ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ
Կա՞յ, արդեօք, աշխարհում մէկ այլ ազգ, ժողովուրդ, որ ժամանակների հոլովոյթում իր գոյատեւման ու յարատեւումի խորհուրդն իմաստաւորէր գրերի առկայութեամբ։ Հզօրների, անգամ խաշնարած ցեղերի պարագայում նման միջոց են եղել զէնքը, զինական ուժը, նուաճումներն ու արիւնոտ ասպատակութիւնները։ Այդպիսի ցեղեր ու պետութիւններ այսօր էլ կան։ Այսօր՝ 21-րդ միջուկային դարում ու մեր կողքին։
Որքան իմաստուն պիտի լինէր հայոց Վռամշապուհ Արշակունի արքան, եւ որքան խորագէտ՝ Սահակ Պարթեւ Վեհափառը, որ օդուջրի պակասին հաւասար զգացողութեամբ կարեւորէին ազգափրկչութեան խորհուրդ ունեցող գրերի անհրաժեշտութիւնը, եւ մեր ազգն այն ունենար՝ շնորհիւ Մեսրոպ Մաշտոց աստուածառաք դպիրի մտային հանճարեղ պայծառացման։ Եւ եթէ մի ազգին պահողը լեզուն էր, ապա այդ լեզուն պահողը գիրն էր լինելու։ Եւ եղաւ այդ գիրը 5-րդ դարասկզբին։ Եւ ցնծութիւն եղաւ հայոց արքայանիստ Վաղարշապատ քաղաքում։ Ծնծղաներ հնչեցին՝ ի փառս Տարօնի Հացեկաց գիւղում աչքերը բացած մեծն Մաշտոցի, ի փառաւորումն Հայոց յաւերժախօս ու անպարտելի Այբուբեն-Ազգապահ Գրի։
Իսկ յետոյ դպրոցներ էին բացուելու, հայերէն էր թարգմանուելու գրքերի գիրքը՝ «Աստուածաշունչը»՝ բնութագրուելով որպէս «թարգմանչաց թագուհի»։ Իսկ «Առակաց գրքից» հայերէն առաջին նախադասութիւնը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»՝ որպէս պատուիրան էր ընկալուելու եւ դառնալու ազգի պատմական ընթացքն առաջնորդող գաղափար։ Այդ գաղափարի ու գրչութեան արդիւնք էր դեռ վաղ ժամանակներից Թարգմանչաց տօնը մեզանում, մեր գրականութեան ոսկեդարը՝ իր պատմիչներով՝ Խորենացի, Բուզանդ, Եղիշէ, Կորիւն, այլք։
Եւ հեռաւոր այդ ժամանակներից հայ գիրն ու մագաղաթը սրբութեան սրբոց դարձան հայ մարդու համար։ Աւելին՝ դրա զօրութեանը՝ յանձին տիեզերական բանաստեղծ ու միջնադարեան վերածննդի խորհրդանիշ Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աստուածախօս քերթուածքի, որպէս ապաքինութեան զօրաւոր միջոց ընկալեցին անյուսալի հիւանդներն ու փրկութիւն աղերսողները՝ իրենց բարձերի տակ փայփայելով «Նարեկը»։ Հայոց վանքերն ու եկեղեցիները դարձան կրթարաններ ու ոգեղէն գանձերի պահոցներ։ Երբ խաւարածին արիւնարբու հրոսակները դժոխքի էին վերածում դրախտավայր մեր հայրենիքը, մահուան երախից իրենց ու իրենց ձագուկներին հրաշքով փրկած, հալումաշ եղած հայ մայրերն ու մամիկները «Մշոյ ճառընտիր» ու հազարագանձ ձեռագիր մատեաններ էին տանում փախեփախի փշալից-արիւնոտ ճանապարհներով։ Որովհետեւ նոյնիսկ նրանք, ովքեր գրել կամ կարդալ չգիտէին, փառաւորում էին իմացողներին ու այդպիսի անձնազոհութեամբ ազդակ ուղարկում հայոց սերունդներին՝ հաւատարիմ մնալ հայկական մտքին ու նրա դրսեւորումները կիրառել մեր կեանքում։ Ցաւօք, մեր մտքին տէր դարձան օտարները՝ թշնամի եւ թուացեալ բարեկամ, եւ հայոց մտքի արդիւնքները յաճախ կրակում են հայոց ուղղութեամբ…
Պատահական չէր, որ դեռ էն գլխից, երբ այսուայնտեղ մոլեգնում էին տակաւին հում մսակեր ցեղախմբեր, հայ մարդն արդէն արարել էր զօրեղ իր աստուածներին։ Նաեւ դպրութեան աստուած իր Տիրին։ Հազարամյակների վաղեմութիւն, որ պերճախոս վկայութիւնն է հայոց գրապաշտութեան, ազգապահ նրա դերի ու նշանակութեան։
Ժամանակներն այսօր այլ են։ Գիրքն այսօր մի տեսակ նեղացած է մեզանից։ Մենք ենք մեղաւոր՝ նեղացրել ենք։ Այն հատորեակները, որոնք ձեռք բերելու համար մինչ ի լոյս խարոյկներ էինք վառում գրախանութների դռների առջեւ, մեզ կոտորում երկարաշար հերթերում, այսօր փոշիների բարուրի մէջ են կամ փոշոտ մայթերին։ Նրանք խռովել են մեզնից շատերից։ Բայց այն, որ այսօր էլ շարունակում ենք նշել Թարգմանչաց տօնը, որ միմեանց գիրք նուիրելու օր ենք նշանաւորել, վերջին հաշուով խօսում է գրքի հանդէպ մեր անանց սիրոյ մասին։ Մեր ունկերում մշտապէս արթուն է սայաթնովեան «Գիր սիրէ, ղալամ սիրէ, տաւթար սիրէ» իմաստախօս պատգամը, թումանեանական այն մտորումը, թէ՝ «Ի՞նչ կայ աւելի լաւ բան, քան գիրքն է ու գրականութիւնը»։ Կամ թէ նրա՝ «Գրականութիւնն ազգերի հոգին է, եւ գրողները՝ էդ հոգու ծնունդներն ու արտայայտիչները»։
Գրականութիւնը, յիրաւի, ազգերի հոգին է։ Պատահական չէր, որ մեծ Հայրենականի տարիներին ծնուեց հայ պատմավիպասանութեան պսակներից մէկը՝ «Վարդանանքը», հայրենանուիրումի մեծարժէք այլ հատորներ, պոեմներ ու բանաստեղծական շարքեր։ Էլ չասենք հայրենասիրական երգերի մասին։ Պատահական չէր նաեւ, որ արցախեան առաջին յաղթական պատերազմում հայ զինուորն իր «սուրը փառքով դրեց պատյան». այդ սերունդը սնուել ու հասակ էր առել Եղիշէի «Վարդանանց պատերազմով», Րաֆֆիով, Պատկանեանով, Շիրազով, Սեւակով։ Արծուասիրտ մեր տղաներից շատերն էին նրանց գրքերից իրենց ծոցերում փութացել ռազմի դաշտ… Ոգեղէն այս սնունդն է մեզ փոխանցուել մաշտոցեան երեսունվեց զօրաւոր զինագնդի շնորհիւ։ Ասել է, թէ հայ գիրը շարունակում է մնալ մեր հարատեւման անբեկանելի սիւնը եւ անսասանօրէն փոխանցուելու է գալիք սերունդներին։
Իսկ այսօր չմոռանանք գիրք նուիրել միմեանց եւ թօթափել փոշին մեր հին գրքերի կանչող էջերից…
(Արմէնպրես)