ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍԵԱՆ
«Գեղարդ»
25 Յուլիս
2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել աւելի քան 55 հազար մարդ։ 2020 թուականին 11 հազար է եղել այս, իսկ 2019-ին՝ ընդամէնը 3000։ Տարեվերջին այս թիւերը թերեւս ոգեւորիչ չեն լինի։
Այո, շատերը մեկնում են ՌԴ՝ արտագնայ աշխատանքի, իսկ ձմրանը յետ են գալիս, սակայն ակնյայտ է, որ Հայաստանից հիմա շատ են մեկնում ոչ միայն արտագնայ աշխատանքների։ 2020 թուականին Հայաստանին պատուհասած պատերազմի պատճառով Հայաստանից մեկնողները քիչ չեն այս ժամանակաշրջանում, իսկ երբ համավարակի հետ կապուած խստացումները թոյլ տան նաեւ արեւմտեան երկրները, պատկերն աւելի տխուր կը լինի։ Մարդիկ հեռանում են Հայաստանից ներկայումս կամ մօտ ապագայում հնարաւոր պատերազմից խուսափելու, ինչպէս մեր շատ հայրենակիցներն են ասում, «երեխէքի կեանքը փրկելու համար»։ Մի՞թէ հնարաւոր է մեղադրել, չէ՞ որ 2020 թուականին մեր զինուորները չունէին համապատասխան զինթեխնիկայ, գուլպաներ անգամ չունէին, վրաններ չունէին, ստացուեց՝ տղաները գնացին պատերազմի առանց համապատասխան զէնքի։
Մեր հակաօդային պաշտպանութիւնը, ժամանակակից զինթեխնիկան, դիւանագիտութիւնը երեսուն տարուայ ընթացքում դարձել էին դղեակներ, ապարանքներ, դարձել էին օտար երկրներում ներդրումներ՝ առանձնատներ, բիզնեսներ, դարձել էին օտար ծովեր հոսող աղբիւրներ...։ Վերջին 2,5 տարին քաղցր թմբիրում էինք, երբ մտածեցինք ամէն ինչի մասին, բացի ՀՀ անվտանգութիւնից, երբ երկրի ղեկավարը «գիժ» էր ձեւանում՝ խնդիրները լուծելու, ազնիւօրէն իրավիճակը ներկայացնելու փոխարէն։ Այս պատերազմն աղէտալի էր ՀՀ համար, այն խորը հետեւաքներ է ունենալու, դրա թողած հետքերը դեռ երկար տարիներ են իրենց զգացնել տալու, եւ առաջին արձագանգներից մէկն էլ Հայաստանից հեռանալն է։
Երկրում ստեղծուած բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ընդհանուր առմամբ յատկապէս տղայ երախայ ունեցող մեր հայրենակիցների շրջանում առաջացրել է վախ, մարդիկ չեն ցանկանում իրենց որդիները պարտադիր զինուորական ծառայութեան մեկնեն, յատկապէս, երբ այս պահին գոնէ ՀՀ չի երաշխաւորում անվտանգութիւնը, եւ Հայաստանի անառիկ դարպասներն այլեւս գոցուած չեն։ Բայց եթէ ազնիւ լինենք, ապա պէտք է նշենք, որ Հայաստանից արտագաղթում էին նաեւ մինչեւ պատերազմը, եւ եթէ անգամ այն չլինէր, միեւնոյնն է, արտագաղթը միշտ էլ եղել է մեր աքիլլեսեան գարշապարը։
Առհասարակ, մեր մշակոյթում նորմալացուած է պանդխտութիւնը, այն արտայայտւում է մեր երգերում, արուեստում, մենք անընդհատ գնում ենք օտար ափեր՝ յաջողութիւն, անվտանգութիւն, ապահովութիւն գտնելու։ Կա՞յ էլի աշխարհում մի ժողովուրդ, որ պանդխտութեան մասին այսքան երգեր, այսքան կարօտներ ունի հիւսած, կա՞յ էլի ժողովուրդ, որ այսքան հողին կապուած լինելով հանդերձ, անվերջ օտար ափերում է փնտռում իր յաջողութիւնը, անվերջ օտարութեան է մեկնում։
****
1900-ականներին Պաքւում հայերը բնակչութեան մօտ կէսն են եղել, Թիֆլիսում հայերը նոյնպէս մեծ թիւ են կազմել, այնտեղ նրանք ստեղծել, կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, կրթարաններ, յուշարձաններ, եւ դրանք բոլորը հետագայում կործանուել են, կորցրել իրենց ազգային մշակութային դիմագիծը, որովհետեւ մեր հարեւանները վերաբերուել են հայերին քաղցրահամ մրգի պէս. կերել են մրգի քաղցր մասը, կորիզը՝ թքել կամ ջարդել, որ արմատներ չի տայ իրենց հողում։ Մենք այդ քաղաքներին սեփականի պէս ենք վերաբերուել, ծաղկեցրել ենք, նոր գոյն ու ոգի աւելացրել, յետոյ թողել ենք դրանք, յետոյ վտարել են այնտեղից հայերին կամ իւրացրել ստեղծածը։
Հիմա էլ ենք իրականում նոյնն անում։ Մենք կրկին մեր մտաւոր, ֆիզիքական, տնտեսական ներուժը դուրս ենք բերում մեր երկրից, մենք վերստին օտար ափերն ենք ծաղկեցնում, հայրենիք ենք կառուցում այնտեղ, որտեղ ապրում ենք եւ դրանով ամոքւում, մենք օտար ափերում Հայաստան ենք կառուցում՝ մոռանալով, որ կառուցելու միակ վայրը մեր երկիրը պէտք է լինի, մնացած ամէն ինչ իրականում միջոց պէտք է լինի ու չպէտք է երբեք փոխարինի միակ, անփոխարինելիին։
