ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
(Սեն Ռաֆայէլ)
«Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք
հաւասարապէս պատկանում
են նաեւ մեզ.
եւ նկատում ենք այն,
ինչ ունենք ինքներս»։
Թորօ
Հայրենի մամուլը գրում է«Ընդամէնը երեկ էր, որ Մայր Աթոռը յայտարարութիւն տարածեց եւ ողջունեց Նիկոլ Փաշինեանի՝ հոգեւոր առաջնորդների հետ երկխօսութիւն սկսելու առաջարկը։ Յայտարարութեան մէջ նաեւ նշուած էր որ եկեղեցին կողմ է եւ ամէն ինչ անելու է հանրային համերաշխութիւն ապահովելու համար»։ Խօսքի կշիռն ու իմաստը լիարժէք հասկանալով անհնար է հարց չտալ թէ, ի՞նչ անհամերաշխութիւն կարող է լինել եկեղեցւոյ եւ իշխանութեան միջեւ, եթէ իւրաքանչիւրը զբաղուի իր գործով եւ աւելորդ չէ յիշեցնել, որ մեր պատկառելի երկու կաթողիկոսները բազմից չվարանեցին իրենց ենթակայ կառոյցներով շեշտադրել՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտութիւնը, ի սփիւռս աշխարհի, որոնց շարքին յատուկ մոլեռանդ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը այս առաւօտ իր, ֆէյսպուքի էջում գրել է. « Էրմինիստանը յաղթեց Հայաստանին»։ Ի՞նչ ամօթ եւ անկիրթ ստորութիւն երբ արքեպիսկոպոսը -այատոլահին արժանի բառապաշար է գործածում իր թեմին կամ հոտին որակելու եւ թերեւս զարմանալի չէ, քանի որ նոյն անձը վարչապետի այցելութեան ընթացքին չէր ցանկացել ողջոյնին պատասխանել եւ ստիպել էր լքել եկեղեցին։ Փաստօրէն այ՛ս ի՛ր կոչումին անարժան հոգեւորականը խնդիրներ ունի իր իսկ բարոյական կեցուածքի հետ, կամ իր վերադաս ամենայն հայոցի կոչին յարմարուելու միտում չունի, ուրեմն նրա հրաժարականի պահանջը իրաւացի է։
Գրեթէ վստահ եմ որ այս չարիքը եզակի չէ ...աւաղ։ Պատկերը նոյնն է Անթիլիասում քանի որ այդ հաստատութեան միաբանները տարբեր երկրներից միաբերան վարչապետի անյապաղ հրաժարականը պահանջեցին եւ կարծում եմ այժմ որոշ ետ քայլ եւ շտկումներ անելը ոչ միայն աւելորդ չէ՝ այլ պարտադիր։ Յիշեցնեմ, որ դիւանապետ Արշակ եպս. Խաչատրեանը յօդուածներով եւ հարցազրոյցներով ապականեց իր կարգը։ Այն էլ ասենք որ այնտեղից ընտրութիւնների առիթով դեռ արձագանգ չի եղել թերեւս սպասում են Քոչարեանի կամ նրա դաշնակիցների հրահանգին։ Ո՞վ գիտի. ինչե՞ր ենք տեսել եւ դեռ կը տեսնենք։
Կարեւոր մի երեւոյթի մասին կ՚ուզեմ ահազանգել մեր ընթերցողին, հասարակայնութեանը եւ մասնաւորապէս նոր գործի անցնող պետական գործիչներին, որ 54 տոկաս քուէատուփերի նիշով բոլոր խնդիրները չեն լուծուում ինքնաբերաբար քանզի, հաստատուած իրականութիւն է բազմաթիւ երկրներում, որ օրինական պաշտօնեաների հետ՝ նրանց կողքին տեղաւորւում են անհատներ, երբեմն անշուք եւ անդէմ, բայց նպատակային եւ ժամանակի ընթացքին կազմում են «Խորքային իշխանութիւն» (Etat profond) երեւոյթը, որ յատուկ է արեւմտեան շատ երկրներին եւ ժամանակին ռուսները նրանց անուանում էին չինովնիկներ։ Նրանք հինգերորդ շարասիւն չեն, բայց երբեմն եղած հրահանգները չեն կատարում կամ անում են իրենց հայեցողութեամբ։ Դրա փայլուն օրինակն է մեր երկրում դատական համակարգը, որի կողքին կարելի է յիշել նաեւ բանակի սպայակոյտի դէպքերը վերջին պատերազմում եւ վերջապէս իր տեղը դեռ չգտած ՍԴ-ը։
