ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Երբեմն կորչում է ինքնավստահութիւնս, թերարժէքութիւնս գլուխ է բարձրացնում։ Բայց ես ունեմ մի հրաշագործ բան, որի մասին ոչ ոք չգիտի։ Ես ունեմ հոգու հայելի, հանում եմ այն բոլորից թաքուն, նայում ու հասկանում, որ նախանձն ու չարութիւնը դեռեւս ինձ չեն պատել, եւ նորից թաքցնում եմ հոգուս հայելին։ Հէնց այդ պահին ես զգում եմ ինձ ամենագեղեցիկը։
Սիրելի՚ աղջիկներ, բոլորդ ունեցէք այն, նրա մէջ ձեզ յաճախ նայէք, զգո՛ւյշ եւ խնամքով պահպանէք եւ երբեք չկորցնէք»։
Մոնիքա Գրիգորեան
Մայիսի 17-ին Մայամիում տեղի կ՚ունենայ «Միսս տիեզերք» ամենահեղինակաւոր գեղեցկութեան մրցոյթը, որին մասնակցում են աշխարհի 4 ծագերի գեղեցկուհիները։ Հայաստանն այդ մրցոյթում ներկայացնում է վանաձորցի չքնաղագեղ հայուհին՝ 21-ամեայ Մոնիքա Գրիգորեանը։
Յարգելի Մոնիքա, Հայաստանը ներկայացնում էք նմանօրինակ մրցոյթում Արցախի աղէտալի պատերազմից յետոյ, երբ յատկապէս փորձում են մեզ պարտուողի պիտակ փակցնել, արդեօ՞ք դժուար չէ։
Հաւատացած եղէք, ինձ համար հեշտ չէր ընդունել այս առաջարկը, բայց հայի սիրտն ու կամքը անկոտրում է եղել ու պիտի մնայ այդպիսին։ Մենք միշտ պայքարող ու չընկճուող ազգ ենք եղել, ուստի ես պատրաստ եմ վերստին ծածանել մեր եռագոյնը այսպիսի հեղինակաւոր միջազգային մրցոյթում։ Ներեցէք, ես համաձայն չեմ այն պիտակի հետ, թէ մենք պարտուած երկիր ենք։ Ինչպէ՜ս կարելի է պարտուած համարել այն երկրի ժողովրդին, որի զաւակները մինչեւ վերջին փամփուշտը պայքարել են մեր գոյութեան համար։ Ես մեզ համարում եմ յաղթանակած եւ հպարտանում եմ մեր հերոս եղբայրներով։ Եթէ այս հարցը ինձ ուղղէիք նախկինում, ես այլ կերպ կը պատասխանէի։
Իմ աչքերով այնքա՜ն ցաւ տեսայ, շա՜տ ցաւ տեսայ, եւ հիմա այս մրցոյթը շատ եմ կարեւորում։ Աւելին՝ այս ամէնը խօսում է այն մասին, որ հայ կինը անցել է դժուար փորձութիւնների միջով, բայց միեւնոյն ժամանակ չի կորցրել իր հմայքն ու կանացիութիւնը։
Առհասարակ ի՞նչ խորհուրդ ունի այս մրցոյթը գեղեցկուհի Մոնիքայի համար։
Գեղեցկութեան մասին խօսելիս շատերը մտածում են ֆիզիքական գեղեցկութեան մասին, բայց ինձ համար գեղեցկութիւնը շատ աւելի խորը հասկացութիւն է։ Գեղեցիկ ասելով ես հասկանում եմ նախ եւ առաջ հոգու գեղեցկութիւնը։ Գեղեցիկի չափանիշները ժամանակի ընթացքում փոխւում են։ Այդ պատճառով ես առաջնայինը համարում եմ ներքին գեղեցկութիւնը, որն իր մէջ ներառում է անհատականութիւնը, քաղաքավարութիւնը, նրբագեղութիւնը, ազնուութիւնը։ Մրցոյթը հնարաւորութիւն է տալիս այդ մասին բարձրաձայնել...։
Երբ Դոստոեւսկին ասում էր, թէ «գեղեցկութիւնը կը փրկի աշխարհը», ի՞նչ նկատի ունէր։ Կը փրկուի՞ աշխարհը «գեղեցկութեամբ…»
Ըստ զիս՝ նա ոչ թէ նկատի ունէր տեսանելի գեղեցկութիւնը, այլ բարութիւնը, մաքրութիւնը, սրբութիւնը, եթէ այս ամէնը լինի՝ աշխարհը պարզ ու մաքուր, հետեւաբար գեղեցիկ կը լինի։
Եւ վերջապէս չէին լինի պատերազմներ։ Մաղթում եմ, որ աշխարհում էլ երբե՛ք պատերազմներ չլինեն, որ էլ երբե՛ք երախաները վախից չթաքնուեն աշխարհից...
Իբրեւ ազգ՝ մենք միշտ էլ հպարտացել ենք մեր միասնականութեամբ եւ մեր անսահման սիրով դէպի հայրենիքը։ Մարդիկ տարբեր ժամանակահատուածներում էլ ձգտել են հաւասարութեան, արդարութեան։ Եթէ լինի առաջինը, ապա կը լինի երկրորդը։ Ես մեծ յոյս ունեմ, որ կորսուած արդարութիւնը կը վերականգնուի, եթէ աշխարհում թագաւորի գեղեցիկ հոգին...։