Հայաստանն էլ իր զաւակներին վերաբերուել է խորթ մօր պէս. անվերջ տարել է, վերցրել, պահանջել, երբեմն նոյնիսկ վտարել...։ Այդպէս են արտագաղթել եւ դեռ արտագաղթում է մտածող ու տաղանդաւոր հսկայ զանգուած. համակարգային անարդարութեան, կաշառակերութեան պատճառով գոնէ վերջին երեսուն տարուայ ընթացքում որքա՞ն մարդ է մեկնել երկրից ու չի վերադարձել։ Հետեւաբար արտագաղթը կանգնեցնելու կարեւոր գործօններից է լաւ կառավարումը, արդարութեան հաստատումը, կաշառակերութեան վերացումը...։
***
Կլոպալացող աշխարհում, երբ համացանցը տալիս է հնարաւորութիւն արդէն տեսնել այլ աշխարհներ եւս, որտեղ չկայ պատերազմ, կեանքն աւելի ապահով է, որտեղ չկան յանպատրաստից գլխիդ ընկնող տրոններ ու արկեր, որտեղ կարելի է պարտադիր զինուորական ծառայութեան չուղարկել որդուդ ու չիմանալ՝ կու գայ՞ մինուճարդ, թէ ոչ, որտեղ գայթակղութիւններն այնքան շատ են ապահով կեանքի, մարդիկ անվերջ փորձում են ազատուել փակ սահմաներից։ Նրանք տեսնում են, որ կայ մէկ այլ աշխարհ, որտեղ սահմաններ չկան, ու քեզ չեն ուզում բնաջնջել քո ազգութեան համար, որտեղ կայ իրավիճակ, երբ կարող ես առանց ծանօթութեան նաեւ աշխատանք ունենալ, ունենալ շատ սովորական, կենսական պայմաններ ապրելու համար, ու ահա հայերը գնում են, որովհետեւ այս կարճ, իրապէս կարճ կեանքը չեն ցանկանում անցկացնել տառապանքի ու ցաւի մէջ։
Այնու ամենայնիւ, նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, որովհետեւ չեն ուզում գնալ եւ պատրաստ են ՀՀ համար զոհել կեանքը, նրանք են, որ դարեր շարունակ պահել են Հայաստանը։ Այս գիտակցուած ընտրութիւնն է, երբ հասկանում ես, որ այս կարճ, իրապէս կարճ կեանքը ոչինչ է, եթէ չկայ այն հողակտորը, որ մեզ համար հայրենիք է, ծննդավայր։
Այո, մարդիկ կան, որ յետ են գնում, սակայն եկողների ու մեկնողների համեմատութիւնը եկողների օգտին չէ։
Այո, արտագաղթն անկասելի է, բայց արդեօք այն խոռոչը, որ գոյանում է հայերիս ներսում երկրից հեռանալով, երբեւէ լցւու՞մ է, ի վերջոյ, հեռացողներից շատերը, առաջին սերունդը գոնէ, լիարժէք երջանիկ չի կարող լինել, հնարաւոր չէ, որովհետեւ անընդհատ կիսատութիւնը, կարօտը չի լցւում, սակայն, այնուամենայնիւ, խզումը կատարւում է։ Սկզբում դու մեծ դատարկութիւն ես զգում, յետոյ աստիճանաբար սովորում ես, յարմարւում, սկսում ես մտածել օտար լեզուով, յետոյ...։ Յետոյ գալիս է առանց երգի նահանջելու պահը, եւ խզումն այլեւս անկասելի է, հետեւաբար երկրից գնալը, դրսում ապրելն իրականում ընտրութեան հարց է։ Լաւագոյն տարբերակում Հայաստանի համար հայերին իրենց երկրում պահելն է, այն երկրում, որտեղ ստիպուած չես լինի կեանքի ու մահուան ընտրութիւն կատարել, որտեղ հնարաւոր է զարգանալ, կայանալ, որտեղ ապագայ իրօք կայ, ոչ թէ նախընտրական կարգախօս է միայն...։
Արտագաղթը կանգնեցնելու, այնուհետեւ հայրենադարձութեան համար ամենակարեւոր նախապայմանն անվտանգութիւնն է, յետո՝յ սոցիալ-տնտեսական-իրաւական համակարգի բարելաւոււմը, դրանց կայացումը։
Անշուշտ, հնարաւոր չէ դրան միանգամից հասնել, սակայն հնարաւոր չէ նաեւ առանց դրա, մենք գոնէ պէտք է ճանապարհային քարտէզ ունենանք դրանց հասնելու համար, եւ սփիւռքն այդ քարտէզը գծագրողներից մէկը պէտք է լինի, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր իրենց ազգային ինքնութեամբ հայեր են իրենց համարում, նրանք բոլորը Հայաստանն իրենց տունն են համարում, ու պէտք է անվերջ, անդադար Հայաստանը զօրացնելու, ապագայ ունեցող երկիր դարձնելու լուծումներ ու միջոցներ փնտռեն։
Հակառակ դէպքում օտար ափերում շարունակելու ենք հայրենիք փնտռել, կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, յուշակոթողներ, պանդխտութեան մասին երգեր ստեղծել, այնքան, մինչեւ կա՛մ երկիր չունենանք, կա՛մ մենք մեր ունեցածին տէր լինենք։
Այլ լուծում դեռեւս չկայ։