Մեր սիրելի բարեկամուհի Թագուհի Մինասեանի միջոցաւ վերահասու եղանք Յունաստանի հայ համայնքի յառաջատար մտաւորականներէն Յակոբ Ճէլալեանի մահուան գոյժին։ 15 Դեկտեմբերին մահացող Յակոբ Ճէլալեան բոլորին կողմէ սիրուած անձնաւորութիւն մը որպէս յուղարկաւորուեցաւ Նէոս Գոզմոսի Սուրբ Կարապէտ եկեղեցին ու 20 Դեկտեմբերին հողին յանձնուեցաւ Նէա Զմիռնիի գերեզմանատունը։
Ստորեւ կը ներկայացնենք իր կեանքին ու վաստակին ձօնուած գրութիւնը,
ընդօրինակելով «Արմենիքա» պարբերականէն։
Հայոց մշակոյթի մեծ գիտակ եւ թանգարանի լաւագոյն բարեկամ Յակոբ Ճէլալեանը ծնուել է 1938 թ., Նոյեմբեր 18-ին, Աթէնքում։ Ծնողքը ունեցել է հայի ճակատագիր, անցել տարագրութիւններով լի կեանք։ Հայրը՝ արմատներով արցաքցի Արտաշէսը, ծնուել է 1898-ին, Էսկիշէհիր բնակավայրում, այնուհետեւ տեղափոխուել՝ Անգարա։ Այստեղից փախել եւ ստոյգ ջարդից փրկել է երեք քոյրերին եւ եղբօրը։ Պատսպարուել է նախ Իզմիրում, ապա տեղափոխուել Կ.Պոլիս, Վառնա, Սոֆիա, Թեսալոնիկ, վերջնականապէս հաստատուելով Աթէնքում, ուր կազմել է ընտանիք եւ հիմ է դրել գորգավաճառական ու հնավաճառական իր արհեստին։
Մայրը՝ Մարիքան ծնեալ Ալեքմանեան՝ ծնուել է 1916-ին Իզմիրում։ Զնրգացած, կիրթ կին էր՝ գիտակ հայերէնին, թրքերէնին, յունարենին, անգլերէնին։ Հայոց այբուբենը փոքրիկ Յակոբը սորվել է մօրից։ Նա մեծ դեր է խաղացել որդու դաստիարակութեան, կայացման գործում։
Ծնողները իրենց մահկանացուն կնքել են 1991-ին։
Յակոբ Ճէլալեանը յաճախել է յունական նախակրթարան, այնուհետեւ ուղղարկուել Վենետիկ եւ սովորել Մուրատ- Ռափայելեան վարժարանում (1951-1956թթ.)։ Նրա ուսուցիչներն են եղել Հ. Եղիա Վրդ. Փեչիկեանը, Հ. Մեսրոպ Վրդ. Ճանաշեանը, Հ. Վահան Վրդ. Յովհաննէսեանը, Հ. Ներսէս Վրդ. Տէր Ներսէսեանը, Հ. Սահակ Վրդ. Տէր Մովսէսեանը։ Վենետիկի տարիները կերպարուած են Յակոբ Ճէլալեանի անձնաւորութիւնը գրական, արուեստական եւ երաժշտական ասպարէզներում։ Սովորած է նաեւ օտար լեզուներ եւ կատարելագործած՝ դաշնամուրի ուսումը։
Վերադառնալով Աթէնքում, Յակոբ Ճէլալեան զբաղուել է գորգավաճառութեամբ՝ ի մօտոյ շփուելով եւ ճանաչելով հնաոճը, աւանդականը եւ ազգայինը։ Սկսել է կազմաւորել իր անձնական հաւաքածոն, բաղադրեալ՝ յատկապէս հայկական իրերից։
Միաժամանակ, յունահայ գաղութի ընդմէջէն, զբաղուել է գրական ու թարգմանչական աշխատանքներով, ինչպէս նաեւ՝ ազգային գործունէութեամբ։ 1964-1967 թթ. եղել է «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան հիմնադիր անդամներից մէկը, եւ համանուն պարբերաթերթի խմբագիրը (1966-1967թթ.)։
Մաս կազմած է Հ.Մ.Ը.Մ.-ի, Համազգայինի, Ռ.Ա.Կ.-ի Յունաստանի շրջանակի վարչութիւններուն։
Աշխատակցած է «Բազմավէպ»ի, «Ազատ Օր»ի, «Նոր Աշխարհ»ի թերթերուն։ Հիմնադիր ու խմբագիրն է «Արմենիկոս Տիպոս», «Հայկական Մամուլ», «Նոր Աշխարհ»ի յաւելուածի, որ Յունաստանի առաջին յունալեզու հայաթերթը կը կազմէ։
Գրել է, յունարէն լեզուով՝ «Հայկական Ծաղկաքաղ», բանաստեղծութիւնների թարգմանութիւններ (1082, 302 էջ), «Դանիէլ Վարուժան», «Հայ երաժշտութիւնն եւ Կոմիտասը», «Հայկական Տպագրութիւն» եւ այլ ժողովածուներ։
