«Նա, ով կարծում է, թէ կարող է
ապրել առանց ուրիշների, խիստ
մոլորւում է, բայց աւելի է մոլորւում
նա, ով կարծում է, թէ ուրիշները
չեն կարող ապրել առանց իրեն»
Լառոշֆուկօ
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Մարդ արարածը, ըստ մարդաբանների սահմանումի, կենդանական աշխարհի համեմատ համարւում է ասուն, եւ այդ որակը նրան թոյլ է տալիս լինել համահունչ իրական շրջապատի եւ իր կեցուածքի հետ, որի կարեւոր մասն է խօսքը, իմա՝ արտայայտած մտքերը գրաւոր թէ բանաւոր եւ բանականութիւնը։ Ցաւօք, այն հաւասարապէս տրուած չէ բոլորին, մանաւանդ նրանց, որոնք ըստ պաշտօնի կամ իրենց կրթութեան ու դիրքի համեմատ ոչ միայն պիտի, այլ պարտաւոր են լինել տրամաբանական եւ հաշուի առնել իրենց խօսքի կամ գրութեան կշիռը, ազդեցութիւնը եւ թողած հետեւանքները։ Երկրում տիրող արդի խճճուած քաղաքական մթնոլորտի կողքին մեր տասնամեակների փորձ ու հմտութիւն ունեցող հայրենի թէ, սփիւռքի մամուլը, երբեմն դուրս է մնում ինքնահսկողութեան պահանջից, որ կարելի եւ թերեւս, ակամայ վրիպում համարել, բայց այն մնում է լինել անհանգստացնող։
Պատուարժան թերթերից «Զարթօնք»-ը իր 18-2-22-ի առաջին էջում ազդարարում է՝ «ՀՀ Իշխանութիւնները չունին համայն հայութեան մանդատը»։
Դժուար է այս կարճ նախադասութեան իմաստն ու նպատակը հասկանալ կամ կռահել։ Եթէ այն ներկայացւում է իբր տեղեկութիւն ապա կարծեմ, աւելորդ եւ անտեղի է քանզի իմ իմացականութեամբ՝ առ այսօր ոչ մէկ այլ սահմանում չի եղած եւ յուսամ որ չի լինի պաշտօնական թէ անհատական որեւէ մէկի կողմից, այն անժխտելի փաստ է ուրեմն այդ նշումը՝ ի սկզբանէ անհիմն է եւ բանականութիւնից զուրկ։ Բայց ի՞նչ էր փնտռում յարգելի խմբագիրը ո՞վ գիտի։ Ընթերցողը թերեւս հարց տայ թէ միթէ կարեւո՞ր է այդ, փոքր նախադասութիւնը, այո՛ սկզբունքօրէն։
Նոյն կարգի եւ նման գլխագրով բովանդակութիւն ունէր Ազդակ-ի նոյն օրուայ առաջին էջի գրութիւնը՝ ի նոյն օրուայ առաջին էջի գրութիւնը՝ « Արցախի Աղաւնոյի բնակիչները ջուրի լուրջ խնդիրներ ունին»։ Ա՜խ, երանի միայն այդ գիւղը լինէր այդ խնդրով տառապողը։ Հայրենի գիւղերի զգալի մասը պայքարում է տասնամեակներ շարունակ այդ կենսական խնդրոյ դէմ բայց աւա՜ղ լուծումները, ուշանում են եւ ի տեղեկութիւն մամուլի վկայութեամբ կաթողիկոսական նստավայր Էջմիածնի մի շարք թաղամասեր խմելու ջուր չունեն տարիներ ի վեր՝ զանց չառնելով բազում միւս գիւղերը։ Չեմ կարող հաշտուել այն մտքի հետ թէ նման ազդերը, պատուարժան թերթերի էջերում՝ ի՞նչ նպատակ ունեն եւ ամէն պարագայի աւետիս չեն։
Մէկ այլ փայլուն մտքի ժայթքումի արգասիք է երկրորդ նախագահի մամուլին տուած ասուլիսի ընթացքին հնչեցրած այն քանքարաւոր գաղափարը, թէ առկայ իշխանութիւններից ձերբազատուելով նա (մոռանում է որ աւելի առաջնակարգ է իրենից ձերբազատուելը ՌՅ) միակ ճանապարհը բորբոքուած կրքերը հանդարտացնելու համար՝ ժամանակաւոր պետութեան ղեկավար նշանակելն է Էջմիածնի սրբազաններից մէկին որ ապաքաղաքական լինելու, պարտաւորութիւնը ունենայ։ (Նրանք երբեք չեն յարգում այդ սկզբունքը. արք Աջապահեանը որպէս ոչ միակ, օրինակ ՌՅ)։ Անգամ մէկ ակնթարթ չեմ կարող ընդունել որ նա, մտահոգուած է իշխանութեան բարեկարգման համար, այլ դարձեալ տենչում է ռեւանշի մասին։ Ընդամէնը մէկ տարի առաջ նոյն եռանդով վարչապետի աթոռին էր առաջարկում Վազգէն Մանուկեանին մէկ տարի, ժամկէտով։ Լուսահոգի մայրս պիտի ասէր՝ դուրսը անձրեւ լինի թէ կարկուտ կկուն իր երգն է երգում։
Աւելի նողկալի սարսուռ առաջացնող է այն լուրը որ, բացայայտուել է 19 հոգուց բաղկացած ճիւաղների մի ցանց, որ պատերազմի ընթացքին ընդամէնը երեք հարիւր դոլարին համարժէք չնչին գումարի դիմաց, թշնամուն մարտական կարեւորութիւն ունեցող ստոյգ տեղեկութիւններ էին մատակարարում։ Արդեօք դեռ, ասելիք մնո՞ւմ է միայն թէ հասկանալ է պէտք թէ ո՛ւր եւ ի՛նչ միջավայրում են ծնուել ու աճել մարդկային որակից զուրկ նման հայազգի տականքները։
Երբ խօսքը մամուլին ու նրա ծառայողների մասին է, ապա ասելիք շատ կայ քանզի բազում խոհեմ արդար եւ ազնիւ գործիչների կողքին կան նաեւ այնպիսիք, որոնց բարոյական մակարդակը զգալիօրէն ցածր է եւ պատրաստ են սեւը ճերմակի տեղ ներկայացնել, խեղաթիւրումները, որ նրանք ընդունակ են ներմուծել՝ լեզուական թէ լուրերի ճշմարտութեան իրաւասութեան տեսակով անսահման են եւ ոմանք իրենց կոչում են՝ լրագրող-տեխնոլոգ, տեխնոլոգ, որ ըստ իս տխմարութիւն է թէ , ձեւով թէ իմաստով իսկ կեղծ եւ ապատեղեկութեան սփռումը դարձել է մասնագիտութիւն՝ բիզնես։
Անյայտ է թէ այս պայմաններով դէպի ո՛ւր եւ մինչեւ ո՛ւր կարող ենք գնալ։ Մեզ մնում է յոռետեսութիւնից զերծ մնալ եւ դիմակայել անհեթեթութիւններին։
(20.2.22 Սեն Ռաֆայէլ)