՝ մեր քանի՛-քանի մեծերի արմատներն են ձգւում դէպի կորսուած հայրենիք՝ Արեւմտեան Հայաստան։ Նրանցից քանի՛-քանիսն են ականատես եղել բարբարոս ցեղի նախճիրներին եւ հրաշքով փրկուել յաթաղանի հունձքից։ Նրանցից մէկն է հայ մարդու հոգուն այնքան մտերմիկ դարձած տասնեակ երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երգահան Նիկոլ Գալանտերեանը՝ ծնուած 1881 թ., Ակն քաղաքում։ 1894-1896 թթ. կարմիր սուլթանի՝ արիւնարբու Համիդի կազմակերպած հայկական ջարդերի ժամանակ բազմանդամ ընտանիքի անդամներից փրկւում են միայն ինքը, մայրը եւ քոյրը։ Նիկոլին բախտ է վիճակւում ուսանել Էջմիածնի Գէորգեան ճեմարանում։ Աւելին՝ երկու տարով սանը դառնալ մեծն Կոմիտասի, ծանօթանալ հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտութեանը, ուսումնասիրել ու տիրապետել ջութակին, կիթառին, այլ նուագարանների։ Այնուհետեւ երգեցողութիւն էր դասաւանդելու Շումենի, Վառնայի, Թեհրանի, Թիֆլիսի հայկական դպրոցներում։
Երկարատեւ թափառումներից յետոյ՝ 1911-ից Նիկոլ Գալանտերեանի մշտական հանգրուանատեղին դառնում է հայահոծ Թեհրանը։ Այստեղ էլ սկսւում է նրա ստեղծագործական աշխատանքը։ Առաջին երգերը ծնւում են Աւետիք Իսահակեանի «Երգեր եւ Վէրքեր» շարքի բանաստեղծական տեքստերով։ Ստեղծագործելուն զուգահեռ շարունակում է մանկավարժական գործունէութիւնը՝ երկար տարիներ դասաւանդելով Թեհրանի Հայկազեան դպրոցում։ 1925 թ. կազմակերպում է ու ղեկավարում «Գողթան» երգչախումբը, որն էլ դառնում է գալանտերեանական երգերի առաջին կատարողը։ «Նիկոլը խմբական երգերի փորձերի ժամանակ չափազանց լուրջ էր, այնքան խիստ եւ պահանջկոտ, որ երբեմն առիթ էր տալիս վիրաւորանքների,- վկայում է նրա ընկերն ու յուշագիրը՝ նոյն Արա Տէր-Յովհաննիսեանը։- Երբեմն էլ այնքան կոպիտ էր վարւում, որ երգիչ-երգչուհիները, յաճախ նրանից վիրաւորուելով, արտասւում էին… Բայց քանի որ նրան շատ էին սիրում ու յարգում եւ գիտէին, որ գործի յաջողութեան համար է նա սրտնեղում, ուստի զիջում էին եւ ներողամիտ լինում։ Նա անչափ բծախնդիր էր երգերի վերաբերեալ։ Սիրում էր, որ երգը երգուէր ճիշդ, ինչպէս որ գրուած է. վա՛յ թէ երգողը մի նօտա սխալ կամ ֆալշ երգէր… Եւ ընդհակառակը՝ երբ երգը ճիշդ եւ զգացումով երգէին, այնքան էր զգացւում եւ վերանում, որ ամէն բան մոռացած՝ աչքերը փակում եւ սկսում էր երախայի նման արտասուել եւ խուլ ձայնով մրմնջում էր.
