ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Միշտ փորձում եմ անխնայ սիրել ու նուիրել այդ սէրը բոլորին՝ վախենալով չուշանալ ամենօրեայ լուսաբացից։
Անի Ենգիբարեան
«Պատերազմի շունչն արդէն մեզ ծանօթ էր։ Ապրիլեանից յետոյ մշտապէս ներքին զգացում ունէի, որ մեր տարածաշրջանը այդ առումով ապահովագրուած չէ։ Երբ սկսուեց Տաւուշի պատերազմը, աշխատում էի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» հիւանդանոցում Covid-19-ով վարակուած հիւանդների հետ։ Իբրեւ հոգեբան՝ միշտ մասնագիտական ներուժով յայտնւում եմ այնտեղ, որտեղ ռիսկայնութիւնը բարձր է՝ մշտապէս զգալով ինձ առաջնորդող կարեւոր առաքելութիւնը՝օգնել ու աջակցել մարդկանց, որքան հնարաւոր է։
Տաւուշեան պատերազմի ժամանակ շտապ հոգեբանների խումբ հաւաքելու յայտարարութիւն տարածեցի, որպէսզի անմիջապէս լինենք այնտեղ եւ հոգեբանական աջակցութիւն ցուցաբերենք պատերազմից ահաբեկուած երախաներին, ծնողներին, տարեցներին։ Երկու հոգեբան՝ ես եւ Հայկուշ Դիլանեանը, մեր կամաւոր առաքելութիւնը կատարեցինք Տաւուշի ամենախոցելի սահմանամերձ գիւղերում՝ Այգեպար, Չինարի, հանդիպումներ ունեցանք Բերդում։ Հասցրեցինք աշխատանքներ իրականացնել նշուած բնակավայրերի բոլոր ընտանիքների հետ։ Աւելին՝ նպատակ ունէի նաեւ իրագործել «Առաջին հոգեբանական օգնութիւն ճգնաժամային իրավիճակներում» ծրագիրը, քանի որ մեզ մօտ այն բաց է։ Տաւուշեան դէպքերը կարծես աւելի մեղմ էին այն առումով, որ դադարը շուտ եղաւ, սակայն նոյնը չէի ասի Արցախեան այս պատերազմի համար։ Հոգեբանօրէն ապրումների ծանրութեան աստիճանն աւելի բարձր ու խոցելի էր, նոյնիսկ անյուսալի։ Արցախի պատերազմը սկսելուն պէս՝ մի քանի օր անց արդէն Լաչինում էի, յետոյ Ստեփանակերտում, որտեղ նորից նոյն առաքելութեամբ էի՝ ցուցաբերում էի հոգեբանական առաջին օգնութիւն պատերազմական գօտում գտնուող մարդկանց տարբեր խմբերի», մեզ հետ զրոյցում պատմում է հոգեբան Անի Ենգիբարեանը։ Տեղեկացնենք, որ Անին 13 տարի շարունակ իրականացնում է հոգեբանական բազմափրոֆիլ ծրագրեր ՀՀ-ի տարբեր շրջաններում։
-Յարգելի Անի, պատերազմի օրերին ինչե՞ր տպաւորուեցին ձեր յիշողութեան մէջ ապաստարաններից։
-Պատերազմի օրերին մի քանի օր եղայ ապաստարաններում, որտեղ գտնւում էին եւ՛ տարեցներ, եւ՛ երեխաներ, եւ՛ հաշմանդամութիւն ունեցող անձիք։ Երբ յայտնուեցի այնտեղ, առաջին տպաւորութիւնս այն էր, որ պէտք էր այնքան ուժեղ լինել, որ կարողանայիր այդ մարդկանց մօտ փոխել տրամադրութիւն։ Բաւականին դժուար էր յատկապէս այն պահը, երբ զրուցում ես ծնողների հետ, փորձում իրենց մէջ ուժեղացնել կամքը, յոյսը, սակայն յաջորդ քայլին տեղեկանում ես, որ ամուսինը կամ զաւակները զոհվել են։ Մարդկանց մօտ թարմացել էին Արցախեան առաջին պատերազմից մնացած ապրումները ու դրանց յաւելուել էին արդէն նորերը։ Ծանր ու լարուած մթնոլորտ էր ապաստարաններում, որովհետեւ ներսում կային տարեցներ ու երեխաներ։ Լաչինի ապաստարանում տեսայ երեխաների մեծ խմբեր՝ լարուած, վախեցած հայեացքներով։ Փորձում էի քաղցրաւենքի հիւրասիրել. նոյնիսկ վախենում էին վերցնել, երբեմն անկանոն լաց էին լինում, գոռում էին։
Յիշում եմ՝ Ստեփանակերտում Արման անունով մի երեխայի հետ նկարում էի ու զուգահեռ զրուցում՝ փորձելով դուրս բերել ներքին լարուածութիւնը։ Նկարեց հրեշտակ ու ասաց. «Ես քեզ եմ նկարել, որ դու գնաս իմ պապային ասես, թէ ես որտեղ եմ, ու նաեւ հրեշտակները շուտ պատերազմը վերջացնում են»։ Ապաստարաններից մէկում տեսայ նաեւ վիրաւոր զինուորների, եւ այդ ամէնը տեսնում էին երեխաները։
-Յետպատերազմեան շրջանում ի՞նչ աշխատանքներ էք իրականացնում։
-Պատերազմի օրերին եւ դադարից յետոյ եւ՛ հիւանդանոցներում, եւ՛ հիւանդանոցի պատերից դուրս իրականացնում եմ հոգեբանական աշխատանքներ վիրաւորների, զոհուածների եւ գերիների, ինչպէս նաեւ Արցախից տեղահանուածների ընտանիքների հետ։ Սեպտեմբերից մինչ օրս բացարձակապէս այս դաշտում եմ, եւ հիմնականում բոլորի մօտ հոգեթրաւմաթիկ վիճակ է։ Բաւականին բարդ աշխատանք է այն առումով, որ այն ենթադրում է անդադար եւ շարունակական աշխատանք, քանի որ հոգեթրաւմաթիկ իրողութիւնները խորքային են եւ այսօր թոյլ է այն յենակէտը, որը կարող է նրանց յուսադրել, օգնել կեանքի փլաններ կազմել, նպատակներ ունենալ։
Այս անգամ ես պատերազմը բացառապէս զգացի իմ մաշկի վրայ, ես այն տեսայ իմ աչքերով եւ ապրեցի զինուորի հոգով։ Պատերզամն ու խաղաղութիւնը կողք կողքի են գտնւում։ Պատերազմը գին ունի, որը, ցաւօք, մարդկային կորուստներն են։ Մարդու կեանքը անգնահատելի է, իսկ այդ կորուստը՝ անդառնալի։ Խաղաղութեան գինը կորցրածն ու ունեցածը պահելով է, իսկ դրա համար բոլորը պէտք է համախմբուեն մէկ գաղափարի շուրջ՝ հայրենիքի ու ցեղի շարունակութեան պահպանում։