Գրել է հայերէն լեզուով՝ «Հ.Յ.Դ. 95-ամեայ Յուշատետր» (1985), «Համազգայինի Հակիրճ Պատմութիւնը» (1988), «Նոր Աշխարհ»ի երկու տարեգիրքեր (2001,2004) եւ «Ռ.Ա.Կ.-ի Պատմութիւն» (2001, յունարէն)։
Թարգմանած է՝ Ալիսիա Կիրակոսեանի «40+1 Սիրոյ Խոստովանանք» (1985, սպաներէն, յունարէն), «Զմիւռնիոյ Աղէտի Մասին Յուշագրութիւն» (հայերէն-յունարէն), Շահէն Աւագեանի, «Լեռնային Ղարաբաղ՝ Օրինական Ասպեկտներ» (հայերէն-յունարէն), չորս թատերգութիւններ, Լորկա, Պրոսհեր… (յունարէն-հայերէն) եւ այլ գործեր։
Ունի բանաստեղծութիւնների անտիպ ժողովածու։
1997-ից Հայաստանի Գրողներու Միութեան անդամ է։
Յակոբը ունի հիանալի կին՝ Հայկանոյշ եւ երեք զաւակ՝ Արտա, Կարէն, Նայիրի։ Նա արտիստիկ կերպարով եւ խառնուածքով, անբռնազբօս ու անմիջական, ժպտադէմ հայորդի է՝ հայկականի, ազգայինի ջատագով։ Շրջելով երկրէ երկիր, բնակավայրից փնակավայր, ճանաչելով ու գտահատելով հայկականը, աւանդականը, հայատառն ու հնաոճը, հնարաւոր կորուստնից փրկել է մեծարժէք մասունքներ։
1984-ին, Սարտարապատի թանգարանին նուիրաբերել է թուով 204 մշակութային արժէքներ, որոնք սրբօրէն պահւում է եւ ցուցադրւում եւ հայոց մշակոյթի մերօրեայ տափաշում՝ Հայաստանի Ազգագրութեան Պետական Թանգարանում։
2001-ին, նուիրատուն թանգարանին ի պահ է տուել, ասել է թէ սերունդներին ժառանգութիւն թողեց, եւս 97թանգարանային արժէք։ Արդիւնքում՝ 301 սրբազան թիւը, իբրեւ 1700-ամեակի խորհրդանիշ։
Յակոբ Ճէլալեանի նուիրատուութիւնների հաւաքածոն կազմուած է եկեղեցական, ծիսական, առօրեայ սպասքի նմուշներից, զարդարանքի տարրերից, գեղարուեստական գործուածքի՝ գորգի, ասեղնագործութեան, հանդերձանքի նշխարներից եւ զէնքի տեսակներից։ Մեծ խումբ են կազմում Քիւթահիայի խեցեգործութեան հազուագիւտ նմուշները։
Հաւաքածոն մեծարժէք է նրանով, որ իրերի մեծամասնութիւնն ունի հայատառ արձանագրութիւն՝ որպէս հայկականի, ազգայինի առհավատչեայ եւ թուագրւում են 17-19-րդ դար, հանգամանգ՝ որն աւելի մեծացնում է հաւաքածոյի նշանակութիւնը։
Նոյնինքն նուիրատուն փայլուն գիտի իւրաքանչիւր իրի ծագումը, պատմութիւնը եւ հայկական հոգածութեամբ է պատմում ամէն մէկի ասքը։
2007-ին թանգարանը ճոխացաւ մի նոր հաւաքածոյով, այս անգամ յանուն- Յակոբ եւ Հայկանոյշ Ճէլալեանների։ 230 փորագրանկարներ (16-20-րդ դար) ճնշիչ մեծամասնութեամբ օտար վարպետների գործեր, որոնք պատմական Հայաստանի պատմութիւնը, կրօնքը, տարազը, բնակավայրերը եւ քարտէզներն են պատկերում։ Անոնք փաստօրէն վաւերագրական արժէք ունին։
Յակոբ Ճէլալեանը որպէս իսկական հայորդի, հաւատարիմ իր ակունքներին, հաւատում է ազգայինի վերածննդին, մեր մշակութային գանձերի, հոգեւոր ժառանգութեան վերընձիւղմանը եւ հայրենիքի ամբողջացմանը։ Հաւատում է՝ անձնազոհ եւ հայրենի հողին կառչած շինականին, հայոց մշակոյթի ստեղծողին եւ կրողին, հայի ոգու եւ հայոց լեզուի զօրութեան։
Իր երազանքն է կեանքի կոչել յունահայ արխիւ-թանգարանն Աթէնքում։ Իր նուիրատուութիւնների երկու հաւաքածոները աննախադէպ ներդրում են թանգարանի հաւաքածոների լրացման ու հարտացման գործում եւ բացառիկ նշանակութիւն ունին հայոց մշակոյթի պահպանման, ուսումնասիրման եւ ցուցադրման համար։
Յակոբը վաստակել է «Թանգարանի լաւագոյն բարեկամ» կոչումը առաջինն ըստ արժանւոյն կրելու իրաւունքը։