ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Հարցազրոյց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութիւն ամպիոնի դոցենտ, եզդի գրող Թերեզա Ամրեանի հետ։ Տեղեկացնենք, որ վերջերս լոյս է տեսել գրողի առաջին վէպը՝ «Այն եզդի կնոջ ճամբրուկը»։ Նախատեսւում է վէպի ռուսերէն, եզդիերէն, անգլերէն թարգմանութիւնը (յետագայում այլ լեզուներով եւս կը թարգմանուի)։
-Յարգելի՛ Թերեզա, այն եզդի կինը ինչե՞ր է ամբարել իր ճամբրուկում եւ ինչո՞ւ հէնց ճամբրուկում։ Ի՞նչ մտորումներ են խտացած գրքում։
-Գրքում եզդի կնոջ կեանքի տարբեր ուղիներն են, տարբեր ճակատագրերը։ Հերոսուհին ճամբրուկի մէջ տանում է իր մեծ մայրերի, եզդի եւ ոչ եզդի քոյրերի ուրախութիւններն ու տխրութիւնները, մի կողմից՝ կողոպտուող, միւս կողմից՝ համալրուող հարստութիւնը։ Կարծում եմ՝ իւրաքանչիւր ընթերցող իւրովի կ՚ընկալի կամ կը մեկնաբանի, թէ ինչու է այդ ամէնը տեղաւորուել հէնց ճամբրուկի մէջ։
-Իբրեւ Հայաստանի եզդիական համայնքի մտաւորական՝ ինչպէ՞ս էք գնահատում երկրում ազգային փոքրամասնութիւնների՝ մասնաւորապէս եզդիների հանդէպ պետութեան ու հանրութեան վերաբերմունքը։ Ինքնութեան պահպանման ճանապարհն ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնութիւնների համար։
-Հայաստանում պետութեան եւ եզդիների վերաբերմունքը միմեանց նկատմամբ բաւական ջերմ է։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից, անընդհատ վերափոխուող աշխարհում ազգային փոքրամասնութիւնների համար յաճախ այդքան էլ հեշտ չէ պահպանել ինքնութիւնը։ Եթէ ուզում ես անաղարտ պահել քո ազգային դիմագիծը, ստիպուած ես մեծ ներդրում կատարել. հարկաւոր է շատ մեծ սէր ներդնել։ Կարծում եմ՝ եզդիական համայնքի ինքնութեան պահպանմանը նպաստող ամենակարեւոր հանգամանքներից են յատկապէս երիտասարդների շրջանում մայրենի լեզուի լաւ իմացութիւնն ու կիրառումը, ինչպէս նաեւ կրօնի, աւանդոյթների մասին գիտելիքները։ Այս հարցում մեծ գործ ունեն անելու ուսեալ մարդիկ, մտաւորականները. ի հարկէ, կարող է անփոխարինելի լինել նաեւ եզդի հոգեւորականների դերը, քանի որ եզդիական ինքնութեան հարցում շատ կարեւոր է կրօնական ինքնութեան բաղադրիչը։
-Եզդիական համայնքի համար կրթութեան ոլորտն ի՞նչ մարտահրաւէրներով է լի. ինչպէ՞ս է կազմակերպւում կրթական գործընթացը դպրոցից մինչեւ համալսարան։
-Կրթական գործընթացը ինչպէս եզդի, այնպէս էլ ոչ եզդի աշակերտների համար գրեթէ նոյն կերպ է կազմակերպւում։ Մարտահրաւէրներից մէկն այն է, որ շատերը տարբեր պատճառներով ստիպուած են կիսատ թողնել ուսումը։ Մի ուրիշ խնդիր է եզդի աշակերտներին մայրենի լեզուն դասաւանդող եզդի մանկավարժների պակասը։
-Տպաւորիչ է նաեւ ձեր՝ «Խատունի Թուրքական Ոսկեղէնը» պատմուածքը, որտեղ նաեւ եզդի կանանց վաղ ամուսնութեանն էք անդրադառնում՝ ներկայացնելով 15-ամեայ հարսնացու, մանկամարդ Խատունի պատմութիւնը։ Երեկ եւ արդէն այսօր ի՞նչ է փոխուել եզդի կնոջ կեանքում (ցեղասպանութիւններից մինչեւ խաղաղ օրեր)։
-«Խատունի Թուրքական Ոսկեղէնը» պատմուածքում առկայ է վաղ ամուսնութեան խնդիր, որը մեր տարածաշրջանի շատ աղջիկների կարող է զրկել կրթութիւն, մասնագիտութիւն ստանալու հնարաւորութիւնից. պատմուածքում նաեւ սոցիալական հարցեր են, կայ դաւաճանութեան թեմայ, տարագրութեան, արտագաղթի թեմայ եւ այլն։ Յաճախ մուսուլմանները սխալ են մեկնաբանել եզդիների կրօնը, եզդիներին համարել են սատանայապաշտ, փորձել են կրօնափոխ անել։ Եզդիները չեն հրաժարուել իրենց կրօնից եւ այդ պատճառով բազմիցս կոտորածների են ենթարկուել, ցեղասպանուել։
Փոփոխութիւններ, ի հարկէ, միշտ են տեղի ունենում, բայց այդ փոփոխութիւնները բաւական դանդաղ են ընթանում։
«Երբ փոքր էի, ժամանակ առ ժամանակ հոգեւորականը հիւր էր գալիս մեզ. նա Հայոց ցեղասպանութիւնից առաջ ծնուել էր Սուրմալուի եզդիական գիւղերից մէկում եւ երբեք չէր եղել Իրաքում։ Այս հոգեւորականը, սակայն, պատմում էր, Լալիշի ու Սինջարի մասին, ասում էր, որ Մոսուլը շքեղ քաղաք է, որտեղ մեծ ու հարուստ շուկայ կայ։ Նա ասում էր, որ Մոսուլում կան սիրուն տներ, շքեղ, կանաչ պարտէզներ։ Պապիկիս հետ զրուցելիս այդ եզդի հոգեւորականն այնքան մանրամասն էր նկարագրում Սինջարի լեռները, այնտեղի ծաղկուն եզդիական գիւղերը, եզդիական սրբատեղիները, դրանց մօտ աճող սուրբ ծառերը, որ թւում էր՝ հէնց նոր է Սինջարից եկել։ Բնօրրանից հեռու ծնուած եւ մեծացած եզդիները կարօտել են հայրենի եզերքը, որը չեն տեսել իրենց աչքերով»։
Հատուած Թերեզա Ամրեանի
«Այն եզդի կնոջ ճամբրուկը» գրքից