ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
«Լաւագոյնն այն կեանքն էր, որ ապրել էինք, որ մնաց անցեալում՝ մինչեւ պատերազմի կեանքը։ «Ներկան անգոյ է, անցեալն՝ անորոշ, գալիքն՝ անստոյգ», ասում էր Նարեկացին։ Ասում էր նաեւ մեզ համար։ Աղօթենք Աստծուն, աղօթենք, որ չկորցնենք ամենակարեւորը՝ մեր հայրենիքը»։
Սօսի Խանիկեան
2020 թուականի Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի պատերազմի ուրուականը մեզ բռնի պարտադրում է, որ մահուան ու ցաւի հետ ընկերանանք։ Ծանր ձմեռն անցաւ, սակայն գարնանային մանուշակների ու շուշանների բուրմունքը է՛լ առաջուանը չէ, ասես յօդս է ցնդել, քանզի օդի մէջ ծանրացել են մահուան բօթերը, հազար ու մի հոգսերից ծնուած հառաչանքները, տագնապները։ Այս արհաւիրքից յետոյ ինչպէ՞ս չծնկել, ուրախանալ, ժպտալ, շարունակել պայքարել ու ապրել...։
Ուրախանո՛ւմ ենք, երբ անյայտ կորածների դիերի մասունքներն են յայտնաբերւում, երբ անդամահատուած զինուորը ողջ է մնում, երբ որեւէ մէկին օգնութեան ձեռք ենք մեկնում, նրա հետ սգում իր վիշտը։
Ուրախացա՛նք, երբ Մարալը վերադարձաւ գերութիւնից, տառապեցի՛նք, երբ մտովի յայտնուեցինք նրա սահմռկեցուցիչ բանտախցում։ Մարալի հետ մեր աչքերն էլ թռչունների ազատութեանը կարօտով նայեցին...։
Մեր լոյս-տղաները ամէն վայրկեան սպանուեցին, նրանք մահուան արահետով մէկիկ-մէկիկ հեռացան իրենց սիրելիներից, հեռացան տառապանքով ու տառապանք թողնելով։ Այժմ նրանք երկնային քաղաքում են բնակութիւն հաստատել՝ հեռու ամէն տեսակ աղմուկից։ Այդ մե՛նք ենք, որ մնացինք աղմուկի ու ցաւի մէջ՝ «Արցախ» երգը մեր սրտերում.
«Աշխարհի համար դու հարց չլուծուած,
Մեզ համար պարգեւ, որ տուեց Աստուած։
Մեր արիւն, արցունք ու մեր յաղթանակ,
Արցա՛խ, հայի տուն, մեր պայքար շիտակ...»
Արցախի պատերազմի օրերին պայքարի խորհրդանիշ դարձած Սեւակ Խանաղեանի «Արցախ» երգը դարձաւ համայն հայութեան սրտի ձայնը։ Քչերը գիտեն, որ երգի խօսքերի հեղինակը լրագրող, սցենարիստ Սօսի Խանիկեանն է։
Սօսի՛ն էլ անմահացաւ՝ մեր սրտերում դրոշմելով բռունցքաչափ հայրենիքին տէր կանգնելու պատգամը։
Սօսին ու տասնեակ հազարաւոր պատերազմի զոհերը հիմա երկնքից են հայրենիքը պաշտպանում, նրանք մեր հրեշտակներն են, նրանք մեզանից մի քայլ առաջ են։
Այդ մե՛նք ենք, որ մի օր միանալու ենք նրանց։ Ինչպէս Սօսին է ասել՝
Աղօթենք Աստծուն, աղօթենք, որ չկորցնենք ամենակարեւորը՝ մեր հայրենիքը...։
Յ.Գ. Տեղեկացնենք, որ Երեւանի Բաղրամեան պողոտայում Մարտի 1-ի երեկոյեան գրանցուած ողբերգական վրաերթի հետեւանքով մահացել է 35-ամեայ լրագրող Սօսի Խանիկեանը։ Նա Երեւանին նուիրուած «Քաղաքը» ֆիլմաշարի հեղինակն ու սցենարիստն էր, նաեւ 2019 թուականին Կոմիտաս վարդապետի ծննդեան 150 ամեակին նուիրուած «Վարդապետը» փաստավաւերագրական ֆիլմի սցենարիստն ու խմբագիրը։ Սօսին աշխատում էր «Կալաքսի» ընկերութիւնների խմբում՝ որպէս բովանդակութեան եւ ստեղծարար ծրագրերի ղեկավար։ Այդ քնքուշ սեւահերը տիկին Էսթեր Խանիկեանի մինուճար դուստրն էր։ Աստուած մխիթարի նրան եւ բոլոր որդեկորոյս մայրիկներին։