ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Թարգմանչի առաքելութիւնը միջմշակութային, միջազգային, միջպետական կամուրջներ ստեղծելն է, բայց առանց վնասելու՝ ինչպէս Հիպոկրատն էր պահանջում բժիշկներից։ Այսինքն՝ թարգմանութեամբ չաղճատելով այն, ինչ ասուած է բնագրում. ո՛չ սեփական ընկալումները յաւելել, ո՛չ էլ տողատակերի մտքերը անտեսել։ Դա, ի հարկէ, այնքան էլ հեշտ բան չէ եւ մշտական ջանք ու սեփական աշխատանքի նկատմամբ լուրջ եւ ուշադիր վերաբերմունք է պահանջում»։
Նարինէ Թադեւոսեան
Եթէ չլինէին թարգմանիչները, շատ աղքատ կը լինէինք՝ զուրկ տարատեսակ հաղորդակցութիւններից։ Թարգմանչուհի Նարինէ Թադեւոսեանի հետ զրուցեցինք մասնագիտական ճանապարհի յայտնի եւ անյայտ կողմերի, թարգմանչի մասնագիտութեան կարեւորութեան եւ առաքելութեան մասին։
Յարգելի Նարինէ, ինչպէ՞ս ընտրեցիք ձեր մասնագիտութիւնը, ի՞նչ երազանքներ ունէիք եւ որտե՞ղ յայտնուեցիք այսօր։
Անշուշտ, թարգմանութիւնների դերն այսօրուայ աշխարհում թերեւս դժուար է գերագնահատել։ Բայց ես, ըստ էութեան, երբեք չեմ երազել թարգմանիչ դառնալու մասին։ Աւելին, երբ դպրոցում գերմաներէնի ուսուցչուհիս առաջարկեց ընդունուել Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարան, կտրականապէս հրաժարուեցի, որովհետեւ երազում էի հոգեբան դառնալ։ Եւ դարձայ։ Բայց այնպէս ստացուեց, որ ԵՊՀ-ում հոգեբանութեան բաժնի բակալաւրիատն աւարտելուց յետոյ ուսումս չշարունակեցի մագիստրատուրայում։ Եւ մինչ երազում էի յաջորդ տարի մագիստրատուրա ընդունուելու մասին, սկսեցի հետաքրքրուել հայերէնի բարբառների օտար բառերով։ Ինչպէս յետոյ պարզեցի՝ դրանք թուրքերէն եւ մասամբ նաեւ քրդերէն փոխառութիւններ էին։ Աստիճանաբար այնքան տարուեցի այդ «պեղումներով», որ ամիսներ յետոյ արդէն թուրքերէնի «չդիպլոմաւորուած մասնագետ» էի։
Որոշ ժամանակ անց ընդունուեցի ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան բաժնի մագիստրատուրա՝ օսմանագիտութիւն մասնագիտացմամբ։ Մագիստրատուրայում սովորելու ընթացքում ստացայ առաջին լուրջ թարգմանչական պատուերս. թուրքերէնից հայերէն պիտի թարգմանէի «Ezel» հեռուստասերիալի սցենարը, որը պիտի նոր ֆիլմի հիմք դառնար։ Դա գրեթէ 10 տարի առաջ էր։ Ինձ համար դա հրաշալի թարգմանական փորձ էր եւ կենդանի լեզուի հետ առնչուելու, լեզուն իր բնական դինամիկայի մէջ ուսումնասիրելու շատ լաւ հնարաւորութիւն։ Դրանից յետոյ սկսեցի աշխատել թարգմանչական գրասենեակների, կայքերի հետ, կատարել իրաւաբանական եւ այլ ամենատարբեր թարգմանութիւններ։ Այսօր ես ոչ միայն թուրքերէնի, այլեւ ռուսերէնի եւ գերմաներէնի որակաւորուած թարգմանիչ եմ՝ նոտարական եւ դատաիրավական գործողութիւններին մասնակցելու իրաւունքով։
Թարգմանչական աշխատանքի ամբողջ ընթացքը կարելի՞ է համարել այդ օտար լեզուի էութիւնը, խորքը զգալու, այն անընդհատ պեղելու եւ բացայայտելու կարողութեանը զուգընթաց նաեւ այդ լեզուն իր ողջ փայլով ի ցոյց դնել կարողանալը։