Գովելի էր եւ բովանդակալից Փաշինեանի առաջարկը վերջ տալ թշնամական հայհոյանքներին եւ զանազան ամբաստանութիւններին, եղած ներուժը համախմբել մեր առջեւ դրուած դժուար լուծելի խնդիրներին դիմակայելու եւ այդ նպատակով նա խորհրդարանից դուրս մնացած ուժերի ղեկավարների հետ է հանդիպում, բայց ի՞նչ կը լինի նրանց պատասխանը գուշակելի չէ, մի բան յայտնի է որ ոչ մէկը պատրաստ է հրաժարուել իր պատգամաւորի վիճակից եւ եթէ ընտրութիւնների ընթացքը եւ աւարտը մի ձեւով ցանկանանք ամփոփել, ապա ակնառու է որ, շատ լարուած, եթէ չասենք բիրտ ու թշնամական էին վերջին 10 օրերը։ Բացակայ էին միայն զէնքեր, բայց իրար յօշոտելու ցանկութիւնը առկայ էր։
Եղաւ ինչ պիտի լինէր, որ անսպասելի էր նախկինների համար, որ ջանք չէին խնայել յաղթելու համար, բայց մեր հասարակայնութիւնը՝ պետութիւնը գրաւելու փորձերը իմաստօրէն դուրս շպրտեց։ Անհասկանալի մի երեւոյթ, որ չեմ կարողանում ըմբռնել, այն է թէ իր աւազակութեամբ յագեցած անցեալով հանդերձ ինչպէ՞ս է. որ դեռ կան հայրենակիցներ, որ ողբում են Քոչարեանի ձախողումը, ո՞րն է նրա հմայքն ու հրապոյրը երբ մոսկուաբնակ պիղծ հայատեաց լրագրողուհի Մարգարիտա Սիմոնեանը ֆէյսպուքի իր էջում գրել է. «Առաջադէմ հասարակութիւնը հարցնում է, թէ ինչու ոչինչ չեմ գրում հայաստանեան ընտրութիւնների մասին։ Ի՞նչ գրեմ, որ իսպանական ամո՞թ եմ զգում»։ Եթէ լուսահոգի մայրս լինէր պիտի ասէր. «Վարնոց, մենք հայկական ամօթ ենք զգում, որ դու եւ քո նմանները կան»։ Նման մէկ ուրիշ մամուլի աղբանոցում քչփորող, ի՛ր «Մեդիափորձագէտ պլոգեր» տիտղոսով, որ այդպիսին գոյութիւն չունի, Տիգրան Քոչարեանը, որ նոյնիսկ անսխալ հայերէն չգիտի տեսիլքի մէջ գրում է՝ «Ռոբերտ Քոչարեանը փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարութիւն վերցնելը»։ Ուշագրաւ է այն երեւոյթը թէ ՞ նման մոլախոտեր որտե՞ղ են ծնուում, մեծանում եւ դաստիարակուում եւ ի՞նչ է նրանց ուզածը, որի պատասխանը Չարենցը գրել է դեռ 1929-ին՝
«...Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
Անկում էք կարդում իմ նոր աշխարհին։
Օ., դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի յետին քուրջում
Կծկուած՝ արդեօք կարո՞ղ էք տեսնել,
Թէ ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում...»։
Համոզմունքս է որ այլախոհութիւնը սխալ չլինելով երկրի համար բարիք է եւ մտաւոր հարստութիւն, բայց կուրօրէն կառչել աւազակապետութեան սկզբունքներին եւ այն գովերգել ուրիշ անուն չունի՝ քան ստոր դաւաճանութիւն եւ հեռու է այլախոհի իմաստից։