-Երգէք, տղանե՛ր, թող ես ձեր երգերի մրմունջի տակ մեռնեմ…»։
Իսկ այդ երգերը գրուել եւ գրուելու էին Վահան Տէրեանի, Յովհաննէս Թումանեանի, Եղիշէ Չարենցի, Միսաք Մեծարենցի, այլ բանաստեղծների տեքստերով։ Թեւածելու էին նրա լաւագոյն երգ-ռոմանսները՝ «Արդեօք ո՞ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռանալ, մոռանալ», «Կապոյտ աղջիկ», «Ափսոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպէս նազիկ»… Սքանչելի երգեր, որ ադամանդի նման երբեւէ չեն խունանում եւ հարիւրամեակի հեռուից շոյում-շուլալւում են մեր սրտերին ու հոգուն։
Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցուածքով են գրուած «Գիւղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնայ հարսանիք» խմբերգերի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Կիւլիզար», «Տալիլօ-լիլօ» եւ այլն)։ Տաղանդաւոր կոմպոզիտորը գրել է նաեւ օփերաներ՝ «Լալվարի որսը», որը սիրողների ուժերով բեմադրուել է Թեհրանում, «Փարվանա», «Հովիւը» («Լուր-դա-լուր»)։ Ստեղծել է մանկական երգեր եւ օփերաներ՝ «Չարի վերջը», «Պօղոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը»։ Եւ ոչ միայն սրանք՝ ջութակի, թաւջութակի, դաշնամուրային մանրանուագներ։ Նրա երաժշտական հունձքը հասնում է շուրջ հազարի՝ պատկառելի վաստակ, որը իր ողջութեան օրօք, դժբախտաբար, չի գնահատուել արժանաւորապէս։ Աւելին՝ ունեցել է չարակամ քննադատներ, որոնք պղտորել են երաժշտի հոգին…
«Իմ երգերը իմ մահուանից յետոյ կը փակէք եւ կ՚ուղարկէք Երեւանի երաժշտանոցը՝ տպագրութեան համար»,- գրում է յուշագիրը, ապա շարունակում,- Վերջին անգամ, երբ պատրաստւում էինք նրան հիւանդանոց տեղափոխելու, երախայի նման արտասւում էր. նրա դէմքի վրայ դեռ ապրելու, երկար ապրելու տենչն էր փայլում։ Նա դեռ ուզում էր ստեղծագործել. ձեռքն ամուր խփում էր ծնկներին եւ բողոքելով ասում էր.
-Ափսո՛ս, սիմֆոնիներս մնացին…»։
1944 թ. այսօրը դառնացած սրտով երաժիշտը Իրանի Սպահան քաղաքում փակում է աչքերը։ Իսկ ինչպէ՞ս էր հայութիւնը ի յաւերժութիւն ճանապարհելու նրան։ Երախտագիտութեամբ նորից դիմենք Գալանտերեանի երգիչ եւ մտերիմ ընկեր յուշագրին. «Սովորական թաղում չէր Նիկոլի թաղումը. ամբողջ քաղաքի հայութիւնը ոտքի ելած մասնակցում էր նրա յուղարկաւորութեանը։ Որպէս հայ երգի վետերան՝ նրա դիակը տեղափոխել էին հայոց ազգային դպրոցի բակը։ Ծովածաւալ ժողովուրդը եկել էր իր յարգանքի վերջին տուրքը տալու երգահանին։ Իրանահայութիւնը մինչ այդ ականատես չէր եղել որեւէ մի արուեստագէտի այդպիսի մի յուղարկաւորութեան։
Թէեւ Նիկոլն իր կենդանութեան ժամանակ որեւէ սփոփանք չ՚ունեցավ, բայց նրա հոգին անխռով մնաց, որովհետեւ խուռն հասարակութիւնն իր վեհ լռութեան մէջ սրբագրեց անցեալի սխալը եւ յարգանքի հանդիսաւոր ցույցերով շեշտեց կարեւորութիւնը հայ երգի։
Ճիշդ տեղն է յիշել Նիկոլի խօսքերը, որ յաճախ ասում էր. «Ժողովուրդը միշտ փարած է «Գնա՛ մեռիր, արի սիրեմի գաղափարին…»։
Տխու՛ր-տխու՛ր ու անփոփոխ իրողութիւն…
(Երեւան, 2 Մարտ, Հայաստան)