Այո, շատ գեղեցիկ էք նկարագրել։ Ես կ՚աւելացնէի միայն, որ այդ օտար լեզուն հնարաւորինս լաւ զգալու եւ ճիշդ վերարտադրելու համար առաջին հերթին պէտք է ձգտել համակարգուած եւ հարուստ գիտելիքներ ունենալ սեփական մայրենի լեզուի վերաբերեալ, որովհետեւ հնարաւոր չէ որեւէ օտար լեզուի տիրապետել աւելի լաւ, քան մայրենիին կամ աւելի գեղեցիկ տեքստեր ստեղծել օտար լեզուով, քան կարող ենք ստեղծել մեր հարազատ լեզուով։ Իսկ յետոյ պէտք է արդէն անդադար կատարելագործել օտար լեզուի իմացութիւնը, որովհետեւ այդտեղ իրօք սահմաններ չկան։ Անգամ բուն թարգմանութեան գործընթացը պիտի դիտարկել որպէս ինչ-որ նոր բան սովորելու հնարաւորութիւն։ Յայտնի փաստ է՝ ոչ մի օտար լեզուի երբեք չենք կարող կատարելապէս տիրապետել, առաւել եւս, եթէ ինչ-որ պահի ընդհանրապէս դադարենք համալրել այդ լեզուի մեր գիտելիքները։
Դուք թարգմանել էք Ժաքլին Չելիքի «Զայրոյթի խրախճանք»։ Է՞լ ինչ ստեղծագործութիւններ էք թարգմանել կամ այս պահին ի՞նչ էք թարգմանում։
-«Զայրոյթի խրախճանքից» առաջ մի փոքրիկ էքսպերիմենտալ աշխատարանի ընթացքում հայերէն թարգմանուեց Պիրկիւլ Օղուզի «Հահ»-ը։ Ես գրքի 7 թարգմանիչներից մէկն էի։ Դրանից յետոյ առաջարկ ստացայ թարգմանելու Գարին Գարագաշլըի մանկական գրքերից մէկը։ Այն առայժմ չի հրատարակուել, բայց յուսով եմ, որ ստիպուած չենք լինի երկար սպասել։ Բացի այդ, կան նաեւ մի քանի այլ գրքեր՝ եւ՚ ընթացիկ, եւ՚ աւարտուած, որոնց մասին այս պահին դեռ խօսել չէի ցանկանայ։ Բայց յառաջիկայ շաբաթների ընթացքում, կարծում եմ, այդ գրքերից առնուազն մէկ-երկուսը կը տպագրուեն։ Շատ իւրայատուկ գրքեր են բոլորն էլ, վստահ եմ, որ ընթերցողներին էլ շատ կը հետաքրքրեն։
Համավարակը, պատերազմը եւ այդ օրերին աշխատանքը, որը փոխադրուեց տնային տիրոյթ, ընտանեկան կեանքի հետ ինչպէ՞ս կարողացաք համատեղել։ Մայրիկ թարգմանիչը... համեղ հացերն ու կարկանդակները, Միքայէլի հետ կեանքը՝ աշխարհից մեկուսացած։
Համավարակն իրականում մեծ փոփոխութիւն չմտցրեց իմ աշխատանքային կրաֆիքի մէջ, քանի որ թարգմանչութիւնը վերջին հաշուով նստակեաց աշխատանք է, եւ առանձնապէս մեծ կարեւորութիւն չունի, տա՞նն ես դու համակարգչի առջեւ նստած, թէ՞ աշխատավայրում։ Նոյնը չեմ կարող ասել, ի հարկէ, պատերազմի մասին. ես միշտ սիրել եմ բուն թարգմանութեան գործընթացը, այն լեզուները, որոնցով աշխատում եմ, բայց պատերազմի ընթացքում հասկանալի պատճառներով չէի կարողանում անգամ մէկ տող թուրքերէն կարդալ, թարգմանել՝ առաւել եւս... բառերը համարեա ֆիզիկական ցաւ էին պատճառում... Այդ ներքին կոնֆլիկտը իմ եւ մասնագիտութեանս միջեւ դեռ մինչեւ հիմա էլ լիովին չի հարթուել...
Գալով որդուս՝ նա ծնուած օրից իմ բոլոր թարգմանչական նախաձեռնութիւնների անբաժան մասն է։ Նա ինձ հետ մասնակցել է գրական թարգմանիչների մէկ շաբաթեայ սեմինարին, երբ դեռ երեք տարեկան չկար՝ գիտական սեմինարին իր յայտնուելով առաջին պահին թեթեւ շոկ առաջացնելով միւս մասնակիցների մօտ։ Նա նաեւ միշտ ուղեկցում է ինձ ամենուր, երբ բանաւոր թարգմանութեան հրաւէր եմ ունենում։ Դա կենսակերպ է դարձել ու որպէս դժուարութիւն էլ չենք ընկալում։ Դէ իսկ հացաբուլկեղէնի արարման գործընթացը հրաշալի միջոց է՝ մի փոքր կտրուելու գերլարուած մտաւոր աշխատանքից։ Այս գործում արդէն իմ հիմնական պատուիրատուն Միքայէլն է։